Հայերեն   English   Русский  

«Կառավարության երիտասարդ կազմը պետք է կանգնի Հանրային խորհրդի ուսերին, որ չերերա»․ Անահիտ Բախշյան


  
դիտումներ: 1145

Անկախ-ի զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։

-Տիկին Բախշյան, Դուք եղել եք կուսակցական, Ազգային ժողովի պատգամավոր, սակայն Ձեզ համարում եք առաջին հերթին հասարակական գործիչ։ Չե՞ք ափսոսում, որ այսօր Ազգային ժողովում չեք։

-Ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որովհետև դպրոցը թողնելուց հետո արդեն 12 տարի քաղաքական ու հասարակական գործունեության մեջ եմ, հսկայական փորձ ու հմտություն եմ ձեռք բերել և կարծում եմ, որ դեռ կարող էի ծառայել։ Բայց ես ինձ համարում եմ առաջին հերթին հասարակական գործիչ, քանի որ ցանկացած սոցիալական խմբի, ցանկացած մարդու, պետության ցանկացած խնդիր իմն է դառնում, եթե դրան արձագանքելու ցանկություն է առաջանում։ Իսկ նման ցանկություն հաճախ է առաջանում, քանի որ ես անարդարությունը չեմ կարող հանդուրժել, ուղղակի չեմ կարող լռել և որտեղ խելքս հասնում է, հավուր պատշաճի արձագանքում եմ։

-Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանն աչքի է ընկնում իր երիտասարդ, անփորձ կազմով, ինչը երբեմն գրոտեսկային մեկնաբանությունների առիթ է տալիս։ Ինչպիսի՞ն է Ձեր աչքերով այսօրվա խորհրդարանը։

-Այն, որ երիտասարդ են, շատ լավ է, որվհետև նախկինները երիտասարդ չէին, և տեսանք՝ ինչ եղավ։ Ես երիտասարդների հետ հույսեր կապում եմ, և կան երիտասարդներ, որոնք իսկապես արժանի են լինել Ազգային ժողովում, դառնալ այն խողովակը, որը պետք է ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու, ասելու, պահանջելու, կառավարությանը վերահսկելու համար։ Բայց երիտասարդներին պակասում է փորձը, հատկապես հանրային կառավարման ոլորտում, որը կրթություն է։ Անփորձություն իհարկե կա։ Եթե դա համատեղվի աշխատասիրությամբ, հետևողականությամբ և չմեծամտանալու մոլուցքով, ամեն ինչ լավ կլինի, բայց որոշների մոտ արդեն երևում է մեծամտության, ինքնագոհության մի աստիճան, որը լավ նշան չէ։ Այն, ինչ արեցին 2018 թվականի գարնանը այդ երիտասարդները, ֆանտաստիկ էր, ժողովրդի մեծ մասն ու անձամբ ես, ողջունեցինք, որովհետև նախկին իշխանությունն այլևս փակել էր իր ականջը, իր սիրտը, և դա ուղղակի անտանելի էր։ Այդ երիտասարդները եկան, ժողովրդի մեծ մասի բաղձանքն իրականացրեցին, և հիմա իրենք պետք է նույն ոգևորությամբ լծվեն ցանկացած գործի: Բայց այդ գործերը անելու համար լուրջ փորձ է պետք, հմտություն է պետք, աշխատասիրություն ու ժամանակ է պետք։ Ինչ-որ հախուռն բաներ են անում, կարծում են, որ վաստակել են այն տեղը, որ հասել են։ Խոսք չկա, իսկապես վաստակել են, բայց այդ տեղում մնալու, այդ վստահությունն ամրապնդելու համար լուրջ անելիք ունեն։

-Եվ որո՞նք են այդ անելիքները։

-Իրենք պիտի կարողանան հենվել մեծերի ուսերի վրա, խորհուրդ հարցնել, լսել, քննարկել նրանց հետ, ովքեր արդեն այդ փորձն ունեն, և կարևոր չէ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ դա կլինի, թե ոչ։ Օրինակ, Սփյուռքի նախկին նախարարը, երբ հանդիպեց Աշոտյանի հետ և ինչ-որ հարցեր քննարկեց, ես դա շատ ողջունեցի, որովհետև ինչ ուզում է լինի, Աշոտյանը կուտակած հսկայական ռեսուրս ունի։ Այդպիսիք կան, և անտեսել այդ ռեսուրսը, նշանակում է չափից ավելի մեծամտանալ, որից իրենց գործի հետագա արդյունավետությունը հաստատ տուժելու է։ Ցավոք, լսելու այդ կարողությունը առայժմ չեմ տեսնում։

-Պարգևավճարների թեման դեռևս ակտուալ է, արժե խոսենք նաև այդ մասին, հատկապես, որ երևույթը բացասական ազդեց թավշյա հեղափոխության տրամաբանության ու սպասելիքների վրա։ Փաստորեն, դա ինչ-որ ցուցիչ էր, որն արտացոլեց նոր իշխանության գործելաոճը, իրական դեմքը։

-Որպես Երևանի ավագանու նախկին անդամ՝ ես գիտեմ, որ այդ պարգևավճարները նախկինում էլ կային, օրենքն է դա թույլ տալիս, մենք էլ տեսնում էինք այդ ցուցակը։ Բայց նախկինում էլ էին խոսում այդ պարգևավճարների մասին՝ քննադատելով, թե այս ի՞նչ շռայլություն է, ավելի կարևոր տեղ չկա՞ այդ գումարը ծախսելու, պետք է բոլորի աշխատավարձերը բարձրացնել և այլն։ Ընդ որում, այսօրվա իշխանությունն էլ էր նախկիններինին մեղադրում այդ հարցում։ Անձամբ ես կարծում էի, որ իշխանությունը փոխվելուց հետո այս համակարգը կվերանայվի, բայց նախկինից մնացած այդ ոչ թափանցիկ գործընթացը շարունակվեց նաև այս իշխանությունների օրոք։ Ավելին, առաջ ես չեմ հանդիպել նման թվերի, միլիոնների, չնայած գործող քաղաքապետն ասաց, որ նախկինում հրապարակել են մի փաստաթուղթ, բայց ստացել են ավելին։

-Եթե անգամ ամեն ինչ օրենքի սահմաններում է, բարոյական տեսանկյունից ընդունելի՞ է, որ մի քանի ամիս աշխատած պաշտոնյաները պարգևատրվեն կամ բարձրագոչ լոզունգներով իշխանության եկած մարդիկ միանգամից մտածեն իրենց պարգևատրելու մասին։

-Բարոյական կողմը ոչ մի քննության չի դիմանում, որովհետև մի երկրում, որտեղ կա 30 տոկոս աղքատություն (դա դեռ պաշտոնական թվերով), ժողովրդի քվեի 70 տոկոսը ստացած քաղաքական ուժը առաջին հերթին պետք է մտածեր՝ որքանո՞վ է բարոյական, եթե ես շարունակեմ նախորդների նման պարգևավճարներ վերցնել։ Կամ մի քանի ամիս աշխատած մարդիկ պարգևավճարներ ստացան։ Սա է ամենավրդովեցուցիչ բանը, որը ցավոք հավուր պատշաճի գնահատական չստացավ վարչապետի կողմից։ Ասում է՝ աշխատավարձերը ցածր են, էդպես պետք է լինի։ Այո, աշխատավարձերը ցածր են, բայց բոլորի համար են ցածր։ Եվ վերջապես այն խրոխտ խոսքերը, որոնցով դուք եկել եք, նշանակում էր, որ դուք պետք է պատրաստ լինեք նաև նեղություն քաշելու։ Այն ժամանակ ես հավատում էի, որ այս քայլող բանակը գալիս է նեղություն կրելու և պատրաստ է մեր ժողովրդի զրկանքներն իր մաշկի վրա զգալու։ Բայց, կներեք, շատերի մոտ՝ ընդհակառակը։

-Շատ է քննարկվում նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որտեղ, ի թիվս մի շարք փոփոխությունների, նախատեսվում է Մշակույթի նախարարության գործունեությունը վերակազմակերպել Գիտության, կրթության նախարարության կազմում։ Իբրև կրթության փորձագետ՝ ինչպե՞ս եք վերաբերում կառավարության այս նախաձեռնությանը։

-Գիտե՞ք, մինչև չկարդամ այդ փաստաթուղթը և հատկապես դրա հիմնավորումը, չեմ կարող հստակ որևէ ասել։ Ասում են՝ արդյունավետության համար է։ Բայց այդ արդյունավետութան ճանապարհը պետք է մասնագետները գտնեն։ Ես ուզում եմ այդ մասնագետների գրածը կարդալ։

-Այնուամենայնիվ, հասարակության մեջ կա մի շերտ, որը գտնում է՝ անկախ ամեն ինչից Հայաստանը պետք է ունենա Մշակույթի նախարարություն կամ Սփյուռքի նախարարություն։ Այդ տեսակետին կո՞ղմ եք։

-Ոչ, ես այդ տեսակետին կողմ չեմ։ Ինձ համար դա պարտադիր չէ։ Ես ուզում եմ լսել կառավարման ոլորտի տարբեր մասնագետների կարծիքը և ըստ այդմ որոշել։ Հիմա այդ փաստաթուղթը չկա, որպեսզի ասեմ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ։

-Տիկին Բախշյան, Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջին շրջանում թերևս ամենաշատ քննարկվող և հասարակությանը հուզող թեման է, հատկապես խաղաղության այս ավելացած կոչերի համատեքստում։ Ձեզ մոտ այս հարցի առնչությամբ ի՞նչ մտահոգություններ կամ ի՞նչ սպասելիքներ կան։

-Խաղաղության կոչերի վտանգը ո՞րն է։

-Այն, որ միգուցե մեզ պատրաստում են հողերը խաղաղ հանձնելուն։

-Ինձ համար խաղաղության կոչը դա չի նշանակում։ Ես միացել էի Աննա Հակոբյանի խաղաղության արշավին և հետո զարմանքով էի հետևում, թե ինչ արձագանքներ են հնչում։ Խաղաղությունը չի կարող վատ բան լինել, բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ես շատ տարբեր կարծիքներ եմ կարդացել վերջին շրջանում խաղաղության հետ կապված, և բոլորի մեջ կարմիր թելով այն գիծն է անցնում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Ես դրան եմ հավատում և դրա կողմնակիցն եմ։ Այո, խաղաղությունը պետք է պարտադրվի։ Եվ հավատում եմ, որ վարչապետի բոլոր ելույթները դա են վկայում։ Արցախի հարցում մենք որևէ բան չունենք զիջելու։ Ազատագրված միլիմետր հող անգամ չպետք է տրվի։ Ով նման բան կանի, կնզովվի հայ ժողովրդի կողմից։ Նշանակում է՝ խաղաղությունն էլ պետք է մեր հզորանալով նվաճենք ու պարտադրենք։

-Դուք ընտրվել եք Հանրային խորհրդի անդամ, ինչի առթիվ Ձեզ շնորհավորում եմ։ Լինելով ակտիվ գործիչ՝ Հանրային խորհրդում Ձեր գործունեության համար բավարար դաշտ ու բավարար գործիքներ տեսնո՞ւմ եք։

-Նախ շնորհակալ եմ ինձ ընտրելու համար, կաշխատեմ արդարացնել այդ վստահությունը։ Հանրային խորհուրդն այսօր Սահմանադրությամբ ամրագրված է որպես կավառարության խորհրդակցական մարմին, բայց, ցավոք, այս պահին անգամ գրասենյակ չունի, որտեղ կազմակերպենք մեր քննարկումները։ Մենք պետք է մշտական տեղ ունենանք, չենք կարող ամեն անգամ դեգերել այս կամ այն դահլիճում։ Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի գործունեությանը, այսօր Հանրային խորհրդում հավաքված են հեղինակություն ունեցող, վստահություն կուտակած, ճանապարհ անցած մարդիկ, և ես կարծում եմ, որ կառավարությունը պիտի կարևորի այս մարմնի ասելիքը, կազմակերպի քննարկումներ Հանրային խորհրդում, մասնակցի այդ քննարկումներին։ Հանրային խորհուրդն էլ իր հերթին ցանկացած խնդրի պետք է անդրադառնա, ոչ միայն անդրադառնա, այլ հիմնավոր ձևով քննարկի և առաջարկներ ու դիտողություններ ներկայացնի, այնպես, ինչպես, օրինակ, արդեն արել է Հակակոռուպցիոն ծրագրի վերաբերայլ։ Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը շատ լուրջ փաստաթուղթ է պատրաստել, և Հանրային խորհուրդը պատրաստվում է դա ներկայացնել կառավարությանը։ Եվ ես կարծում եմ, որ կառավարությունը չի կարող դա անտեսել։ Առհասարակ, այլևս չի կարող լինել այնպես, որ մենք լուրջ առաջարկներ ներկայացնենք, և դրանք անտեսվեն։ Պետք է մեզ լսեն, որովհետև դա կառավարությանն օգնող, սատարող, կառավարության որոշումները երկաթյա հիմնավորում դարձնող կառույցի ասելիք է։

-Հատկապես, եթե հաշվի առնենք այսօրվա կառավարության, Ազգային ժողովի երիտասարդ կազմը, Հանրային խորհրդի կարծիքը իսկապես կառավարության համար պետք է արժեքավոր լինի։

-Այո։ Այն, որ ասում եմ՝ երիտասարդները պետք է մեծերի ուսերին կանգնեն, Հանրային խորհրդի դեպքում շատ տեղին է։ Կառավարության երիտասարդ կազմը պետք է կանգնի Հանրային խորհրդի ուսերին, որ չերերա, իր ասելիքն ավելի համոզիչ ասի, ավելի պինդ ասի։ Բերդ պարն ինչպե՞ս է, հենց նույն ձևով կառավարությունը, Հանրային խորհրդի ուսերին կանգնելով, պետք է այդ բերդը կառուցի ու ապահովի բերդի՝ Պետության անսասանությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: