Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետարանը հետևողական պայքար կմղի փողոցային անօրինական առևտրի վերացման հարցում


  
դիտումներ: 256

Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին` չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:

«Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության և, առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առևտուր իրականացնելուց»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը:

Երևանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Նախորդ դարի կեսերին կառուցված Կոմիտասի շուկայի անսովոր արձագանքող լռությունն ու տաղավարների փոշին պատմում է կոլորիտային այս վայրի ներկայի մասին: Տնօրենի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երկու ամիսը տաղավարները քաղաքացիները կարող են վարձակալել անվճար:

Մանրածախ, նաև մեծածախ վաճառքի հարմարավետ պայմաններ է ապահոված նաև Էրեբունիում՝ անմիջապես Կայարանի հարևանությամբ: Աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանում նոր փոքր շուկա հիմնելու համար:

Նոր Նորքում բացօթյա առևտրի հիմնական հասցեն Սաֆարյան փողոցն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տանող հիմնական ճանապարհն ամեն օր խցանված էր, մայթերը՝ ծանրաբեռնված սննդով՝ չնայած կողք կողքի գործում են և՛ բացօթյա, և՛ փակ շուկաները:

Չնայած վարչական շրջանում առևտրի համար առկա պայմաններին և արտոնություններին՝ մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքել՝ պահանջելով, օրինակ, քանդել նախկին շուկայի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը: Սա այն դեպքում, երբ ներկայիս շուկան՝ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի հնարավորություններով հանդերձ, տեղակայված է հենց կենտրոնի տարածքում:

Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առևտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով:

Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Դժգոհում են, բողոքում՝ պահանջելով թույլատրել անօրինական առևտուրը կամ հատուկ իրենց համար տեղեր հատկացնել: Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել և հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող:

Փողոցային առևտուրը եկեղեցու բակում, մեկ այլ դեպքում՝ Մաշտոցի պողոտայում՝ մշակութային շենքի տարածքում կամ էլ անմիջապես կանգառի մոտ. առևտրականների առաջարկներն են:

Քաղաքացիների մի մասի համար փողոցում առևտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար, սակայն, հարկային դաշտից խուսափելու և բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է:

Առևտրականների հետ քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առևտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաև երեկոյան հերթապահություն:

«Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:

Փողոցային անօրինակ առևտուրը վերացնելը ոչ միայն օրենքի, այլև քաղացիների պահանջն է՝ ունենալ մաքուր փողոցներ և առողջարար սննդամթերք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: