Հայերեն   English   Русский  

«Շտապբուժօգնություն»-ում համակարգային լուծումների են սպասում


  
դիտումներ: 201

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքներին, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով ընկերություն է այցելել քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Երևանի փոխքաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին կարևոր առաքելության ու շուրջօրյա նվիրված աշխատանքի համար և ընդգծել, որ ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով այսօր հստակ քայլեր են ձեռնարկվում:

«Մենք ժառանգել ենք մի համակարգ, որն ունի բազմաթիվ խնդիրներ, և դրանց մեծ մասը պահանջում են կետային լուծումներ: Համոզված եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որ և քաղաքացին ստանա որակյալ սպասարկում, և ձեր աշխատանքային պայմանները փուլ առ փուլ բարելավվեն»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:

Աշխատավարձերի բարձրացում, բժշկական ապահովագրության տրամադրում. բուժծառայության աշխատակիցների հիմնական դիտարկումները հենց այս խնդիրներին էին վերաբերում: Օրերս նաև ընկերության երեք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել՝ վերոնշյալ խնդիրների պատճառով: Փոխքաղաքապետի հետ հանդիպումը, սակայն, նրանցից մեկին որոշումը փոխելու հնարավորություն տվեց:

«Առողջապահության նախարարության հետ ամենօրյա աշխատանք է տարվում: Շատ ակտիվ քննարկում է գնում պետպատվերի շրջանակներում շուրջ 540 աշխատակիցների առողջապահական ապահովագրության խնդիրը լուծելու համար: Անպայման միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ինչ-որ չափով բարելավենք ձեր աշխատավարձային ֆոնդը: Այս պահի դրությամբ տարբեր առաջարկներ կան, պետք է հասկանանք, թե որ ճանապարհով ենք քայլելու, որն է ավելի արդյունավետ»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

«Կանչերը շատացել են, բնակիչների վստահությունն՝ ավելացել ծառայության հանդեպ»,- նշում էէ Սերգեյ Հարությունյանն ու միևնույն ժամանակ նկատում՝ հաշվի առնելով, որ կանչերի թիվն էականորեն տարբերվում է հոսպիտալացված քաղաքացիների թվից՝ հարկավոր է մշակել հատուկ նորմեր կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Այս հարցում որոշակի բեռ պետք է իրենց վրա վերցնեն նաև պոլիկլինիկաները, որպեսզի ծառայությունը հիմնականում արագ արձագանքիանհետաձգելի բուժօգնության կանչերին:

«Մեկ օրում մեկ բրիգադի համար 30-40 կանչը, իրոք, շատ-շատ է: Մենք պետք է կանչերի դասակարգում ունենանք, որպեսզի արագ արձագանքենք այն կանչերին, որոնք հրատապ են, նաև առանձնացնենք այն կանչերը, որոնք հրատապ չեն կամ կարող են անգամ ընդհանրապես չսպասարկվել»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:

Փոխքաղաքապետը հորդորել է նաև շտապբուժօգնության մեքենաները վարել լուսային և ձայնային ազդանշանները միացրած։ Արագ արձագանքելուց բացի, քաղաքացուն նաև անվտանգ տեղափոխում է հարկավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: