Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է գրված Բոլթոնի բլոկնոտում Հայաստանի մասին


  
դիտումներ: 1484

Անցած տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Այդ լուրին լայն հանրությունն առանձնապես ուշադրություն չդարձրեց՝ ընդունելով որպես արտասահմանյան հերթական բարձրաստիճան պաշտոնյայի այց, սակայն քաղաքագետների շրջանում լուռ լարվածություն առաջացավ: Ճիշտ նույնպիսի, բայց ոչ լուռ անհանգստություն էր առաջացել ամերիկյան քաղաքական դաշտում անցած տարվա գարնանը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ազգային անվտանգության գծով իր խորհրդական Հերբերտ Մակմաստերի հրաժարականի և նրա փոխարեն Ջոն Բոլթոնի նշանակման մասին: Մինչ այդ մամուլում հաճախ էին գրում, որ Մակմաստերը «չափավորում» է Թրամփի վարքագիծը: «Հիմա ոչ ոք չմնաց, որ կարող է փրկել աշխարհը Թրամփից»,- գրեց New York ամսագրի մեկնաբան Ջոնաթան Չայթը:

Այդ այցը, որ մեր երկրի ղեկավարը «պատմական» համարեց, իրոք սպառնում է պատմական դառնալ, սակայն բնավ ոչ նրա նկատի ունեցած իմաստով: Եվ հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ քաղաքագետների անհանգստությունն անտեղի չէր:

Որպեսզի հասկանանք նշված անհանգստության դրդապատճառները, տեսնենք, թե ով է նա, որ կարծես հիմնավորապես «պատվավոր» տեղ է գրավել մեր արտաքին քաղաքականության երկնակամարում:

Հրշեջի և տնային տնտեսուհու ընտանիքում ծնված-մեծացած և ծովացուլի ընչացքով այդ մարդը միջազգային հանրությունում «բազեի», աշխարհում ամերիկյան ռազմական և քաղաքական ազդեցության ընդլայնման ջատագովի, սառը պատերազմի ասպետի և նույնիսկ «պատերազմի կուսակցության» համբավ ունի, իսկ ներկայումս լրագրողները և բարձր ատյանների աշխատակիցները միջանցքներում, անձնական խոսակցությունների ժամանակ նրան պարզապես «նախագահ Բոլթոն» են կոչում:

Համենայն դեպս և՛ անցյալի, և՛ ներկայիս փաստերն ամրապնդել են այն կարծիքը, որ Բոլթոնն անպայման հայտնվում է կա՛մ աշխարհի թեժ կետերում, կա՛մ այնտեղ, ուր շուտով, և ոչ առանց իր անմիջական միջամտության, թեժ կետ է դառնալու: Ուստի ներկայումս քաղաքագետներն ավելի շատ փորձում են կռահումներ անել, թե ինչ ծրագրեր կան Բոլթոնի, ոչ թե Թրամփի մտքում, և բարեբախտություն են համարում, որ Թրամփն իր կամակորության շնորհիվ երբեմն Բոլթոնի հորդորներին չի հետևում:

Հանրապետական Ջոն Բոլթոնը իրավաբան է, դիվանագետ, պահպանողական հայացքների տեր և պետծառայող՝ գրեթե 50-ամյա ստաժով: Քաղաքականության ոլորտում նա կարիերան սկսել է դեռ սովորելու տարիներին որպես փորձնակ (ստաժոր) նախագահ Նիքսոնի աշխատակազմում: Հետագայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախագահներ Ռեյգանի, Բուշ ավագի և Բուշ կրտեսի աշխատակազմերում, աշխատել է պետդեպարտամենտում, արդարադատության նախարարությունում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (ԱՄՆ ՄԶԳ), մի տարի եղել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում, մի քանի տարի՝ ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի խորհրդականը զենքի տարածման դեմ պայքարի և միջազգային հարաբերությունների հարցերով:

«Ես հավատում եմ, որ կարող եմ առավել մեծ ավանդ ունենալ մեր ապագայի համար՝ մնալով խիստ և հետևողական կողմնակից կոշտ, ռեյգանյան արտաքին քաղաքականությանը, որը խաղաղություն է հաստատում ուժի օգնությամբ»,- գրել է Բոլթոնը 2015-ին իր ֆեյսբուքյան էջում:

«Ուժի օգնություն» ասելով, անկասկած, նա նկատի չունի իրավական և ժողովրդավարական գործիքների կիրառումը: Անձամբ է խոստովանել, որ թքած ունի միջազգային իրավունքի վրա և նպատակին հասնելու համար կմոռանա նաև ժողովրդավարական նորմերի մասին: «Մեծագույն սխալ է որևէ նշանակություն տալ միջազգային իրավունքին, եթե անգամ դա կարող է համապատասխանել մեր կարճաժամկետ շահերին: Երկար հեռանկարում միջազգային իրավունքի վրա հիմնվում են նրանք, ովքեր ցանկանում են զսպել Միացյալ Նահանգները»,- ասել է նա: Մի ուրիշ առիթով էլ հայտարարել է. «Ես լիովին Իրաքի ժողովրդավարության կողմն եմ: <…> Բայց այսօր մեր ազգային շահերը պահանջում են չթողնել, որ Իրաքի որևէ հատված հենարան դառնա ահաբեկչության համար, և եթե այդ նպատակին կարելի է հասնել այնպիսի մեթոդներով, որոնք տարբերվում են ժողովրդավարությունից՝ Ջեֆերսոնի պատկերացմամբ, ապա չեմ առարկում»:

1994 թ. Նյու Յորքում մի ելույթի ժամանակ Բոլթոնն ասել, որ եթե Ռոքֆելլերի նվիրած 38-հարկանի շենքից, որը զբաղեցնում է ՄԱԿ-ի քարտուղարությունը, մի 10 հարկ հանես, ոչ ոք դա չի նկատի: Եվ երբ 2005 թ. նշանակվեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, դաձյալ չթաքցրեց իր քամահրական վերաբերմունքը Միավորված ազգերի կազմակերպության նկատմամբ՝ հայտարարելով, որ «ոչ մի ՄԱԿ էլ չկա», այլ բոլոր երկրները պետք է հետևեն առաջնորդին՝ Միացյալ Նահանգներին:

Իսկ այն երկրները, որոնք Միացյալ Նահանգներից տարբեր քաղաքականություն են վարում, բնականաբար հայտնվում են Բոլթոնի սև ցուցակում, ընդ որում՝ ոչ միայն Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի կամ Ռուսաստանի պես մեծ պետությունները, այև այն փոքրերը, որոնք ռազմավարական կամ բարիդրացիական հարաբերությունների մեջ են նրանց հետ: Իսկ «ճիշտ հունի» մեջ դնելու համար, ըստ Բոլթոնի, դիվանագիտական միակ ելքը, մանանվանդ երբ խիստ տնտեսական պատժամիջոցներն արդյունք չեն տալիս, այդ պետություններում գործող իշխանությունը գահընկեց անելն է, եթե ոչ, ապա պարզապես ռազմական ներխուժումը:

Բոլթոնը մեկ անգամ չէ, որ բացահայտ կոչ է արել տապալել Իրանում վարչակարգը: «Ես արդեն տասն անգամ ասել եմ, որ ԱՄՆ-ի պաշտոնապես հռչակված քաղաքականությունը պետք է լինի մոլլաների վարչակարգի տապալումը Թեհրանում,- հայտարարել է նա:- Այդ վարչակարգի վարքագիծը և նպատակները չեն փոխվի, ուստի միակ լուծումը այդ վարչակարգի տապալումն է»: Նույնիսկ հոդված է հրապարակել New York Times-ում՝ «Իրանական ռումբը կասեցնելու համար պետք է ռմբակոծել Իրանը» վերնագրով, որում ասում է. «Ոչ հաճելի ճշմարտությունն այն է, որ միայն ռազմական գործողությունը, ինչպիսին իսրայելական հարվածն էր 1981 թ. Իրաքի «Օսիրակ» ռեակտորին կամ Հյուսիսային Կորեայում ստեղծված սիրիական ռեակտորի ոչնչացումը 2007 թ., կարող է հասցնել բուն նպատակին: Շատ քիչ ժամանակ է մնացել, բայց հարվածը կարող է հաջողություն բերել»: Նույնիսկ այսօր, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով է խոստովանել, որ Իրաք մտնելը ճիշտ չէր, միևնույն է, Բոլթոնը, որ այդ պատերազմի ճարտարապետներից մեկն էր, պնդում է, որ այդ պատերազմը ճիշտ էր, սխալ էին դրանից հետո արված որոշումները:

Պատահական չէ, որ ներկայիս պաշտոնում նշանակվելուց առաջ Բոլթոնը խոստացել է Թրամփին, որ «ոչ մի պատերազմ չի սկսի» այդ պաշտոնում (ըստ CNN-ի՝ Սպիտակ տան աղբյուրի):

Բայց այս խոստումը բնավ երաշխիք չէ, քանզի հայտնի է՝ Ջոն Բոլթոնը չի մոռանում, որ վերջնական որոշումը նախագահինն է, սակայն միջոցների մեջ խտրություն չի դնում իր գաղափարներն առաջ մղելու համար, ընդհուպ նախագահից որոշ տեղեկություններ թաքցնելը կամ կամ կեղծ տեղեկություններ տարածելը:

Բավական է հիշել Իրաքի դեմ պատերազմի նախապատմությունը, երբ Բոլթոնը փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք, ինչպես հետագայում պարզվել էր, կեղծ էին եղել և արվել էին Իրաքի դեմ պատերազմի գաղափարն ամեն կերպ կյանքի կոչելու համար, կամ Կուբայի դեմ նրա տարածած կեղծ տեղեկատվությունը, թե զանգվածային ոչնչացման զենք է վաճառում այլ երկրների և այլն: Վերջապես, թարմ օրինակը՝ Huawei կորպորացիայի ղեկավարի դստեր ձերբակալությունն անմիջապես ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների բանակցությունների նախօրեին, որի մասին Բոլթոնը, իր իսկ խոստովանութամբ, տեղյակ էր, իսկ Թրամփը՝ ոչ:

Բոլթոնի բլոկնոտը

Օրերս Ջոն Բոլթոնը միջազգային հանրությանը զարմացրեց և քաղաքական մեկնաբաններին վերլուծելու թեմա տվեց ևս մի իրեն բնորոշ ինտրիգով:

Հունվարի 28-ին Վենեսուելայի նավթարդյունաբերող ընկերության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ մամլո ասուլիսին ներկայացավ բլոկնոտով: Նա պատահաբար (՞) այնպես էր բռնել բլոկնոտը, որ լրագրողները կարդային դրա առաջին էջին իր ձեռքով արված գրառումը՝ ընդամենը երկու տող. «Afghanistan – welcome the talks» (Աֆղանստան- բարի գալուստ բանակցություններ) և «5000 troops to Colombia» (5000 զինվորական դեպի Կոլումբիա): Ակնհայտ է, որ դա արվել էր առաջիկայում Վենեսուելայում ռազմական միջանտություն անելու մասին լուր տարածելու նպատակով: Մանավանդ որ Սպիտակ տունը չի հերքել նման ենթադրությունները:

Բոլթոն

Ուրեմն ի՞նչ է գրված եղել Բոլթոնի բլոկնոտում, երբ Հայաստանում հայտարարում էր, թե ժամանակն է, որ հրաժարվենք «անցյալի կաղապարներից», կամ հիմա «լավ հնարավորություններ են ստեղծվել վճռական քայլերի դիմելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հարցում»: Ի՞նչ է գրված եղել, երբ զանգահարում էր մեր վարչապետին՝ խոսելով միայն մեր բարեկեցության մասին և նույն ժամանակ զանգահարում էր Ադրբեջանի նախագահին ու քննարկում հատկապես հակամարտության կարգավորման հարցերը: Քաղաքական մեկնաբաններն արդեն ենթադրություններ արել են, որոնք, մեղմ ասած, բավական տխուր ու տագնապալի են: Հետևաբար, ինչ էլ որ գրված լինի Բոլթոնի բլոկնոտում, չարյաց փոքրագույնն այն կլինի մեզ համար, որ այդ գրառումները երբեք որոշակի գործողություններ չդառնան, իսկ լավագույնն այն կլինի, որ նա ընդմիշտ մոռանա Հայաստանի մասին:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: