Հայերեն   English   Русский  

Այս հեղափոխություն կոչվածն էլ մի նոր հիասթափություն չբերի ժողովրդիս գլխին ու նոր արտագաղթ չդառնա.Դավիթ Վանյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 892

Իրադարձություններով հարուստ կյանք եմ ապրել։

Չինական ասացվածք կա՝ Վայ նրանց, ովքեր ծնվել են փոփոխությունների ժամանակներում։

Խորհրդային լավագույն շրջանը համընկել է իմ մանկությանը։ ԽՍՀՄ փլուզումը համընկել է իմ երիտասարդ տարիներին։ Շատ բան եմ տեսել կյանքում ու շատ ջուր է հոսել այն օրերից, երբ ես, դեռևս պատանի, սկսել եմ աշխարհի մասին ունենալ սեփական դատողություններն ու եզրահանգումները։

Առաջին սփյուռքահայերին տեսել եմ Վանաձորի Արտեկ պիոնարեկան ճամբարում, 1978-ին, ու հասկացել որ ավելի մեծ ենք, քան սոցիալիստական Հայաստանը։ Առաջին ռուսախոս, հասակակիցներիս, ովքեր Հայաստանցիներ էին, բայց ռուսական դպրոցներ էին հաճախում՝ ևս այնտեղ եմ տեսել ու ազնվորեն զարմացել այն ծնողների վրա, ովքեր իրենց զավակներից հայերեն չէին պահանջում։ Մինչև վերջերս էլ հանդիպում էի մարդկանց, ովքեր ռուսերեն ավելի լավ էին խոսում, քան գրական հայերենով, չնայած ծնվել դաստիարակվել են, օրինակ, նախկին Կամո քաղաքում։ Մոսկվայում բազմիցս տեսել եմ նրանց, ովքեր իրենց զավակներին արգելում են հայերեն սովորել՝ չծանրաբեռնվելու համար։

Առաջին թուրքին շատ վաղուց եմ տեսել, որովհետև իմ հայրենի Շամաշադինը սահմանակցում է նրանց երեք շրջանների հետ։
Հայ ե՞ս, թե թուրք, չե՞ս հասկանում,— ասում էինք մենք մեր հասակակիցներին, ով չէր միացնում հային հատուկ ֆայմի գործակիցը։

Կյանքում ամեն բան վեր եմ լուծել, հետևություններ արել։Ինչու՞ եմ այսպես գրում։ Վերջերս, դաստիարակությամբ դրդված, հաճախ եմ ստիպված լինում լռել, բարոյախոսական ճառեր լսել, փոխանակ վեր կենալու ու հեռանալու։ Ասում են՝ խելոքներն առաջինն են հեռանում։

Հիմա իմ եզրահանգումների մասին։
Լավն ենք։ Հզոր, ամուր, ջերմ ու խելացի, ճկուն, խաղաղասեր, սեփական ուժերի վրա վստահ ժողովուրդ ենք, իսկ այն ինչ արեցինք Արցախում, այն էլ Երկրաշարժի ու շրջափակումների պաստառին, անհավանական է թվում ու հերոսական է։

Սակայն այսօր, վախենում եմ գալ այն եզրակացության, ու ասել որ իսկական չենք։ Նման ենք խոնավացած փամփուշտի, որ արտաքինից վտանգավոր է, կամ խառնվածքով օժտված, սակայն իրականում չի կրակելու, ինչպես մեր ֆուտբոլը, կամ կինոն, կամ ժամանակակից ճարտարապետությունը, կամ հեռուստատեսությունը, կամ կոմունալ տնտեսությունները, կամ՝ ճանապարհային շինարարությունը, կամ կուսակցությունները, կամ նախագահները։ Այսօրվա իշխանությունն էլ, ինձ համար այդ շարքի մեջ է։

Իսկական չենք։ Ոչ իշխանավորը, ոչ վեղարավորը։ Հավատն էլ իսկական չի։ Մենք սիրում ենք մեր հավատալու եղանակը, առաջին քրիստոնյա լինելը, եկեղեցին՝ որպես շինություն, որպես առանձնանալու, տեսակը պահելու եղանակ, բայց չենք հավատում։ Մենք մեզ ենք հավատում, ու արդեն քսան տարի ու ավել ոտքերով ենք քվեարկում իշխանության հիմարություններին ի պատասխան։ 17 տարեկան էի, երբ Ռուսաստանում տեսա առաջին հավատավոր կոմունիստներին։ Հիմա հասկացել եմ, որ կոմունիզմին հավատացող Հայ էլ չեմ տեսել։

Լավ է՞, թե՞ վատ, որ այսպես է։
Կասեք՝ Եվ լավ է, և վատ։ Ոչ։ Վատ է։ Վատ է, որ չենք շատանում սեփական Երկրում, չենք հայտնագործում, նոբելյան մրցանակներ չենք ստանում։ Գիրք չենք կարդում։ Սեփական տղաներին սեփական մեքենաների ղեկերին նստացրած, դպրոցներից հանած՝ փչացնում ենք՝ կերուխումների տանելով։ Վատ է, երբ Ուրարտական պետության հայկական չլինելու ջատագովները հայեր են։ Վատ է, երբ դրսում համայնքների ղեկավարները օտարերկրյա գաղտնի ծառայության սպասարկուներ են։ Վատ է, երբ հայտանագործություններ եթե կան, ապա օտար երկրի համար է, գեներալները ծառայել են օտարին, տիեզերագնացները նույնպես։ Վատ է, վատ է, վատ է։

Ինչպես պիտի սա դաջվի այսօրվա երիտասարդների ուղեղի պատերին, որպեսզի սեփական Երկիրը բարձրացնեն, անգամ այլ տեղ ապրելիս, այլ ոչ թե ազգանուն փոխեն։ Թումանյանը դառնում է Տումանով, Քարտաշյանը՝ Կարտաշով։ Ասում ես՝ Դուք հայ եք։ Ասում է՝ ոչ, անհնար է։

Անհնար է այլևս այսպես մանրանալ ու վերանալ։ Այս հեղափոխություն կոչվածն էլ մի նոր հիասթափություն չբերի ժողովրդիս գլխին ու նոր արտագաղթ չդառնա։

Այն, որ քաղցկեղի վիրահատությունը պետությունն է անելու՝ հիանալի է։ Այն, որ դադարել ենք կաշառք տալ՝ արտակարգ է։ Այն, որ իրենք իրենց անասելի բարձր պարգևատրում են, զզվելի է։ Իսկական չենք։

Դեպի Արարատ
Իծաքար գյուղը
Լուսանկարը Արտուշ հարությունյանի։

Դավիթ Վանյան-ի լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: