Հայերեն   English   Русский  

Ծառայած և չծառայած պատգամավորները․ զինծառայությունը շարունակում է պարտադիր պայման չլինել պետական պաշտոն ունենալու համար


  
դիտումներ: 1209

Օրեր առաջ նշում էինք ՀՀ 3-րդ հանրապետության զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը։ Եվ պաշտոնյաների բոցաշունչ ելույթները, այցելությունները զորամասեր հարց են առաջացնում՝ իսկ նրանցից քանիսն են ժամանակին ծառայել բանակում։

Այս հարցն առավել արդիական է հեղափոխության և հաջորդող փոփոխությունների համատեքստում․ գաղտնիք չէ, որ նախորդ իշխանություններիօրոք պաշտոնյաների մեծամասնությունը բանակում ծառայած մարդիկ չէին։ «Անկախն» ուսումնասիրել է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կենսագրությունները՝ պարզելու, թե արդյոք այս առումով երկրում իրավիճակ է փոխվել։

Պիտի փաստենք, որ ԱԺ կայքում դեռևս ոչ բոլոր պատգամավորների կենսագրություններն են հասանելի։ Հետևաբար, կլինեն և ծառայած, և չծառայած պատգամավորներ, որոնք կարող են դուրս մնալ ցանկից։

Տվյալների ներկայացումն սկսենք ԱԺ ղեկավարությունից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կենսագրությունում խոսք չկա բանակում ծառայության մասին։ Նա պատմական գիտությունների թեկնածու է, և հավանաբար ժամանակին ազատվել է ծառայությունից որպես ասպիրանտ-գիտաշխատող։ Բանակում չծառայած ԱԺ խոսնակը 2016-ին պարգևատրվել է ՊՆ պատվոգրով․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Փաշինյանն իր կուսակցականներով մարտական հերթապահություն է իրականացրել սահմանին։

Ի տարբերություն Միրզոյանի՝ ԱԺ երկու փոխխոսնակները բանակում ծառայել են։ Վահե Էնֆիաջյանը ծառայել է 1996-1998թթ․, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 2000-2002թթ․։

Այժմ ներկայացնենք պատգամավորների զինվորական ուղին՝ ըստ խմբակցությունների։

«Իմ քայլը» խմբակցություն

Այս խմբակցությունն ունի արական սեռի 65 պատգամավոր։

Այսպես՝ բանակում ծառայության մասին խոսք չկա «Իմ քայլը դաշինքից» պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Էդգար Առաքելյանի, Սոս Ավետիսյանի, Արման Բոշյանի, Սեդրակ Թևոնյանի, Շիրակ Թորոսյանի, Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Կոնջորյանի, Վաղարշակ Հակոբյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արտակ Մանուկյանի, Կորյուն Մկրտչյանի,Նարեկ Մկրտչյանի, Գևորգ Պապոյանի, Կարեն Սարուխանյանի, Ալեքսեյ Սանդիկովի,Արտաշես Պետրոսյանի,Վլադիմիր Վարդանյանի, Անդրանիկ Քոչարյանի կենսագրություններում։

Բանակում չի ծառայել նաև խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, 74-ամյա Կնյազ Հասանովը։

Բանակում չծառայած պատգամավորերից Հովիկ Աղազարյանը 90-ականներին մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատարը։ Նա 2016-ին պարգևատրվել է ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալով։

36-ամյա Ալեքսեյ Սանդիկովի կենսագրությունում թեև խոսք չկա զինված ուժերում ծառայության մասին, սակայն նա ՊՆ-ի կողմից մի շարք մեդալների է արժանացել՝ «Ռազմական կրթության աջակցության համար», «Ադմիրալ Իսակով», «Մարշալ Բաղրամյան», «ՀՀ զինված ուժեր․20 տարի»։

Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունում, չնայած խորհրդային բանակում ծառայության մասին տեղեկություններ չկան, նա 1991-1995թթ․ եղել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, 1999-2000թթ․՝ վարչապետի խորհրդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և կադրային քաղաքականության հարցերով։

Պատգամավորներ Արման Բոշյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սեդրակ Թևոնյանի, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի, Արտաշես Պետրոսյանի կենսագրություններից կռահելի չէ, թե ինչ հիմքերով են ժամանակին ազատվել ծառայությունից։

Իսկ ահա չծառայած պատգամավորներից Շիրակ Թորոսյանը, որը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, պատմական գիտությունների թեկնածու է, Վարազդատ Կարապետյանը տնտեսագիտության թեկնածու է,28-ամյա պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը պատմական գիտությունների թեկնածու է, ԿԳ նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պատմական գիտությունների թեկնածու է, Արտակ Մանուկյանը տնտեսագիտության թեկնածու է, Նարեկ Մկրտչյանը ևս պատմական գիտությունների թեկնածու է, 30-ամյաԳևորգ Պապոյանը տնտեսագիտության թեկնածու է, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Բանակումծառայած պատգամավորներից են Մաթևոս Ասատրյանը, Կարեն ՀամբարձումյանըՎահագն Հովակիմյանը, Արգիշտի Մեխակյանը։Պատգամավոր Գոռ Գևորգյանը բանակում ծառայել է մեկ տարի՝ 1998-1999թթ․։ Ծառայությունն էլ չի խանգարել, որ հետագայում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանա։ Ծառայել է նաև Արթուր Դավթյանը․ նա պահեստազորի կրտսեր լեյտենանտ է։ Դավթյանը ևս 1 տարի է ծառայել՝ 1998-1999թթ․։

Նախկին ԱԳփոխնախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահՌուբեն Ռուբինյանը ծառայել է 2012-2014թթ․։ Նա նաև 2016թ․ պարգևատրվել է ՊՆ պատվոգրով։

Իսկ ահա պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ոչ միայն ծառայել է բանակում, այլ նաև պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով և «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով։

Վարչապետի կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, որը Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, ծառայած պատգամավորներից է․ նրա զինծառայող է եղել 1998-2000թթ․։

Բժշկական գիտությունների թեկնածու, պատգամավոր Արտակ Զեյնալյանը ևս ծառայել է․ նա բուժծառայության սպա է։

35-ամյա պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ծառայել է 2005-2007թթ․։ Նա ևս պատմաբան է։ Տավուշի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Վահե Ղալումյանը ծառայել է 1994-1996թթ․։

Պատգամավոր Արամ Խաչատրյանն ունի զինվորական կրթություն։ 1999-ին ավարտել է ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել մինչև 2009թ։ Մայոր է։

ՔՊ-ական թերևս ամենահայտնի ազատամարտիկ պատգամավորը Սասուն Միքայելյանն է։ Նա ծառայել է խորհրդային բանակում 1976-1978թթ․, մասնակցել է Արցախյան ազատամարտին, 1988-ին կազմավորել ու ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը։

Խմբակցության՝ խորհրդային բանակում ծառայած պատգամավորներից է Արսեն Միխայլովը։

ԲՀԿ խմբակցություն

Խմբակցությունն ունի արական սեռի 21 պատգամավոր։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծառայել է խորհրդային բանակում 1975-1977թթ․։ Իսկ ահա խմբակցության քարտուղար Արման Աբովյանը բանակում չի ծառայել։

Չի ծառայել նաև Արայիկ Աղաբաբյանը, սակայն նրա կենսագրությունում նշված է, որ Արցախյան ազատամարտի տարիներին աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին։

Չեն ծառայել նաև Վարդան Ղուկասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Վարդանյանը։

Խորհրդային բանակում են ծառայել ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գրիգորյանը/ ծառայել է 1987-1989թթ․, չնայած նրա կենսագրությունում նշված է, որ այդ տարիներին ծառայել է ՀՀ զինված ուժերում/, Վարդևան Գրիգորյանը, որը նախկինում Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր, Միքայել Մելքումյանը, Հրանտ Մադաթյանը։ Վերջինս, ըստ իր կենսագրական տվյալների, մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին և 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին։2016-ին պարգևատրվել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

Սերգեյ Բագրատյանի կենսագրությունում խորհրդային բանակում ծառայության մասին տեղեկություններ չկան, սակայն նա պահեստազորի ավագ լեյտենանտ է։ Ծառայության մասին տեղեկություններ չկան նաև Գևորգ Պետրոսյանի կենսագրությունում, սակայն նա պահեստազորի լեյտենանտ է։

Իսկ ՀՀ զինված ուժերում ԲՀԿ-ական պատգամավորներից ծառայել է 35-ամյա Դավիթ Մանուկյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Խմբակցությունն ունի արական սեռի 14 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում 1999-2001թթ․։ Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նույնպես ծառայել է 2007-2009թթ։

ԼՀԿ-ի՝ բանակում ծառայած պատգամավորներից են Սարգիս Ալեքսանյանը, որը պահեստազորի լեյտենանտ է, Էդվարդ Անդրեասյանը, որը պահեստազորի ավագ լեյտենանտ է, Հարություն Բաբայանը, Գուրգեն Բաղդասարյանը։

ԼՀԿ խմբակցությունից ծառայության մասին խոսք չկա Արմեն Եղիազարյանի, Սարիկ Մինասյանի, Կարեն Սիմոնյանի, Տարոն Սիմոնյանի կենսագրություններում։ Տարոն Սիմոնյանն, ի դեպ, իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Իսկ ահա խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը 2006-ին ազատազրկման է դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։

Ամփոփելով պատգամավորների կենսագրությունների ուսումնասիրությունները՝ կարելի է տարբերակել մի քանի խումբ․մարդիկ, որոնք ծառայել են խորհրդային բանակում կամ ՀՀ զինված ուժերում՝ կախված տարիքից։ Մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել, բայց ունեն գիտական աստիճան․ ենթադրվում է, որ ծառայությունից հենց ասպիրանտական կրթության շնորհիվ են ազատվել։ Եվ կա երրորդ խումբը, որը չունի գիտական աստիճան և բանակում էլ չի ծառայել լայն հանրության համար անհայտ պատճառներով։

Կարող ենք նշել, որ մեր երկրում բանակում ծառայած լինելը շարունակում է պարտադիր պայման չլինել պետական պաշտոն ունենալու համար։ Համենայնդեպս, սա է փաստում բանակում չծառայած պատգամավորների հոծ բազմությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: