Հայերեն   English   Русский  

Նավթամթերքի գնաճ և քաղաքացիական պատերազմ․ Վենեսուելայի ճգնաժամի հնարավոր հետևանքները


  
դիտումներ: 585

Վենեսուելայում առաջացած քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ նաև սպառնում է դառնալ նավթային դեֆիցիտի պատճառ՝ հանգեցնելով վառելանյութի գների բարձրացման։

Պատճառն այդ երկրում երկու նախագահների պայքարն է ամբողջական իշխանության համար, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։

Հեղափոխությանը հաջորդած երկու շաբաթները

Հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի ունեցած հեղաշրջմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն փորձում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը, իսկ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ձգտում է չզիջել իր դիրքերը։ Երկիրը փաստացի շարունակում է ունենալ երկու նախագահ։ Գուայդոյի լեգիտիմությունը որպես նախագահ ճանաչել են ԵՄ երկրների մեծ մասը, ԱՄՆ-ն, Լատինաամերիկյան երկրների գերակշիռ մասը։ Իսկ ահա Մադուրոյի թիկունքը պաշտպանում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան, Բելառուսը, Բոլիվիան, Մեքսիկան, Կուբան և այլ երկրներ։

ճգնաժամ Վենեսուելայում

Վերլուծաբանների կարծիքով՝ ով կարողանա իր ձեռքը վերցնել նավթի վաճառքից ստացվող գումարները, նա էլ ի վերջո կտիրանա իշխանությանը։ Գուայդոյին սատարող ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ նվազագույնի հասցնելու նավթից ստացվող եկամուտները։ Այսպես, ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ նավթի առևտրով զբաղվող ընկերություններին արգելել է այդ երկրից նավթ գնել կամ ներկրել։ Ամերիկյան ընկերությունները Վենեսուելայում կկարողանան գործել մինչև այս տարվահուլիսի 27-ը։ Իսկ այս ընթացքում նավթի դիմաց կատարված վճարումները, որոնք պետք է Վենեսուելայի շահույթը լինեին, կուտակվելու են ամերիկյան հաշիվների վրա, որոնք սառեցված կլինեն՝ հասանելի չլինելով այդ երկրի իշխանությունների համար։ Ըստ ԶԼՄ-ների, այդ սառեցված հաշիվները մասնակիորեն հասանելի կլինեն Գուայդոյին։

Ներկայում Վենեսուելան խնդիր ունի ինչպես նավթի արտանահման, այնպես էլ ներմուծման հետ կապված։ Վենեսուելական նավթը խիտ տեսակի է։ Նավթամթերք ստանալու համար անհրաժեշտ է միաժամանակ թե խիտ, թե նոսր, ոչ յուղային նավթ։ Խիտ տեսակի նավթի պակասից ԱՄՆ-ում կարող է վառելանյութի դեֆիցիտ առաջանալ։

Եթե նավթի արտահանումը նվազել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ապա ներկրման ծավալների կրճատման պատճառը ֆինանսական է․ քանի որ վճարումների հարցն առկախված է, ապա մատակարարները հրաժարվում են նավթամթերք մատակարարելուց։ Արդյունքում Վենեսուելան չի կարողանում ներկրել թեթև նավթ, ինչից նավթի հիմքով վառելանյութի արտադրությունն անորոշ վիճակում է։

ճգնաժամ Վենեսուելայում

Տնտեսագետների կարծիքով՝Վենեսուելայից նավթի արտահանման սահմանափակումը կարող է հանգեցնել ինչպես նավթի գների աճին միջազգային շուկայում՝ պայմանավորված խիտ նավթանյութի դեֆիցիտով, այնպես էլ բացասաբար կանդրադառնա վենեսուելական տնտեսության վրա։ Կանխատեսվում է, որ Վենեսուելայում նավթի արտահանումը կկրճատվի օրական մինչև 700 հազար բարելով՝ հասնելով օրական 350 հազար բարել ցուցանիշին։ Վերջին տարիներին Վենեսուելայում նավթի արդյունահանումը շարունակական կերպով անկում է ապրել՝ 2,8 հազար բարելից 2018-ին հասնելով մինչև 1500 բարելի։ 2014-ի համեմատությամբ Վենեսուելայում նավթի արդյունահանումը կրճատվել է 45 տոկոսով։

Այս իրավիճակում, երբ Մադուրոյի իշխանությունը զրկվում է նավթային եկամուտից, նրա միակ հենարանը մնում է բանակը։ Բանակի բարձրագույն ղեկավարությունը սատարում է Մադուրոյին․ զինվորականները ներկայացված են իշխանության գրեթե բոլոր օղակներում։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ է հղել Վենեսուելայի զինված ուժերի բարձրագույն ղեկավարներին՝ կոչ անելով այս անգամ կանգնել վենեսուելացի ժողովրդի կողքին։

Քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

ճգնաժամ Վենեսուելայում

Ոչ միայն աշխարհն է քննարկում Վենեսուելայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը, այլ նաև Վենեսուելայի երկու նախագահները։ Նրանք մեկնաբանել են հարցը, թե արդյոք կարող է Վենեսուելայում քաղաքացիական պատերազմ բռնկվել։ Մադուրոյի կարծիքով՝ որևէ մեկը հստակորեն չի կարող ասել՝ արդյոք Վենեսուելան կհայտնվի քաղաքացիական պատերազմի ճիրաններում։ «Ամեն ինչ կախված է հյուսիսային տերության /ԱՄՆ/ և նրա արևելյան դաշնակիցների /ԵՄ/ ագրեսիվության և խելագարության աստիճանից»,- ասել է Մադուրոն։

Մինչդեռ Գուայդոն հայտարարել է, որ «Վենեսուելայում քաղաքացիական պատերազմի հավանականություն չկա, դա Մադուրոյի հնարածն է»։

ԱՄՆ-ի հետ պատերազմի հեռանկարը

Մինչ երկու նախագահները փորձում են կանխագուշակել քաղաքացիական պատերազմի հնարավորությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Վենեսուելա զինված ուժեր ուղարկելու հավանականությունը։ Նա հայտարարել է, թե այդ երկիր զորք ուղարկելը համարում է խնդրի լուծման հնարավոր տարբերակներից մեկը։

ճգնաժամ Վենեսուելայում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի՝ Վենեսուելա զորք մտցնելու պատրաստակամությունը խելագարություն է համարում։

«Խելահեղություն է 21-րդ դարում պատերազմի մասին խոսելը։ Պարոն Թրամփ, խելահեղություն է կարծելը, թե կարող եք զորք ուղարկել այս երկիր, որն իրեն պաշտպանելու է»,- հայտարարել է Մադուրոն՝ ի պատասխան Թրամփի արտահայտությանը։

Մադուրոյի կարծիքով՝ ԱՄՆ-ի նման վարքի պատճառն այդ երկրի հարուստ բնական ռեսուրսներն են, այդ թվում և նավթը։

«Մենք չենք վախենում ձեր սպառնալիքներից, պարոն Թրամփ։ Վենեսուելան ունի իրավունք, և այն ճշմարտության կողմնակիցն է։ Մենք պատճառ չունենք խաղաղ ժողովրդին ռազմական ուժով սպառնալու»,- ընդգծել է նա։

Պատճառները

ճգնաժամ Վենեսուելայում

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահն է սկսած 2013 թվականից։ Նրան մեղադրում են մարդկանց իրավունքները ոտնահարելու և տնտեսական քաղաքականությունը ձախողելու մեջ։ Երկիրը ծանր տնտեսական կացության առջև է՝ բնակիչները տարրական, առաջին անհրաժեշտության իրերի բացակայությանն են առնչվում, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Նախորդ տարվա ընթացքում երկրի ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Միջին հաշվարկներով՝ յուրաքաչյուր 19 օրը մեկ Վենեսուելայում գները կրկինապատկվել են։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-ից ի վեր, երբ տնտեսական ճգնաժամը սրվեց, Վենեսուելայից արտագաղթել է 3 միլիոն մարդ՝ այն է, երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը։

Արտագաղթի պատճառով երկիրը նաև կադրերի պակասի խնդիր ունի։ Օրինակ՝ մանկավարժների շուրջ 20 տոկոսը հեռացել են։ Արդյունքում՝ յուրաքանչյուր մանկավարժ մի քանի առարկա է դասավանդում, նաև ամեն մեկը մի քանի տեղում է աշխատում՝ ֆինանսապես ծայրը ծայրին հասցնելու համար։ Դա էլ իր հերթին ազդում է մատուցվող ծառայությունների, աշխատանքի որակի վրա։

ճգնաժամ Վենեսուելայում

Հունվարի 10-ին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվել է Նիկոլաս Մադուրոն։ Ընտրությունների արդյունքները, սակայն, չեն ճանաչել թե միջազգային մի շարք խաղացողներ, թե Վենեսուելայի բնակիչների մի մասը։ Զինվորականների խռովության փորձից և ցուցարարների ու ոստիկանների հետ բախումներից հետո խորհրդարանի խոսնակ, ընդդմիադիր Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի նախագահ։

Լուսանկարները՝ CNN-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: