Հայերեն   English   Русский  

​Քահանայի խոսքը անտեսվեց. Հանրապետականն ու Փաշինանը միացյալ ճակատում ընդդեմ Ենոքյանի ազատման.Վահան Իշխանյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 489

Քահանայի խոսքը անտեսվեց. Հանրապետականն ու Փաշինանը միացյալ ճակատում ընդդեմ Ենոքյանի ազատման

Ի՞նչ է նշանակում Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այդ ինչպե՞ս են Հանրապետականներն ու Նիկոլ Փաշինյանը հավաստում, որ իրենք Առաքելական եկեղեցու հետևորդ են, միայն մոմ վառելո՞վ ու կնունք անելո՞վ, թե՞ ինչ որ սկզբունքներ էլ կան որոնց անհրաժեշտ է հետևել։

Մի հնարավորություն կար, որ հավաստեին, որ միայն ծեսերով չեն առաքելական՝ հետևեին ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ազատման խնդրագրի նկատմամբ հայ առաքելական եկեղեցու հոգևորականի դիրքորշմանը։

Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանը ով ցմահ դատապարտյալ կալանավորների հովիվն է, քննադատեց Մհեր Ենոքյանի վաղակետ ազատման դեմ ամբողջ արշավը, որ անընդունելի է ցմահ դատապարտյալի ճակատագիրը փողոցում որոշելը, և որ 20 տարուց ավել անազատության մեջ գտնվելը արդեն պատիժ է, և որ անձին ճիշտ չի գնահատել 20 տարի առաջ 19 տարեկանում արած հանցանքով, եթե նույնիսկ նա դա արել է։ Խնդրեմ նրա խոսքը Նոյյան տապան հեռուստատեսությունում(հղումը մեկնաբանությունում).
«Այստեղ հարցը հրապարակներում ու փողոցներում լուծելու խնդիր չէ։ Էստեղ լուրջ եւ միայն իրավական լուծելու խնդիր է։ Էս խնդիրը հանենք հրապարա՞կ : Հրապարակ հանեցին Քրիստոսի դատավարությունը, է ի՞նչ որոշվեց ,-

Դատավորն ասում էր անմեղ է այս մարդը, ամբոխը պահանջեց, որ խաչվի եւ ի վերջո խաչվեց։ Խնդիրը միայն ներման մեջ չէ, եթե միայն ներման լինի, ապա ներում են մարդուն, որ մի բան է արել եւ պատիժ չի կրել եւ մենք իրեն պիտի ներենք, բայց չմոռանանք 20 տարի, 23, 25 տարի դրանք պատժաչափեր են ,որոնք մարդիկ արդեն կրել են, նույնիսկ, եթե այստեղ չնայենք արդար են, արդար չեն, նույնիսկ, եթե մեղավոր են եղել, հանցանք են գործել եւ հանցանքն ապացուցված է, բայց 20 տարի, 25 տարի մի ժամանակ է, որ բավարար է զղջալու, ապաշխարելու, փոխվելու համար։ Է մենք ամեն մեկս մեզ նայենք 20 տարի առաջ մենք ով էինք, այսօր մենք ով ենք, թերեւս շատերիս աշխարհայացքում, մտածելակերպում տրամագծորեն փոփոխություններ են եղել այս բաները պիտի հաշվի առնվեն:

Այսինքն ամեն ինչ պետք է բերել օրինական դաշտ եւ ոչ թե շնորհ է արվում մարդուն, այլ օրենքով, եթե հասնում է նայել իր վարքը, իր բարքը,իր ընթացքը ըստ այդմ նայել: Այսօր մենք ունենք շատ ցմահ դատապարտյալներ, որոնք ներողություն խոսքերիս համար, բայց անբասիր կյանքով են ապրում ` մարդիկ կալանավայրերում համալսարաններ են ավարտել, դիպլոմներ են պաշտպանում, այսօր ցմահ դատապարտյալ ունենք, որ աշխատում է թեկնածուական թեզի վրա, ցմահ դատապարտյալներ ունենք,որ ստեղծագործում են` ցուցահանդեսներ են բացում, գրքեր են հրատարակում։ Է լավ այդ մարդիկ 18, ֊19 տարեկան են եղել խակ երեխաներ են եղել, որ աշխարհի մեծ մասում այդպիսի դատավճիռ չի կայացվում: Հետո մի բան էլ կա այն տարիներին չգիտեմ մոտեցումներն են այլ եղել, թե օրենքը դատավճիռները շատ խիստ են կայացվել, օրինակ նմանատիպ եւ ավելի ծանր հանցանքների համար այսօր շատ ավելի մեղմ դատավճիռներ են կայացվում եւ այստեղ էլ անարդարության զգացում»:

Բայց ոչ իշխանության հակառակորդները ոչ էլ իշխանությունը քահանայի խոսքին ուշադրություն չդարձրեցին, կարծես չէր էլ եղել, ընդորում Ենոքյանի ազատման դեմ պայքարողները, գրեթե բոլորը հանդես են գալիս որպես Առաքելական եկեղեցու հավատացյալ։ Չէ, ի՞նչ Առաքելական, իշխանության դեմ սևեռվածությունից իրենց էնպես են կորցնում, որ աչքներին առաքեկալան քահանա կերևա՞, հազիվ գտել են հասարակության էն թույլ տեղը՝ դիակ և որդեկորույս ծնողների վիշտը, որոնք խաղացնելով մարդկանց գրգռեն, ու ստիպեն որ իշխանությունը իրենց ուզածը անի։ Ճիշտ հաշվարկ, ու վարչապետը արեց, մերժեց Մհեր Ենոքյանի խնդրագիրը։

Մյուս կողմն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինանը, ով հայտարարում է թե «իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է», հա, գիտենք, մոմ վառելուց տեսել ենք, էլ ուրի՞շ, թե՞ դուխի ասպետի դուխը մի տեղ կա որ չի հերքում՝ ամբոխին դեմ գնալ ու մի անգամ քահանայի խոսքին հետևել՝ ցմահին ազատություն շնորհել, ի՞նչ առաքելական, կարևորը ամբոխահաճո լինելն է։

Արդարադատության նախարար Զեյնալյանն ասում է թե, «հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով», այսինքն խոստովանում է, որ իրենք ոչ թե իրավունքով են շարժվում, այլ ամբոխավարությամբ: Բայց հասարակությանը մեկ առ մեկ հարցրե՞լ են, որ ասում են պարտաստ չի, թե՞ ով բարձր գոռա, նա է հասարակությունը, իսկ գուցե ձայն տայի՞ք տարբեր շերտեր խոսային, հետն էլ հասարակույանը պատրաստեի՞ք, ուղիղ ժողովրդավարությունից էիք խոսում, ուղիղը կարծեմ միայն բարձր գոռացողներով չի։

Իսկ եթե իրոք հասարկությունը պատրաստ չի 23 տարի նստած մարդուն ազատություն տալ, ապա այդ ինչպե՞ս է պատահել, որ հարցումները պարզել են, թե Եվրախորհրդի երկրների մեջ Հայաստանում ամենաշատն են Աստծուն հավատում՝ 79տոկոսը, միայն գրված չէր, թե այդ ո՞ր Աստծուն են հավատում։

Հա, մեկ էլ բուռն քննարկում էր գնում, թե պե՞տք է արդյոք Եկեղեցու պատմություն դպրոցներում ուսուցանեն, թե՞ աշխարհիկ երկրի պետական դպրոցում անընդունելի է կրոնը, քահանան մուտք գործի՞ դպրոց, թե՞ պահակը դեմը փակի։ Եթե ձեր տված կրթությունը պիտի Նիկոլ֊Աշոտյանական պատեհապաշտության աշխարհիկ քարոզը լինի, ապա գոնե հավասարկշռելու համար լավ կլինի Հայ առաքելական եկեղեցու պատմություն էլ ուսուցանվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: