Հայերեն   English   Русский  

Նպատակն ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներին միավորելն է


  
դիտումներ: 1289

Միավորել ապրիլյան մարտական գործողությունների թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախի Հանրապետությունում ապրող մասնակիցներին,

ապահովել ապրիլյան պատերազմի մասնակիցների ճանաչելիությունը, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին և լուծման ուղիներ որոնել, պայքարել կեղծ տեղեկատվության և ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի շահարկումների դեմ․ սրանք մի քանիսն են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության նպատակներից, որոնք ՀԿ-ի հիմնադիրներն ու անդամներն իրագործում են 2018-ի ամռանից ի վեր։

ՀԿ-ի հիմնադիրները մարտական գործողությունների մասնակիցներ են, որոնք արժանացել են տարբեր պարգևատրումների։ Սակայն ՀԿ-ին անդամագրվելու համար պարգևի կամ զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու մասին նշումներ հարկավոր չեն։ Կարևորվում է ապրիլյան պատերազմի օրերին մարտական գործողություններին մասնակցությունը և մարտական խնդիր կատարած լինելը։ ՀԿ հիմնադիրների խոսքով՝ իրենք բաց են ցանկացած համագործակցության համար։ Իսկ անդամագրվելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն գրել ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին, ստանալ անդամակցության օն-լայն հայտը և լրացնել այն։

ՀԿ-ի հիմնադիր անդամ Հրանտ Սարկիսովի խոսքով՝ համախմբվել են տարբեր զորամիավորումներում ու տարբեր վայրերում ծառայություն իրականացրած երիտասարդներ, և իրենց համար խնդիր չէ ներքին աղբյուրներով ճշտելը՝ անդամակցության հայտ ներկայացրած անձն իսկապես մարտական գործողությունների մասնակից է, թե ոչ։

Անդրադառնալով ՀԿ-ի անվանմանը՝ Հրանտը, որը ծառայել է Թալիշում ու մասնակցել մարտական գործողություններին, նշում է, թե քառօրյա պատերազմ արտահայտությունը սխալ է, քանի օր մարտական գործողություններն իրականում տևել ե շուրջ 20 օր։ Այդ իրողությամբ էլ պայմանավորված է իրենց ՀԿ-ի անվանումը, որը կոչված է նաև վերացնելու հանրությունում առկա թյուրըմբռնումն ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ։

«Հիմա խեղաթյուրվում է ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների ստատուսը, որովհետև հայտնվել են հասարակական կազմակերպություններ, անհատներ, որոնք իրենց համար չնախատեսված վերմակի տակ են փորձում մտնել՝ ներկայանալով իբրևէ ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ։ Եվ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանն ինչ-որ պահանջներ են ներկայացնում»,- ասում է Հրանտը՝ մեկնաբանելով ՀԿ հիմնելու անհրաժեշտությունը։

Հարցին, թե արդեն իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցների հասարակական կազմակերպություն կա, ինչու են ստեղծել նորը՝ Հրանտը նշում է․ «Ի տարբերություն մնացածի, որոնք փորձում են սեպ խրել մարտական գործողությունների մասնակիցների մեջ՝ տալով արժանների ու անարժանների սահմանումներ, մեր ՀԿ-ն միտված է համախմբելու, ոչ թե տարանջատելու»։

Անդրադառնալով արդեն իրականացրած և ապագայում նախատեսված ծրագրերին՝ Հրանտը նշում է, որ միջոցառումների շարք ունեն պլանավորած, որոնք եզրափակելու են Ստեփանակերտում։ Ասում է, որ տարբեր բնույթի միջոցառումների արդյունքում համախմբվելու են թե ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները, թե ուժեղանալու է բանակ-հասարակություն կապը։ Որպես օրինակ՝ նշում է, որ հունվարի 5-ին Նիդեռլանդների հայկական համայնքի և Նիդեռլանդաբնակ Ջուլիետա Զախարյանի ֆինանսական աջակցությամբ Մատաղիս են այցելել։ Այստեղ էլ գեներալ Արշավիր Ղարամյանի ուղեկցությամբ այն մարտական դիրքերն են բարձրացել, որոնք 2,5 տարի առաջ իրենք էին պաշտպանում։

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն

Պատմում է, որ հանդիպում-զրույցներ և փորձի փոխանակում են ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, նրանց պատմել իրենց ծառայության, մարտական գործողությունների մասին։ Զինծառայողներն էլ իրենց հերթին պատմել են իրենց ծառայության մասին։

«Չհայտարարված պատերազմական վիճակում գտնվող երկրում շատ կարևոր է, որպեսզի սահմանին կանգնած տղան իմանա, որ իր թիկունքում կա պետություն և հասարակություն, կան տղաներ, որոնք առաջին իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ են շտապել մարտական դիրքեր»,- ասում է Հրանտը։

Իսկ առաջիկայի ծրագրերի մասին խոսելուց Հրանտը խուսափում է․ ասում է, որ դեռ վերջնականապես մշակված չեն՝ ավելի լավ է իրականացնել, նոր միայն խոսել արած գործի մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: