Հայերեն   English   Русский  

Պալիատիվ բուժօգնությունը` հասարակական խորհրդի օրակարգում


  
դիտումներ: 220

Առողջապահության նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էին առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ, պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ 2017-2018 թվականների ընթացքում իրականացված և 2019 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հարցերը, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերն առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:

Ներկայացնելով պալիատիվ բուժօգնության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները` ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ մշակվել է «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», որով սահմանվել են բնակչությանը ցուցաբերվող պալիատիվ բուժօգնության հիմնական սկզբունքները, տրամանդրման ձևերը, ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Երևանում և մարզերում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցել են 49 բժիշկ և 51 բուժքույր: Իսկ 2019 թվականին նախատեսվում է փորձարարական կարգով պետական պատվերի շրջանակներում իրականացնել պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մի մարզում և Երևանի երկու բժշկական կազմակերպությունում:

Նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ամիրյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում թմրամիջոցների շրջանառության կարգավորման օրենսդրության կիրարկման վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները: Նա նշել է 3 հիմնական պատճառ, որոնք խոչընդոտում են դաշտի կարգավորմանը` իրազեկվածության և մասնագիտական կրթության պակաս, օրենսդրության գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներ:

Ներկաներն անդրադարձել են բարձրացված հարցերին, հնարավոր լուծման ուղիներ առաջարկել:

Այնուհետև ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը` ընդգծելով, որ 2018 թվականի 4-րդ եռամսյակում նախարարությունը չի ունեցել իրականացվելիք միջոցառումներ: Մինչդեռ պարբերաբար իրականացվող միջոցառումներից հատկանաշական են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով կատարված աշխատանքները:

Մանրամասնելով այս ուղղությամբ կատարված քայլերը` ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշել է, որ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում արձանագրվել են որոշակի դրական միտումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործընթացում:

Թվերն ավելի քան խոսուն են. Եթե ծրագրին նախորդող 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8, ապա 2018-ին, ըստ նախնական տվյալների, 100/108.5:

Մասնագետը շեշտել է, որ միջազգային տարբեր կազմակերպություններ, այդ թվում` նման հիմնախնդիր ունեցող երկրները բարձր են գնահատել Հայաստանի փորձը և ցանկություն հայտնել այն կիրառելու իրենց երկրներում:

Ամփոփելով նիստը՝ հասարակական խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և արդյունավետ քննարկման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: