Հայերեն   English   Русский  

Ես կարող՞ա ձեռքեր չունեմ․ Բաբլոյանը չէր թողնում, որ իր վերարկուն բռնեն,Հրապարակ


  
դիտումներ: 776

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հատուկ՝ ընկերների, բարեկամների և չարեկամների համար փորձել էր արդարանալ Դվին հյուրանոցից դուրս գալիս իր վերարկուի հետ կապված տհաճ տեսարանի համար։

Հղում էր արել պետական արարողակարգի հետ կապված մի քանի տեխնիկական մանրամասների՝ բացատրելու, թե ինչպես է վերարկուն հայտնվել իր անվտանգության պետի մոտ։ Պետական արարարարողակարգի մասին օրենքի, որը ըստ պարոն Միրզոյանի մեկնաբանության, ԱԺ նախագահին որևէ տեղ այցելելիս պարտադրում է իր վերարկուն թողնել ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։

Իրականում, պետական արարողակարգի մասին օրենքում նման դրույթ չկա, այն կարճ, սահմանում է՝ ով ում և ինչպես է դիմավորում օդանավակայանում, պետական խորհրդանիշների կիրառման կարգերը, ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի, առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների արարողակարգային ավագությունները, տարածվում է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի, Երևանի քաղաքապետի, ԱԽ անդամների, նախարարների ու պատգամավորների վրա։

Այլ բան է, որ այս հարցերի հետ կապված կան, եղել են ու կլինեն չգրված օրենքներ, իսկ վերարկուի հարցը շատ աշխատանքային է։ Այսինքն, եթե Արարատ Միրզոյանի անվտանգության պետը որոշել է, որ պետք է պահի, ուրեմն՝ նորմալ է։ Նորմալ է նաև, որ չորոշի կամ անձը, ում վերարկուն պետք է պահեն, չթողնի։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն, օրինակ, նույն այդ Արմենին՝ Արարատ Միրզոյանի անվտանգության պետին, չէր թողնում պահել իր վերարկուն՝ ասելով․ «ես կարող ա՞ ձեռքեր չունեմ»։ Հովիկ Աբրահամյանը թողնում էր, Գալուստ Սահակյանի մասին, անկեղծ, չհիշեցին։

Այս պարագայում, այսինքն, կարելի է ասել, որ ճաշակի հարց է, նման բան և կա, և չկա, կարելի է տալ վերարկուն «ախրաննիկին» կամ չտալ կամ որոշել՝ հագնե՞լ վերարկուն ինքնուրո՞ւյն, թե ոչ։ Արարատ Միրզոյանը փորձել էր այս հարցին մարդկայնորեն պատասխանել՝ ծանոթացնելով իր ձևակերպմամբ՝ հետևյալ տեխնիկական ու տափակ նրբության հետ, թե այդ պարագայում հրապուրիչ չէր լինելու տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը։

Արարատ Միրզոյանը, թերևս, պետք է հասկանար, որ վերարկուով մի ոտքից մյուս ոտքը ցատկոտելուց շատ ավելի տհաճ է տեսնել , թե ինչպես պրոտոկոլը պարուրում, կլանում ու իր հետ տանում ու արարողակարգի էլեմենտի վերածում ընդամենը մի քանի ամիս առաջ պայմանականությունները մերժող, քայլող, մորուքավոր, ինչպես դասականը կասեր՝ կլասիկ հեղափոխականի կերպարով մարդուն։

Մանավանդ, որ բոլոր երկրներում պառլամենտները՝ ավանդույթով, շատ ավելի դեմոկրատական հաստատություններ են, քան գործադիր մարմինները, դատարանները և այլ պետական կառույցները։ Եվ տարբեր տարիների միջազգային լրահոսն էլ ցույց է տվել, որ ծիսակարգեր, համազգեստներ, «լամպասներ», ուսադիրներ ու փետուրներ, մի խոսքով, ամեն պայմանական բան միջազգային որևէ դահլիճում տեսնում ենք ամենառաբիզ ու հետամնաց՝ աֆրիկյան, լատինաամերիկյան ու ավտորիտար երկրների պատվիրակությունների կողմից և վրա։

Արարատ Միրզոյանը անդրադարձել էր նաև իր իր՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուն, նշելով, որ նպատակն պահակակետն օրուգիշեր հսկող իր աշխատակիցների ու բազմամյա հարևանների կյանքը հեշտացնելն է։

Այս դեպքում, ցավոք, ստիպված ենք հղում տալ Արա Բաբլոյանին և անգամ՝ Գալուստ Սահակյանին, որոնք երկուսն էլ կառավարական ամառանոց չեն տեղափոխվել ու իրենց բակերում պահակակետեր չեն տեղադրել։

Հ․ Գ․ Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարց փորձեցինք ուղղել նաև Արա Բաբլոյանին, ով, սակայն ասաց՝ խնդրում եմ՝ բժշկությունից ու առողջապահությունից զատ այլ հարցեր ինձ չտաք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: