Հայերեն   English   Русский  

«Ինձ համար դժվար էր մնալ միջավայրում, որտեղ կար ակնհայտ կողմնակալություն»


  
դիտումներ: 581

2019 թվականի Ֆրանսիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Էվրիկ Նիկողոսյանը:

Հայազգի մարզիկը Ֆրանսիայում է բնակվում 2006 թվականից և այս պատվաբեր հաջողությանն իր կարիերայում հասնում է արդեն 4-րդ անգամ:

Անկախի հետ զրույցում Էվրիկը խոսում է առաջնությունից ստացած տպավորությունների, անարդարությունների հետևանքով Հայաստանից հեռանալու, մարզական կարիերան օտար հողում շարունակելու և առաջիկա ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ հերթական չեմպիոնությամբ: Մրցաշարի ընթացքում վստահ հանդես գալով, խոշորահաշիվ հաղթանակներ տոնելով` դարձաք Ֆրանսիայի չեմպիոն:

-Շնորհակալ եմ շատ: Այս տարի ոգևորությունս ավելի մեծ էր, քանի որ սկսվում է օլիմպիական ուղեգրերի նվաճման համար պայքարը: Անպայման ցանկանում էի հաջող հանդես գալ և չեմպիոն հռչակվել: Մրցակիցներս բոլորն էլ լավ պատրաստված ու փորձառու ըմբիշներ էին: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առանց միավորներ տալու, խոշոր հաշիվներով հաղթանակներ տոնել:

- Ուրախալի է, որ հայ մարզիկները տարբեր քաշային կարգերում տոն են տալիս Ֆրանսիայի առաջնությանը, մրցանակակիրներ դառնում: Մեկդ մյուսին աջակցու՞մ եք մրցաշարերի ընթացքում:

-Ֆրանսիայում շատ կան ըմբշամարտով զբաղվող հայեր: Ուրախ եմ և հպարտ, որ շատերը հաջող են հանդես գալիս թե ՛ ազգային առաջնությունումներում, թե ՛ միջազգային մրցաշարերում: Իհարկե, միմյանց մշտապես փորձում ենք խորհուրդներով օգնել և ոգևորվում ենք մեկս մյուսի ձեռքբերումներով ու նվաճումներով: Բոլորի հետ ջերմ ու բարի հարաբերություններ եմ փորձում պահպանել: Ունեմ թե՛ հայ, թե՛ այլազգի մտերիմ ընկերներ, սակայն նշեմ, որ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել, բոլորի հետ նույն հարաբերություններն ունենալ, բոլորի կողմից սիրված լինել:

Էվրիկ Նիկողոսյան

- Ինչպե՞ս հայտնվեցիք Ֆրանսիայում:

-Փոքր-ինչ ուշ` 14-15 տարեկանից սկսած եմ հիմնական զբաղվել ըմբշամարտով: Մինչ այդ զբաղվում էի տարբեր մարզաձևերով և վերջնական ընտրություն չէի կատարել:

19 տարեկանում մասնակցեցի Հայաստանի առաջնությանը, սակայն անարդարության հետ բախվեցի` զբաղեցնելով 2-րդ տեղը: Իրականում հաղթողը ես էի: Ինձ համար դժվար էր մնալ մի միջավայրում, որտեղ չկար անաչառ վերաբերմունք և կար ակնհայտ կողմնակալություն: Դա էր հիմնական պատճառը, որ ընկերոջս խորհրդով հայտնվեցի Ֆրանսիայում:

Սկզբնական շրջանում մտադրված չէի մնալ: 2006-ին Նիս քաղաքում մասնակցեցի միջազգային մրցաշարի: Նշեմ, որ նույն ստուգատեսին մասնակցեցի նաև օրեր առաջ`զբաղեցնելով 2-րդ տեղը և զիջելով օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանին:

-Ըմբշամարտով զբաղվելու երկար տարիների փորձ ունեք. Ձեր կարիերայում եղել են և՛ձեռքբերումներ, և՛ հիասթափություններ: Ինչպե՞ ս հաղթահարել դժվարությունները և հասնել հաջողության:

-Մարզաձևն ինձ համար եղել է և շարունակում է մնալ կյանքի ուսուցիչ: Ըմբշամարտը սովորեցրել է ճիշտ ապրել, լինել կարգապահ ու պատասխանատու:

Քրտնաջան աշխատանքի դեպքում միայն կարելի է հասնել հաջողության: Նաև շատ կարևոր է փորձառու մարզչի դերը, քանի որ նրանից է մեծապես կախված մարզիկի հաջողությունը: Բազմաթիվ օլիմպիական չեմպիոններ, տարբեր առաջնությունների հաղթողներ կան, որոնք որպես մարզիչ չեն կարողանում աշխատել, և կան մարզիկներ, որոնք թեև լուրջ անձնական հաջողությունների չեն հասել, սակայն հրաշալի մարզչական ձեռքբերումներ են ունեցել: Մարզիչը պետք է մարզիկին պատրաստի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես: Մարզիչը պետք է սրտացավ լինի, պարտականությունները ճիշտ կատարի, ամեն մանրուք բացրատրի իր սանին` քայլերի հաջորդականությունը ցույց տալով: Եթե այդ ամենին մարզիկը չտիրապետի, ապա դժվար թե նա կկարողանա հաջողության հասնել և հաղթել մեծամասշտաբ մրցաշարերում:

2006 թվականին ես եկա Ֆրանսիա փախստականի կարգավիճակով: Միայն տարիներ հետո`2014-ին իրավունք ստացա մասնակցելու Ֆրանսիայի առաջնությանը:

Այս տարի արդեն 4-րդ անգամ դարձա չեմպիոն: Նշեմ, որ ցանկացած մարզաձևում հաջողություններ գրանցելու համար փորձը շատ կարևոր է: Սկզբնական շրջանում մրցակցական փորձի պակասը զգացնել էր տալիս, և ես չէի կարողանում հաջողություններ գրանցել միջազգային մրցաշարերում:

Անպայման ցանկանում եմ նշել՝ որքան էլ կյանքում լինեն դժվար և անհաղթահարելի թվացող պահեր ու փակված դռներ, չպետք է ընկճվել: Իհարկե, ես կցանկանայի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Ես ունեմ նաև շատ ընկերներ, որոնք բախվել են անարդար իրականությանը և հիասթափված հեռացել են` այժմ ստիպված այլ երկրներ ներկայացնելով: Շատ հաճախ հոգեբանորեն կոտրվում են մարզիկները, երբ ծանոթ-բարեկամի շնորհիվ ուժեղից առաջ է ընկնում ինչ-որ մեկը: Անարդարությունից հնարավոր չէ խուսափել: Սակայն ցանկացած պարագայում հարկավոր է ուժեղ լինել, հավատալ Աստծուն ու գործել:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Արդեն սկսվել է ուսումնամարզական հավաքների շրջանը: Առաջիկայում կմեկնենք Կուբա` այնտեղ միջազգային մրցաշարի ենք պատրաստվում մասնակցել: Գլխավոր նպատակս Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավ նախապատրաստվելն ու հաջող հանդես գալն է` օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: