Հայերեն   English   Русский  

Արամ Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան


  
դիտումներ: 244

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպանը բողոքարկել է Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշում կայացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը։ Նա նշեց, որ դատարանը գործն արդեն ընդունել է վարույթ։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նախկին նախարարն իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: