Հայերեն   English   Русский  

Մարդիկ զարմանում են՝ ինչու եմ հանրային տրանսպորտով երթևեկում, ես էլ զարմանում եմ, թե ինչու պետք է չերթևեկեմ․ պատգամավոր Տաթև Հայրապետյան


  
դիտումներ: 2886

Ի՞նչ է նշանակում լինել պատգամավոր, խանգարելո՞ւ է արդյոք անփորձությունը օրենսդիրներին, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ սպասել առաջիկայում․ այս և այլ հարցերի մասին «Անկախը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ։

-Տաթև, մասնագիտությամբ պատմաբան, ադրբեջանագետ եք։ Այժմ նաև պատգամավորական գործունեությամբ եք զբաղվում։ Քաղաքականություն մտնելը, օրենսդիր գործունեությամբ զբաղվելը հատուկ նպատա՞կ է եղել Ձեզ համար։ Կպատմե՞ք, թե ինչպես օրենսդիր դաշտ մտնելու որոշում կայացրեցիք։

-Անկեղծ ասած՝ երբեք նման նպատակ չեմ ունեցել։ Այդ որոշումը եկավ աստիճանաբար՝ մի քանի հանգամանքների բերումով։

Անցած տարի նշում էինք ղարաբաղյան շարժման 30-ամյակը։ Ու ես հիշում էի իմ մայրիկի պատմածները 88-ի դեպքերի մասին, թե ինչպես էր փողոցում զգացվում փոփոխությունների շունչը։ 2018-ի այդ օրերին ես մտածում էի՝ տեսնես երբևէ կզգամ այն, ինչ իմ ծնողներն են զգացել․ այդ միասնականությունը գաղափարի շուրջ, օդում առկա էներգետիկան։ Այդ մտքերս կարծես մարգարեական լինեին։ Այդ փոփոխությունները շուտով տեղի ունեցան։

Ունեի մտերիմ ընկերներ, որոնք որոշել էին քաղաքականություն մտնել և իրենց խոսքն ասել։ Սուրճի բաժակի շուրջ ծավալվող զրույցների ընթացքում հարցնում էին, թե ես էլ չեմ ուզում արդյոք քաղաքականությամբ զբաղվել։ Պատասխանում էի, որ ոչ, նախընտրում եմ շարունակել Ադրբեջանով զբաղվել։

Բայց ծնողներս ինձ մոտիվացրեցին՝ նշելով, որ 90-ականներին իրենք չունեին այդ հնարավորությունը։

Զուգադիպությամբ այդ ժամանակ որպես զբոասշրջիկ ճանապարհորդել էի Իրանում։ Ես հիանում եմ իրանական մշակույթով, բայց նաև այնտեղ տեսա, թե ինչքան մեծ է մարդկանց կտրվածությունը քաղաքականությունից։ Եվ ես հասկացա՝ եթե շանս ունես քո ներդրումն ունենալու քո երկրի զարգացման գործում, պետք է բոլոր վախերդ մի կողմ դնես ու փորձես դա անել։

-Ձեր պատգամավորական գործունեությունն ինչպիսի՞ն եք պատկերացնում։

-Անկեղծ ասած, չեմ կարող ասել, որ հստակ ծրագրով եմ եկել, բայց ունեմ տեսլական, ընդհանուր մտքեր, որոնք կարծում եմ՝ օգտակար կլինեն։ Ինձ ավելի տեսնում եմ խորհրդարանական դիվանագիտության հարթակում, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել ղարաբաղյան հարցը, Հայաստանի հետ առնչվող խնդիրները։

Ընդհանուր առմամբ՝ նպատակներիցս մեկը դա է, որ կարողանամ իմ ներդրումն ունենալ ղարաբաղյան հարցի ճիշտ ներկայացմանը։ Բացի այդ, նաև տարբեր խնդիրների շուրջ մտքեր կան։ Իրականում ամենամեծ առաքելությունը որ ունեմ, եթե ինձ հաջողվի դառնալ լավ քաղաքական գործիչ, իսկ ես քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին եմ, ես կօգնեմ անհատ մարդկանց կյանքը բարելավելուն։ Այս դիրքում որոշակի հնարավորություններ ունես և կարող ես մարդկանց օժանդակել, փորձել իրենց օգտակար լինել՝ որքան լիազորություններդ թույլ են տալիս։ Դրանից լավ զգացողություն, որ մարդու կյանքը թեթևացրել ես, ինչ-որ բարդություն իր կյանքից հեռացրել ես, գոյություն չունի։

-Իսկ կա՞ն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մտքում ունենալով Ազգային ժողով եք եկել։

-Անկեղծ ասած՝ ոչ։ Կոնկրետ այս կամ այն խնդրի շուրջ նախաձեռնության մտքով չեմ եկել։ Հասկացել եմ մի բան՝ սովորաբար նույն օրենսդրական բացերը լրացվում են, երբ կոնկրետ փուլում այդ խնդրին առնչվում ես ու սկսում մտածել, թե որն է դրա լավագույն լուծումը։

-Կարճ ժամանակ է, ինչ պատգամավոր եք։ Այս ընթացքում որքանո՞վ եք հասցրել պատգամավորի աշխատանքի ուղն ու ծուծը հասկանալ։

- Այս պահին ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Պատգամավոր հասկացության մեջ ոչ թե պետք է դնես այն, ինչ կարծրատիպերով եկել է, այլ այն, ինչ դու պատկերացնում ես։ Օրինակ՝ ինձ համար փոքր ինչ անսովոր է, որ մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ ես հանրային տրանսպորտով երթևեկում։ Ես էլ զարմանում եմ, թե ինչու պետք է չերթևեկեմ։ Կարծրատիպերը պետք է փորձես հաղթահարել։

Ինձ թվում է, որ արագ ադապտացվում եմ։ Իմ ակադեմիական հիմքն օգնում է ինձ, քանի որ սովոր եմ մեծածավալ նյութեր կարդալուն։ Այստեղ կարևոր է, որ հասցնես ամեն ինչ ժամանակին կարդալ և ներքին վերլուծություն իրականացնել։ Ինֆորմացիան շատ է։

-Լավ պատգամավորի, օրենսդրի ձեր բանաձևը ո՞րն է։

-Կարծում եմ՝ նախ մնալ ազնիվ ինքդ քո ու քո խղճի առջև։ Որոշ ժամանակ հետո, երբ քո մանդատն ավարտվի, մնալու ես մենակ քո սուրճի բաժակի հետ, հետևաբար պետք է ազնիվ լինես, որ հետագայում, անկախ իրադարձությունների ընթացքից, կարողանաս հանգիստ ման գալ հասարակության մեջ, և խիղճդ հանգիստ լինի։

Երկրորդ՝ բաց լինել հասարակության առաջ։ Պետք է փորձես ժամանակի կառավարումը և էներգիայի բաշխումը ճիշտ անել, ու մարդկանց հնարավորինս հասանելի լինել։

Միևնույն ժամանակ պետք է անընդհատ աշխատես քո վրա։ Անգամ հանգստյան օրերին։ Պետք է չկորցնել ամեն իրավիճակ օբյեկտիվորեն ու բազմակողմանի դիտարկելու կարողությունը։ Անկախ այն քաղաքական ուժից, որը ներկայացնում ես, պետք է փորձել շիտակ նայել իրադարձություններին։

-Պատգամավոր դառնալուց հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

-Շատ զանգեր եմ ստանում, սկսել եմ շատ խոսել։ Նախկինում էլ որպես ադրբեջանագետ խոսում էի, բայց միայն այն ժամանակ, երբ ուզում էի։ Հիմա անընդհատ տարբեր խնդիրների շուրջ եմ խոսում։ Փոքր ինչ նվազել է ժամանակը ինձ թանկ մարդկանց հատկացնելու համար։ Ու նաև մի քիչ ժամանակ չի հերիքում զբաղվել այն բաներով, որոնք սովորաբար սիրում եմ։ Օրինակ՝ երեկոյան գիրք կարդալ։ Հիմա որոշել եմ, որ կսկսեմ աուդիոգրքեր լսել, որ այդ բացը լրացնեմ։ Քաղաքականությունից դուրս կարդալու, զգալու, մտածելու կարիք շատ ունեմ։

Շատ բան չի փոխվել։ Մեկ էլ մարդիկ փողոցում սկսել են ուշադիր նայել։

-Կա՞ն ոլորտներ, որտեղ ձեզ լավ եք զգում ու կուզենաք այդ ոլորտներում աշխատել։

-Ինքս արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եմ ներգրավված, այդ ոլորտում ինձ լավ եմ զգում։ Իհարկե, վստահ եմ, որ դիվանագիտական առումով, քանի որ պատմաբան եմ, ոչ թե դիվանագետ, դեռևս նյուանսներ կլինեն, որոնք կարիք կունենամ սովորելու, այժմ էլ վերընթերցում եմ որոշ գրքեր դիվանագիտության հետ կապված։ Ինձ հետաքրքրում են նաև ոլորտները, որոնց հետ երբևէ առնչվել եմ, որովհետև դրանց վերաբերյալ գիտելիքներս ավելի խորացված և մասնագիտական են։ Մյուս առումներով էլ ընթացքում ավելի ես հարստացնում գիտելիքներդ և աստիճանաբար ավելի պատրաստված կլինես։ Պատգամավորը պետք է ընդհանուր, հանրությանը հուզող բոլոր խնդիրներին տեղյակ լինի և իր կարծիքն ունենա, ինչը կնպաստի խմբակցության կարծիքի և դիրքորոշման ձևավորմանը։

-ԵԽԽՎ պատվիրակության կազմում եք։ Ադրբեջանագետ լինելն ԵԽԽՎ-ում աշխատանքին որքանո՞վ է օգնում։

Տաթև Հայրապետյան

-Պատվիրակության փոխարինող անդամ եմ։ Բավականին օգնում է, քանի որ Ադրբեջանի հետ կապված խնդիրները բավականին արդի են ԵԽԽՎ-ում։ Քանի որ տարիներ շարունակ ուսումնասիրել ես քարոզչական թեզերը, նաև դրանց պատասխաններն ունես։ Եթե կարող ես քո գիտելիքով օգտակար լինել թիմին, անում ես։

Օգտակար է նաև եվրոպական և լոբբիստական կառույցների հետ աշխատանքի փորձս։

-Իսկ երիտասարդ ու անփորձ լինելը չի՞ խանգարում օրենսդրական գործունեությանը։

-Անկեղծ ասած՝ ես դեռ չեմ զգացել, որ խանգարի։ Կարող է ինչ-որ տեխնիկական բնույթի հարցեր լինեն, որոնցից տեղյակ չեմ։ Բայց հաշվի առնենք, որ մեր երկրում չկար պատգամավոր կամ քաղաքական գործիչ ձևավորելու մշակույթը։

Քանի որ մասնագիտության բերումով առնչվել եմ քաղաքականությանը, գիտեմ, թե խոսքն ինչպես է ազդում, և նաև պատկերացնում եմ, թե իմ խոսքն ինչպես կազդի։ Միանշանակ, գիտեմ իմ խոսքի արժեքը։ Մենք մեր ասածի համար պատասխանատու ենք և հետևաբար պետք է շատ նրբանկատ լինենք հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ արտահայտվելիս։

-Մինչև պատգամավոր դառնալն ակտիվ քաղաքացի էիք, սոցիալական ցանցերում տեսակետներ և քննադատություն արտահայտող ստատուսներ էիք գրում։ Այժմ, երբ պատգամավոր եք, կշարունակե՞ք բացասականը տեսնել և քննադատել։ Պատգամավորի մանդատը կաշկանդելո՞ւ է Ձեզ, թե՞ ոչ։

-Միգուցե քննադատությունը ոչ այնքան հանրային լինի, որքան ներսից։ Այդ փոփոխությունների կարևոր պահը սա է, որ զուտ հանրային քննադատողից դառնում ես ներքին մարդ, քո աչքը ներսից է տեսնում այդ ամենը, ու մինչև քննադատության հասնելը ունես հնարավորություն դա ի սկզբանե արտահայտելու։ Խմբակցությունում որևէ կարծիք արտահայտելու սահմանափակում ընդհանրապես չունենք։ Եթե լինեն հարցեր, որոնց սկզբունքորեն դեմ կարող եմ լինել, կարտահայտվեմ, այդ սահմանափակումը չունենք։

-Իսկ քննադատությանը ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ինձ մանկուց սովորեցրել են քննադատության, իմ ամենամեծ քննադատը միշտ մայրիկս է եղել։ Երևի դա էլ ինձ օգնել է զարգանալ ու շարունակ աշխատել ինքս ինձ վրա։ Քննադատության հետ ընդհանրապես խնդիր չունեմ, եթե այն ըստ էության և օբյեկտիվ է։ Քննադատությունը նաև օգտակար է։ Ինձ մտերիմ մարդիկ կփաստեն, որ մանդատը ստանալիս ասում էի՝ ինչ նկատեք, առաջինը կասեք, դա ինձ միայն կօգնի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: