Հայերեն   English   Русский  

Արման Փաշիկյան. «Հույս ունեմ, որ գրոսմայստերական դպրոցը կշարունակի գործել»


  
դիտումներ: 3364

Տղամարդկանց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Արմանը ողջ մրցաշարը վերելքով անցկացրեց,

աչքի ընկավ տպավորիչ պարտիաներով և, իր ակտիվում գրանցելով 6,5 միավոր, կարիերայում 2-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը. առաջինը 2009-ին էր:

Անկախի հետ զրույցում հայ գրոսմայստերը խոսում է հաղթանակից ստացած տպավորությունների, ազգային հավաքակնում հանդես գալու պատասխանատվության և մարզչական գործունեության մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ. առաջնության ավարտից արդեն իսկ 1 տուր առաջ նվաճեցիք շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ի՞նչ տրամադրվածությամբ սկսեցիք պայքարը:

-Շնորհակալ եմ: Բարձր տրամադրությամբ սկսեցի մրցաշարը. հույս ունեի ցույց տալ իմ լավագույն խաղը: Մրցաշարն այնպես ընթացավ, որ հենց սկզբից առաջատարի դիրքերը զբաղեցրի Տիգրան Պետրոսյանի հետ: Հետագայում դարձա միանձնյա առաջատար՝ միավորների առավելությամբ: Ընթացքում ինձ մնում էր միայն դիրքերը պահպանել: Լարվածություն ամեն դեպքում կար. առավելությունը չպետք է բաց թողնեի:

Մրցաշարի ընթացքն այնպես դասավորվեց, որ լավ դիրքեր էի ստանում: Միայն Մանուել Պետրոսյանի հետ խաղի ընթացքում այնքան էլ բարեհաջող չէր խաղային դիրքը, սակայն հետագայում ընթացքը փոխվեց, և ես վերջում առավելություն ստացա: Կարող էի նաև հաղթանակի համար խաղալ, սակայն որոշեցի ուժերս խնայել, ռիսկի չդիմել և ոչ-ոքի ավարտել հանդիպումը, քանի որ մի քանի պարտիա անընդմեջ ես վերջինն էի ավարտում, և ինչ-որ առումով հոգնածություն կար: Նույնը նաև Սամվել Տեր-Սահակյանի հետ պարտիայում էր:

Թեև առավելություն ունեի, բայց որոշեցի ոչ-ոքի խաղալ: Ինձ հետապնդողներից մեկը Սամվելն էր ու քանի որ երկու մրցափուլ էր մնում, որոշեցի ոչ-ոքի խաղալ և միավորի առավելությունը պահպանել: Որոշեցի ավելորդ ռիսկի չդիմել, ինչն արդարացվեց: Դրանով պահպանեցի բոլոր հնարավորությունները հաղթող ճանաչվելու համար:

Նշեմ, որ Մանուել Պետրոսյանի հետ պարտիան միակն էր, որի ընթացքում այնքան էլ հաջող դիրք չունեի, մնացած պարտիաների ընթացքում ունեցել եմ խաղային առավելություն կամ հավասար դիրքեր:

-Տարվա հաղթական մեկնարկը պարտավորեցնու՞մ է: Այս հաղթանակով Դուք նաև համալրեցիք ազգային հավաքականի կազմը:

-Հաճելի է, որ տարին սկսում ես լավ էմոցիաներով և մեկնարկում հաջողությամբ: Պարտավորեցնող է այս հաղթանակն այն առումով, որ Հայաստանի չեմպիոնն իրավունք է ստանում ընդգրկվել հավաքականի կազմում: Այստեղ, բնականաբար, պարտավորվածության զգացումն ավելի մեծ է, որովհետև խաղում ես ոչ միայն քեզ, այլև ամբողջ թիմի համար: Իհարկե, առանձին մրցաշարերում էլ միշտ փորձում եմ լավագույն խաղով ներկայանալ, քանի որ Հայաստանն եմ ներկայացնում: Հավաքականում լարվածությունն ավելի մեծ է և պարտավորեցնող: Ես այդ փորձն ունեցել եմ:

-Շախմատում հանդես գալու և մարզաձևով զբաղվելու տարիների փորձ ունեք: Ի՞նչ է տալիս շախմատը:

-Շախմատը սովորեցնում է վերլուծել: Շախմատիստները հիմնականում այդ ունակությունն օգտագործում են ոչ միայն շախմատ խաղալիս, այլև կյանքում: Վերլուծում են ամեն իրավիճակ, ինչը շատ կարևոր հատկանիշ է: Շախմատը սովորեցնում է մտածել, համբերատար լինել և պատահական չէ, որ մարդիկ, որոնք ժամանակին շախմատ են խաղացել և հետագայում այլ գործով են զբաղվել, տարբեր բնագավառներում հասել են շատ մեծ հաջողությունների:

-Դուք զբաղվում եք նաև մարզչական աշխատանքով, ունեք շնորհաշատ սաներ: Հե՞շտ եք համատեղում:

-Ամեն մեկն իր առավելություններն ունի և, միաժամանակ, թերությունները: Մարզելուց ես հաճույք եմ ստանում, երբ տեսնում եմ արդյունքը: Ուրախալի է, երբ սաներդ ընկալում են այն, ինչը բացատրել եմ, մրցաշարերի ընթացքում կիրառում են այն, ինչ-որ պարապմունքերի ժամանակ ցույց եմ տվել: Այդ ամենը մեծ բավականության է հաղորդում:

Երբ մրցաշարերին որպես մարզիկ եմ մասնակցում, լարվածությունն ավելի մեծ է լինում, քանի որ մարզիկն ավելի շատ էներգիա է վատնում: Գուցե նաև այդ պատճառով ես սկսեցի մարզչական աշխատանքով զբաղվել, քանի որ պրոֆեսիոնալ շախմատիստի մոտ լարվածությունը մեծ է: Ամեն դեպքում, երբ շատ մրցաշարերի ես մասնակցում, դա միայն օգնում է: Մարզիկի համար կարիերայից հրաժարվելը, մրցաշարերին չմասնակցելը շատ դժվար է, քանի որ այդ ամենը հետաքրքրություն է հաղորդում, ցանկանում ես ցույց տալ քո խաղը:

Միայն մարզչական աշխատանքով զբաղվել չեմ կարող: Սակայն, կարծում եմ, որ մեկը մյուսին խանգարում է, քանի որ մեկը մյուսի ժամանակն է խլում: Դժվար է համատեղել և 2 գործում էլ հաջողության հասնել, քանի որ մարզչական աշխատանքին շատ ժամանակ եմ հատկացնում և հաճախ ժամանակ չեմ ունենում մրցաշարերին պատրաստվելու, ինքս ինձ վրա աշխատելու համար, ու այդ ժամանակը տրամադրում եմ իմ սաներին: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ կարողանում եմ համատեղել և դիրքերը պահպանել:

-Մարզչական գործունեությամբ զբաղվում եք Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյան հիմնած գրոսմայստերական դպրոցում, որը, ցավոք, ֆինանսավորման դադարեցման պատճառով, հնարավոր է այլևս չգործի: Տեղյակ եմ, որ ունեք առաջարկ արտերկրում աշխատելու: Հնարավո՞ր է տեղափոխվեք:

-Ցավալի է ինձ համար, որ Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի հետ տարիների կատարած աշխատանքը կարող է վերանալ: Մենք մեր ժամանակը ներդրել ենք այս գործում, իսկ հիմա դպրոցը փակվելու շեմին է: Արդեն իսկ շատ ավելի լավ պայմաններով աշխատելու առաջարկ ունեմ արտերկրից: Ուսանողական տարիներից սկսած շատ հնարավորություններ եմ ունեցել արտերկրում գործունեությունս շարունակելու:

Թե՛ համալսարանները, թե՛ ֆեդերացիաները արտոնություններ տալիս են շախմատիստներին, պարզապես ես ցանկանում էի գործունեությունս շարունակել հայրենիքում, որտեղ բավական լավ էի ապրում: Սակայն,եթե ելքեր չգտենենք այս իրավիճակից դուրս գալու համար, և եթե դպրոցը փակվի, պետք է մտածեմ ընտանիքիս բարեկեցության մասին: Առաջարկը եղել է, սակայն ես դեռ չեմ պատասխանել, քանի որ հույս ունեմ, որ գրոսմայստերական դպրոցը կշարունակի գործել:

Հայաստնում ունենք մի շարք տաղանդավոր մարզիչներ ու մարզիկներ, որոնք մեծ պահանջարկ ունեն: Եթե վերաբերմունքը չփոխվի, շատերն իրենց գործունեությունը կշարունակեն արտերկրում, ինչը ցավալի կլինի: Հրավերքների պակաս չկա. անգամ պատանի շախմատիստները մտածում են այդ ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: