Հայերեն   English   Русский  

Նոր վտանգ, որ սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը


Ինչո՞ւ են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը խզում Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը և ի՞նչ է սպասում աշխարհին


  
դիտումներ: 1165

Միացյալ Նահանգներն այսօրվանից՝ փետրվարի 2-ից, դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շրջանակներում:

Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մեղադրեց Ռուսաստանին պայմանագրի «էական խախտման» մեջ: Նա Մոսկվային վեց ամիս տվեց «պայմանագրի լիակատար և ստուգելի կատարմանը» վերադառնալու համար: Սակայն ռուսական կողմը բազմիցս է հերքել նման մեղադրանքները և իր հերթին հայտարարել ՄՓՀՀՊ-ն դադարեցնելու մասին:

Ի՞նչ է Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ)

ՄՓՀՀՊ-ն ստորագրել են ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1987 թ. դեկտեմբերի 8-ին: Այն ուժի մեջ է մտել 1988 թ. հունիսի 1-ին: 1991 թ. հունիսին պայմանագիրը կատարված էր լիովին: ԽՍՀՄ-ը գործարկումից դուրս էր բերել երկու անգամ ավելի շատ հրթիռներ, քան ԱՄՆ-ն (1846 և 846), գրեթե երեք անգամ ավելի շատ գործարկման տեղադրումներ (825 և 289) և գրեթե յոթ անգամ ավելի շատ հրթիռային բազաներ (69 и 9): 2001 թ. մայիսի 31-ին կողմերն ավարտել են տեսչական գործունեությունը:

ՄՓՀՀՊ-ն փաստորեն առաջին փաստաթուղթն է պատմության մեջ մի ամբողջ դասի սպառազինության վերացման վերաբերյալ: Դրա մասնակիցները պարտավորվում էին ոչնչացնել վերգետնյա տեղադրման բոլոր միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռները: Բացի այդ, կողմերը պայամանավորվել են չարտադրել և չփորձարկել նոր միջին և փոքր հեռահարության հրթիռներ (այդուհանդերձ պայմանագիրը չի արգելում հետազոտական աշխատանքները, որոնք արգելված համակարգերի արտադրության և թռիչքային փորձարկումների նպատակ չեն հետապնդում):

1992 թ., երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, փաստաթուղթը բազմակողմ դարձավ, դրա մասնակիցը դարձան, բացի Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան: Պայմանագիրն անժամկետ է, սակայն կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի խզելու այն, եթե որոշի, որ «պայմանագրի բովանդակության հետ կապված բացառիկ հանգամանքները վտանգի տակ են դնում սեփական գերակա շահերը»: Պայմանագիրը խզելու մասին ծանուցումը պետք է արվի վեց ամիս առաջ:

Ինչո՞ւ է կարևոր այդ պայմանագիրը

ԱՄՆ-ի դուրս գալը ՄՓՀՀՊ-ից կարող է հանգեցնել սպառազինության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վերահսկողության ողջ համակարգի փլուզմանը: Այս կարծիքին են և՛ Ռուսաստանի, և՛ երկրների մեծ մասի ղեկավարներն ու առանցքային քաղաքական գործիչները: Նրանց կարծիքով՝ արդի պայմաններում պայմանագիրը կայունացնող գործոնի դեր է կատարում և ռազմական ոլորտում ապահովում է որոշ չափով կանխատեսելիությունն ու զսպվածությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ է պայմանագրի խզմանը, սակայն զգուշացրել է, որ ստիպված կլինի համարժեք արձագանքել, եթե ԱՄՆ-ն խզի այն:

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվել է, որ ՄՓՀՀՊ-ն «նպաստել է սառը պատերազմի ավարտին» և Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հիմնասյուներից մեկն է եղել: Եվրոպայի անվտանգության տեսանկյունից պայմանագրի կարևորության մասին արտահայտվել են նաև Եվրամիության երկրների առաջնորդները:

2001 թ. դեկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հայտարարեց , որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից (ՀՀՊ): 2018 թ. մարտին Պուտինը հայտարարեց, որ երկու երկրների միջև սպասազինության վազքը սկսվել է հենց այդ պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո: Փետրվարի 2-ին ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ընթացակարգն սկսելը կնշանակի, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը 20 տարվա ընթացքում զրկվել են երկու հիմնարար պայմանագրից, որոնք տասնակ տարիներ պահպանում էին միջուկային հավասարությունը:

2021 թ. փետրվարի 5-ին կարող է գործողությունը դադարեցնել նաև մեկ այլ պայմանագիր՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանագիրը ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին (СНВ-III): Դրա երկարաձգման բանակցությունները դեռ չեն սկսվել:

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները դադարեցնում իր մասնակցությունը

Միացյալ Նահանգներն առաջին անգամ մեղադրեց Ռուսաստանին ՄՓՀՀՊ-ն խախտելու մեջ 2014 թ. հուլիսին: Այն ժամանակ հայտնում էին, որ ՌԴ-ն մշակում է հրթիռներ, որոնք գործողության 500-5500 կմ շառավիղ ունեն: 2017 թ. ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին, որ խոսքը «Новатор 9М729» հրթիռի մասին է (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման՝ SSC-8), որը Ռուսաստանը փորձարկել է 2016 թ. Կապուստին Յար հրաձգարանում: Մտահոգության էությունն այն է, որ հրթիռի հեռահարությունը գերազանցում է 3000 կմ-ը:

2018 թ. հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա ՄՓՀՀՊ-ից, քանի որ Ռուսաստանը, Վաշինգտոնի կարծիքով, խախտում է պայմանագիրը: Պոմպեոն էլ դեկտեմբերի 4-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքում ասաց, որ Վաշինգտոնն այլևս չի կատարի իր պարտավորությունները ՄՓՀՀՊ-ով, եթե Ռուսաստանը 60 օրվա ընթացքում չվերադառնա պայմանագրի կատարմանը:

2019 թ. հունվարի 15-ին Ժնևում տեղի ունեցան ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջգերատեսչական ձևաչափով խորհրդատվությունները ՄՓՀՀՊ-ի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքում ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության գծով տեղակալ Անդրեա Թոմփսոնը հերթական անգամ մեղադրեց Մոսկվային պայմանագիրը խախտելու մեջ և հաստատեց, որ Վաշինգտոնը կսկսի պայմանագրից դուրս գալու գործընթացը փետրվարի 2-ին, եթե Ռուսաստանը չոչնչացնի 9М729 հրթիռը:

Փետրվարի 1-ին Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն դադարեցնում է մասնակցությունը ՄՓՀՀՊ-ին: Պետքարտուղարը Մոսկվային վեց ամիս տվեց «պայմանագրի լիակատար և ստուգելի կատարմանը» վերադառնալու համար: Նա նկատի ունի «ՄՓՀՀՊ-ն խախտող հրթիռները, դրանց գործարկման տեղադրումները և ուղեկից սարքավորումները» ոչնչացնելը: Նրա վարկածով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջադրել է, ընդ որում՝ կառավարության բարձր մակարդակով, նրա կողմից ՄՓՀՀՊ-ն ավելի քան 30 անգամ ենթադրյալ խախտման հարցը:

Իրականում Ռուսաստանը խախտո՞ւմ է ՄՓՀՀՊ-ի դրույթները

Ռուսաստանի զինվորականները և դիվանագետները քանիցս հերքել են ԱՄՆ-ի մեղադրանքները: ՌԴ ԱԳՆ-ում վստահեցրել են, որ 9М729 հրթիռը չի խախտում ՄՓՀՀՊ-ի պայմանները և երբե չի փորձարկվել արգելված հեռահարության համար: 2017 թ. սեպտեմբերի 18-ին Կապուստին Յար հրաձգարանում կատարվել է այդ հրթիռի ուսումնամարտական գործարկումը առավելագույն հեռահարությամբ. այն թռել է մինչև 480 կմ:

Հունվարի 23-ին պաշտպանության նախարարությունը ցուցադրել է օտարերկրյա ռազմական կցորդներին և ռուսական ու արտասահմանյան ԶԼՄ-ներին «Искандер-М»-ի գործարկման տեղադրումը 9М729 չորս հրթիռներով և հրթիռի տրանսպորտագործարկման պարունակը: ՌԴ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին բացատրել է ճեպազրույցի ժամանակ, որ 9М729-ը չի կարող լցվել այնպիսի քանակությամբ վառելիքով, որը բավարարի ՄՓՀՀՊ-ն խախտելու համար: Նա ընդգծել է, որ վառելիքի չափից ավելի զանգվածը հրթիռում զորանոցային պայմաններում անհնարին է:

Մինչդեռ Ռուսաստանը հանդիպակաց պահանջներ ունի ԱՄՆ-ից, որոնք վերաբերում են պայմանագրի կատարմանը: Արտաքին գործերի նախարար Սեգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն ինքն է «բավական կամայականորեն մեկնաբանում համաձայնեցված պարտավորությունների էությունը, երբ դրանք խոչընդոտում են իր համար կարևոր սպառազինությունների ստեղծումը»:

Մասնավորապես դա վերաբերում է ՀՀՊ միջոցների փորձարկումներում թիրախ հրթիռների (Нera, LRALT и MRT) օգտագործմանը, որոնք բնութագրով համապատասխանում են միջին և փոքր հեռահարության հրթիռներին (ԱՄՆ-ն դրանք դասակարգում է որպես պայմանագրով թույլատրված «հող-օդ» դասի հրթիռներ, իսկ ռուս մասնագետները համարում են, որ դրանց անվան տակ տեղի է ունենում արգելված հեռահարության հրթիռների արտադրության տեխնոլոգիաների մշակում):

Ինչպե՞ս արձագանքեց Մոսկվան Պոմպեոյի հայտարարությանը

Մոսկվայի հասցեին ամերիկյան ներկայացուցիչների քննադատական արտահայտություններին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն հրապարակեց, որում ասվում է, որ Ռուսաստանն այսուհետև էլ կհակադրվի ԱՄՆ-ի ապակառուցողական գործողություններին սպառազինության վերահսկողության ոլորտում:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ «եթե ամերիկյան կողմն այնուամենայնիվ վերջնականապես ձևակերպի իր կարծիքը և դուրս գա ՄՓՀՀ պայմանագրից, ապա Մոսկվան իրեն համապատասխան արձագանքի և պատասխան քայլերի իրավունք է վերապահում»:

ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին համարում է, որ Ռուսաստանը չպետք է կատարի ԱՄՆ-ի վերջնագրի պայմանները ՄՓՀՀՊ-ի վերաբերյալ: «Մենք չենք ընդունի նման տոնը»,- ընդգծել է պատգամավորը: Ինչպես նկատել է Սլուցկին, Վաշինգտոնը «նույնիսկ չի թաքցնում, որ մտադիր է օգտագործել պայմանագրից աղմուկով դուրս գալու իրավիճակը իր հրթիռային պոտենցիալը մեծացնելու համար»:

Այսօր Վլադիմիր Պուտինը պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի հետ համդիպման ժամանակ հայտարարեց ՄՓՀՀՊ-ին ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու մասին: Նախագահը կարգադրեց դադարեցնել պայմանագրի հետ կապված բանակցությունների նախաձեռնության փորձերը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջարկությունները «մնում են սեղանի վրա» և «դռները բանակցությունների համար բաց են»: Նրա խոսքով՝ ՌԴ-ն չի ներքաշվելու սպառազինության թանկ արժեցող մրցավազքի մեջ, նոր աշխատանքները տարվելու են առանց բյուջեի ծախսերի մեծացման: Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ ռուսական միջին և փոքր հեռահարության հրթիռները չեն տեղադրվի աշխարհի այս կամ այն տարածաշրջանում ավելի վաղ, քան համանման զենքեր կտեղադրի այնտեղ ԱՄՆ-ն:

Լավրովը հայտնել է Պուտինին, որ հենց Միացյալ Նահանգներն է 1999 թ. ի վեր խախտում պայմանագրի դրույթները: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը ձգտում էր «ամեն ինչ անել, որ փրկի ՄՓՀՀՊ-ն, հաշվի առնելով այն նշանակությունը, որ ունի այն Եվրոպայում և առհասարակ ողջ աշխարհում ռազմավարական կայունություն ապահովելու համար»:

Ինչպե՞ս են արձագանքել աշխարհի մյուս երկրները

ՆԱՏՕ-ում ափսոսանք են հայտնել այն կապակցությամբ, որ «Ռուսաստանն իր ընդհանուր վարքագծի շրջանակներում շարունակում է ժխտել ՄՓՀՀՊ-ի իր խախտումները, հրաժարվում է վստահելի պատասխան տալուց և պայմանագրի լիակատար ու ստուգվող կատարմանը վերադառնալու որևէ քայլ չի անում»: Դաշինքը պաշտպանում է ԱՄՆ-ի գործողությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն առաջիկա վեց ամիսը կօգտագործեն, որպեսզի պահպանեն ՄՓՀՀՊ-ն:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը լիակատար համերաշխություն է հայտնել ԱՄՆ-ին պայմանագրի կատարաումը դադարեցնելու որոշման կապակցությամբ:

Լեհաստանը նույնպես պաշտպանել է ԱՄՆ-ին: «Այդ որոշումը արդարացի պատասխան է Ռուսաստանի Դաշնության կողմից պայմանագրի երկարատև խախտմանը»,- հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Ավստրիայի ԱԳՆ-ն համարում է, որ Վաշինգտոնի հայտարարությունը անհանգստության տեղիք է տալիս: «ԱՄՆ-ի որոշումը ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին ափսոսանք է հարուցում»,- ասել է գերատեսչության ղեկավար Կարին Կնայսլը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը: Նա զուգահեռներ է տարել ՄՓՀՀՊ-ի դարարեցման և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գործողությունների համատեղ համընդգրկուն պլանից (ԳՀՀՊ) հրաժարվելու միջև:

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Մարգոտ Վայլստրյոմը անհանգստություն է հայտնել միջուկային սպառազինության հսկողության իրավիճակի կապակցությամբ:

Շվեյցարիան հույս է հայտնել, որ առաջիկա վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ն և Ռուսաստանը ուղիներ կգտնեն պայմանագիրը պահպանելու համար:

Չինաստանը հանդես է եկել պայմանագիրը ԱՄՆ-ի միակողմ խզելու դեմ և կոչ է արել Մոսկվային ու Վաշինգտոնին կարգավորել տարաձայնությունները երկխոսության միջոցով:

Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Ժոզեպ Բորրելը հայտարարել է, որ պայմանագրի դադարեցումը վատ լուր է և մեծացնում է անկայունությունն աշխարհում:

Իսկ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը կոչ է արել նոր կանոններ մշակել ամեն տեսակ նոր սպառազինությունների համար: Ըստ նրա՝ նման կանոնների շուրջ բանավեճը պետք է վերաբերի ոչ միայն ԱՄՆ-ին և Ռուսաստանին, այլև մյուս երկրներին:

Աղբյուրը՝ ՏԱՍՍ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: