Հայերեն   English   Русский  

Քարահունջի հարցը քննարկվեց նաև Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում․ արդյունքները կներկայացվեն վարչապետին


  
դիտումներ: 2030

«Գառնու տաճարի սյուներից մեկն անհետացել է»,-նման սենսացիոն հայտարարություն արեց մաթեմատիկոս, Քարահունջի ուսումնասիրությամբ զբաղվող Վաչագան Վահրադյանը Հանրային խորհրդի Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում Քարահունջի հետ կապված քննարկման ժամանակ։

Այնուհետև Վահրադյանը շտապեց հանգստացնել ներկաներին՝ ասելով, որ իր ասածն ընդամենը կատակ էր, բայց դրանով ուզում էր ուշադրություն հրավիրել Քարահունջում տեղի ունեցած նմանատիպ երևույթի վրա, որը նույնքան սենսացիոն է, սակայն համապատասխան ուշադրության այդպես էլ չի արժանանում։ Խոսքը, ըստ նրա, Քարահունջի առանցքային քարերից մեկի մասին է, որի անհետացման փաստի մասին բարձրաձայնում է արդեն տասը տարի։

Քարահունջի վերաբերյալ ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության լայն շերտերի տեսակետները հակասական են։ Գիտնական Պարիս Հերունու վարկածի կողմնակիցները համոզված են, որ ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկն է, մյուսները համաձայն չեն այդ կարծիքին։

Նախորդ տարեվերջին հնավայրում իրականացվող պեղումները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Բանն այն է, որ արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը հայտարարել էր, թե հնավայրի տարածքը դամբարանադաշտ է, քանի որ այնտեղ աստղադիտարանի փաստը վկայող որևէ բան չի հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ոսկորներ։

Բացի այդ, պեղումների ընթացքում քարերը տեղաշարժվել էին, ինչը, ըստ որոշ մասնագետների, կարող է լրջորեն վնասել պատմամշակութային հնավայրը և այն իբրև աստղադիտարան դիտարկելու հնարավորությունը։

«Ցանկացած պեղում, այն էլ այնպիսի տեղում, ինչպիսի Քարահունջն է, որտեղ քարերի դասավորվածությունը կառուցվածքա-ֆունկցիոնալ նշանակություն ունի, պետք է սկսվեր չափագրումից։ Կառույցը չափագրված չէ։ Կամ ասում են՝ ոսկորներ են գտել։ Նկարվե՞լ են այդ ոսկորները, կա՞ն ապացույցներ, որ այնտեղից ոսկորներ են հանվել։ Ոչ, չկան»,-ասում է Վահրադյանը։

Վաչագան Վահրադյանը, որն իբրև մաթեմատիկոս է ուսումնասիրել հնավայրը, հաստատում է Հերունու վարկածը՝ Քարահունջը աստղադիտարան է․ «Պետքէ նախ ուսումնասիրել կառուցվածքը, որն էլ պայմանավորում է գործառույթը։ Այդ եղանակով ուսումնասիրությամբ պարզվում է, որ այն աստղադիտարան է»։

Անկախ փորձագետ Վազգեն Գևորգյանը, որը նույնպես երկար տարիներ զբաղվում է Քարահունջի ուսումնասիրությամբ, 2015 թվականին Հայաստան է հրավիրել անգլիացի անվանի գիտնական Գրեմ Հեքոքին։ «Այսպիսի հեղինակավոր գիտնականի հայտարարությունից հետո «National Geographic» ամսագիրը Քարահունջը, որն արդեն «հայկական Սթունհենջ» են անվանում, ներառեց աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում։ Ամսագրում նշված էր, որ մեր նախնիները Օրիոնի և Սիրիուսի դիտարկումներ են արել Քարահունջի միջոցով»։

Այնուհետև Գևորգյանը 2017-ին Հայաստան է հրավիրել աստղագետ-հնաբանի Ռուսաստանից, որի հետ նույնպես կատարել են ուսումնասիրություններ, չափագրումներ և հիմնավորել Հերունու վարկածը։

«Տեր կանգնենք Քարահունջին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Արամյանի խոսքով՝ Քարահունջում պեղումների հետևանքով առաջացած փոսերը վտանգավոր են հատկապես գարնանային ձնհալների դեպքում։ «Քարահունջը ռազմավարական նշանակություն ունեցող մշակութային կոթող է, որը պետք է պաշտպանել ոտնձգություններից։ Այն աշխարհին ներկայանալու մեր անձնագրերից մեկն է, և ես խնդրում եմ, որ բոլորս ձեռնամուխ լինենք Քարահունջի պաշտպանությանը»։

Նախաձեռնության անդամները հորդորեցին ընդլայնել պայքարը, հանրային հնչեղություն տալ, քանի որ Քարահունջի՝ աստղադիտարան լինելու վարկածը լրջորեն վտանգված է։

Նախաձեռնության անդամները նաև գտնում են, որ հուշարձանը պետք է ցանկապատել, կազմակերպել պահակային ծառայություն, պետականորեն պատասխանատվություն կրել պահպանության համար։

Աստղադիտարա՞ն է Քարահունջը, թե ոչ, հարցի պատասխանը կարող են տալ միայն գիտական լուրջ ուսումնասիրությունները։ Մինչ այդ, սակայն, պետք է ապահովել տարածքի անվտանգությունն ու պահպանությունը, ինչն արդեն հրատապ է։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանն ասաց, որ անհրաժեշտ է ի մի բերել քննարկման ընթացքում հնչած կարծիքները, բոլոր առաջարկներին փորձագիտական և իրավական ձևակերպներ տալ, պատրաստել համապատասխան փաստաթուղթ և ներկայացնել ՀՀ վարչապետին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: