Հայերեն   English   Русский  

ՊԵԿ–ում մթնոլորտը շիկանում է. աշխատակիցը պահանջում է պատասխանատվության ենթարկել ղեկավարին


  
դիտումներ: 339

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ այն աստիճան են լարվել,

որ նրա փաստաբանն այսօր հրավիրած ասուլիսում մեղադրանքներ է հնչեցրել Դավիթ Անանյանի հասցեին,հաղորդում է Սպուտնիկը։

Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանին աշխատանքից հեռացնելու ու նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառը նրա կատարած բացահայտումներն են։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Դրանք, ըստ փաստաբանի, առնչվում են նաև ՊԵԿ նախագահին։

«Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտնաբերել է հանցավոր սխեմաներ, որոնց արդյունքում զգալի վնաս է հասցվում տեղական արտադրությանը, անհավասար մրցակցային դաշտ ստեղծվում երկրի ներքին շուկայում, բյուջեից ահռելի քանակությամբ գումարներ են կորզվում, արհամարհվում է պաշտոնական վիճակագրությունը` արտահանման ծավալների մասով»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ ՊԵԿ նախագահը, աշխատակցի ներկայացրած փաստերով զբաղվելու փոխարեն, ծառայողական քննություն է սկսել հենց նրա դեմ։

Ըստ փաստաբանի`դեռ ամռանը սկսված քննության արդյունքում, թեև ոչ մի բան չի բացահայտվել, բայց Կարապետյանի աշխատանքային պարտականություններն այսօր կասեցված են։

Իսկ ծառայողական քննությունը վերաբերել է Կարեն Կարապետյանի հետ շաղկապվող «Պրեմիում» ընկերության հետ, որտեղ ՊԵԿ–ը ժամանակին քննություն էր իրականացրել ու պարզել, որ այս ընկերությունը շաղկապված է իրենց պաշտոնյայի հետ։

«Այս փաստով ծառայողական քննություն սկսվեց ՊԵԿ–ում։ Հետո ՊԵԿ–ի նախագահը հասկացավ, որ այստեղ բան չկա, ստիպված գործն ուղարկեց ՀՔԾ։ Գտան, որ հայրն է հիմնադիրը և հարուցվեց քրեական գործ»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց փաստաբանը` հավելելով, որ ՀՔԾ–ում գործը կարճվել է։

Այդուհանդերձ, ՊԵԿ–ում իր վստահորդի աշխատասենյակը կապարակնքված է, նա աշխատանքի չի գնում, մուտքը պետական օպերացիոն համակարգեր արգելափակված է։ Բայց աշխատավարձ ստանում է։

«Եթե բանավոր կասեցնելն օրինական է, ապա ՊԵԿ նախագահը վատնում է կատարել` այդ ընթացքում աշխատավարձ վճարելով Կարեն Կարապետյանին, իսկ եթե անօրինակն է, ապա լիազորությունների անցում է կատարել» ,– հայտարարեց Տիգրան Հայրապետյանը` պատկան կառույցներից պահանջելով այս փաստով քրեական գործ հարուցել ՊԵԿ նախագահի դեմ` ոչ միայն Կարապետյանի աշխատավարձի, այլև, ընդհանրապես, պարգևավճարների հարցով վատնում կատարելու փաստով։

Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին ներկա է լինելու անձամբ Կարեն Կարապետյանը և նոր փաստեր է ներկայացնելու «ՊԵԿ նախագահի ապօրինի գործողությունների» շուրջ։

Կարապետյանը, սակայն, ասուլիսի չէր ներկայացել։ Փաստաբանը հայտնեց, որ իր վստահորդն ասուլիսին չի ներկայացել` «էթիկական նկատառումներից ելնելով, որպեսզի ասուլիսը լինի օբյեկտիվ»։

Օբյեկտիվությունը պահելու նպատակով Կարեն Կարապետյանի փաստաբանի հրապարակած փաստերի շուրջ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց Պետեկամուտների կոմիտե։ Այստեղ մեզ խոստացան պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ։

Մինչ այդ պարզապես հիշեցնենք` մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Կարապետյանը համարվում է ոչ միայն կոռուպցիոն վարքագիծ ունեցող պաշտոնյա, այլև ոստիկանապետ Օսիպյանի ու ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մտերիմ անձնավորություն։

Ըստ որոշ լուրերի` ՊԵԿ պարգևավճարների թեմայի հանրայնացման հեղինակը հենց Կարեն Կարապետյանն է` իշխանական համակարգում իր հովանավորների աջակցությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: