Հայերեն   English   Русский  

Այսօր Արցախի հերոս Զորի Բալայանի ծնունդն է


  
դիտումներ: 539

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։

1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան)։

Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։

Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։

2006 թվականի սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով ԼՂՀ անկախության ձեռքբերման և ամրապնդման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Զորի Հայկի Բալայանն արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: