Հայերեն   English   Русский  

«Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական համերգաշարը նվիրվում է Հայաստանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին


  
դիտումներ: 1006

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ս. թ. փետրվարի 8-ին` Գյումրիում, իսկ փետրվարի 10-ին` ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա «Լույս հայի աչքերին» խորագրով բարեգործական դասական համերգ՝ նվիրված Հայաստանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Համերգի հյուրերն են հանրահայտ երիտասարդ կատարողներ Սերխիո Էսկալերան (դաշնամուր, Բոլիվիա) և Գերվասիո Տարագոնա Վալլին (կլարնետ, Ուրուգվայ), ովքեր մի քանի անգամ համերգային ծրագրերով հանդես են եկել Հայաստանում և այս անգամ ցանկություն հայտնել ելույթ ունենալ հայ հադիսատեսի համար անվճար հիմունքներով:

Երիտասարդ կատարողները հանդես կգան լարային քառյակի ընկերակցությամբ՝ Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյան (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյան (ալտ) և Հակոբ Աթյան (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչեն Վ. Ա. Մոցարտի «Կլարնետի կվինտետ» և Ա. Դվորժակի «Դաշնամուրային կվինտետ» N 2, op.81 ստեղծագործությունները:

Վերոնշյալ համերգների մուտքն ազատ է: Գյումրիում համերգը նվիրվում է «Հայկական ակնաբուժության նախագծի» երկարամյա բարեկամ, հովանավոր Լութեր Ջ. Խաչիկյանին, ում շնորհիվ 2018 թ. Գյումրիում բացվել է «Հայկական ակնաբուժության նախագծի» մարզային ակնաբուժական կենտրոնը և գերժամանակակից սարքավորումներով ու վերապատրաստում անցած կադրերով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ է մատուցում մարզի բնակչությանը:

Երևանում կազմակերպված համերգի ունկնդիրները հնարավորություն կունենան հանգանակություն կատարել, որից ստացված գումարը կտրամադրվի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նոր` «Մանկապարտեզներում երեխաների ակնային զննումներ» ծրագրի իրականացմանը: Այն հայտնաբերելու է այնպիսի խնդիրներ, որոնք մինչև 7 տարեկան հասակը բուժելու պարագայում լիովին կանխարգելում են տեսողական լուրջ հիվանդություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: