Հայերեն   English   Русский  

Խաչատուրովի ներկայացուցիչը քաղաքագետից պահանջում է ասուլիսի միջոցով հերքում հրապարակել


  
դիտումներ: 332

Երևանի քաղաքի դատարանում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 30–ին մեկնարկեց Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստը,հաղորդում է news.am-ը։

Յուրի Խաչատուրովը դեռևս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Ըստ հայցվորի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտություններից մեկում Գրիգորյանը Խաչատուրովին ուղղակի մեղադրում է տարածքներ հանձնելու, այսինքն՝ դավաճանության համար։

Հրապարակված հարցազրույցում Գրիգորյանը մասնավորապես ասել էր.

«Տարածքներ հանձնելը լուրջ բան է։ Բոլորին պետք է ստուգել, ու ես առաջարկել եմ ԱԱԾ–ին բաց, հրապարակային ու հիմա էլ առաջարկում եմ ստուգել Խաչատուրովի հաշիվներն ու հարազատների հաշիվները վերջին ժամանակներում, քանի որ միամիտ չկա, հասկանում եք, թող չմտածեն մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքներ ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին...»։

Բեքմեզյանի խոսքով՝ բոլորը գիտեն, թե որքան զգայուն թեմա է Ապրիլյան պատերազմը և այդ հարցը շահարկելով, պատերազմական գործողությունների հետ կապված սուտ հայտարարություններ անելով հասարակության կողմից բացասական վերաբերմունք է ձևավորվում Խաչատուրովի նկատմամբ։

Մեկ այլ արտահայտությամբ էլ՝ պատասխանողը փաստում է, որ գեներալները, որոնց պարտականությունը բանակը ղեկավարելն է՝ իրենց տեղերում չեն եղել և չեն իրականացրել իրենց պարտականությունները։

Գրիգորյանի կողմից արված արտահայտությունը հետևյալն է. «Մի քանի գեներալներ կամ չեն եղել տեղում կամ իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, չգիտեմ տարբեր տեղերում են եղել և արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները»։

Ըստ փաստաբանի՝ նման մեղադրանքի ներկայացումը, որպես փաստ էլ ավելի է արատավորում Խաչատուրովի պատիվն ու արժանապատվությունը, հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի օրերին ունեցած մարդկային և տարածքային կորուստները։

«Արտահայտություններից ստացվում է, որ պատասխանողն այդ զոհերի համար մեղադրում է Խաչատուրովին և մյուս գեներալներին, քանի որ նրանք պարտավոր են եղել լինել իրենց տեղում»,–ասաց փաստաբանը։

Ըստ Բեքմեզյանի՝ պատասխանողը փաստում է նաև, որ տարածքները (հեղ. նկատի ունի 800 հա տարածքը– հեղ.) հանձնված են, այն էլ՝ գումարի դիմաց։

«Այս կերպ Գրիգորյանը Խաչատուրովին մեղադրում է ԼՂՀ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները թշնամուն հանձնելու համար։ Կոպիտ ասած, պատասխանողը հայցվորին մեղադրում է պետական դավաճանության մեջ»,-ասաց Բեքմեզյանը՝ հաստատելով, որ Գրիգորյանի հնչեցրած արտահայտություները վերաբերվում են կոնկրետ Խաչատուրովին։

Այսպիսով հայցվոր կողմը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ մեկ ամսվա ընթացքում մամլո ասուլիս հրավիրել և հերքել իր կողմից հրապարակված սուտ տեղեկությունները, ապա ասուլիսի վերաբերյալ տեսանյութը զետեղել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Խաչատուրովը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Գրիգորյանից պահանջել է 2 մլն դրամ։

Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի կարծիքով, սակայն ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի։

Փաստաբանը, վկայակոչելով միջազգային նորմերով երաշխավորված անձի խոսքի ազատության իրավունքը, նկատեց, որ Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները պետք է դիտարկել ասուլիսի ամբողջականության մեջ։

«Ասուլիսի ընթացքում Ստեփան Գրիգորյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, 2008թ. Մարտի մեկի իրադարձությունների, ինչպես նաև հասարակության համար հետաքրրություն ներկայացնող Ապրիլյան պատերզմի մասին և իր գնահատականը տվել այդ իրադարձությունների վերաբերյալ»,–ասաց նա։ Պատասխանող կողմը ժամանակ խնդրեց դատարանից՝ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնելու համար։ Այսպիսով այսօրվա դատականնիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 18–ին։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է նոյեմբերի 2-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: