Հայերեն   English   Русский  

Հովհաննես Բաչկով. «Հաղթանակը և՛ պարտավորեցնում է, և՛ ոգևորում»


  
դիտումներ: 589

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած բռնցքամարտի`

Եվրոպա-Ասիա հավաքականների պատմական դիմակայությանը 64 կգ քաշային կարգում մասնակցելու հրավերք էր ստացել Հայաստանի հավաքականի առաջատար բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:

Ուրախալի է, որ հայ բռնցքամարտիկը հաղթական մեկնարկով սկսեց տարին և դիտարժան պայքարում միավորների ակնհայտ առավելությամբ պարտության մատնեց Ասիայի առաջատար բռնցքամարտիկ մոնղոլ Չինզորիգ Բաաթարսուխիին` 4:3 հաշվով հաղթանակ պարգևելով Եվրոպայի ընտրանուն:

Անկախի հետ զրույցում Հովհաննեսը խոսում է մենամարտից առաջ նախապատրաստական շրջանի և հաղթանակից ստացած տպավորությունների մասին:


-Շնորհավորում ենք բռնցքամարտի` Եվրոպա-Ասիա դիմակայությունում փայլուն հաղթանակ տոնելու կապակցությամբ: Հրավերքն ինչպե՞ս ստացաք:


-Շնորհակալ եմ: Այս մրցամարտից առաջ հրավերք էի ստացել մասնակցելու աշխարհի հավաքականի և Ռուսաստանի միջև անցկացվող հակամարտությանը, որից ընդամենը մի քանի օր հետո ինձ առաջարկեցին մասնակցել նաև Եվրոպա-Ասիա հակամարտությանը` հանդես գալով Եվրոպայի հավաքականի կազմում: Ինձ համար մեծ պատիվ էր հանդես գալ Եվրոպայի հավաքականում և մասնակցել ուժեղագույնների պայքարին:

-Դուք նախկինում մենամարտել էիք Չինզորիգ Բաաթարսուխիի հետ և հաղթել. սա Ձեզ օգնե՞ց նախապատրաստվելիս:

-Յուրաքանչյուր մրցաշարի մարտականորեն եմ տրամադրվում և մեկնում եմ մրցավայր միայն ու միայն հաղթելու նպատակով: Այս դիմակայությունը բացառություն չէր. մենամարտին նախապատրաստվել եմ իմ անձնական մարզիչներ Կարեն Ղազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Հագեցած ու ծանրաբեռնված գրաֆիկով էինք աշխատում, որպեսզի պատվով հանդես գայի: Այդ առիթով ցանկանում եմ նաև անպայման շնորհակալություն հայտնել իմ մարզիկ ընկերներին, որոնք ինձ օգնեցին նախապատրաստվել ու լավ մարզավիճակ ձեռք բերել:
Ծանոթ էի մրցակցիս. նրան հանդիպել էի 2017 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում և հաղթել` հնարավորություն ստանալով մասնակցել կիսաեզրափակիչ մենամարտին: Այս մենամարտում հաղթեցի միավորների ակնհայտ առավելությամբ:

-Տարվա մեկնարկն ազդարարեցիք պատվաբեր հաղթանակով: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հաղթանակը և՛ պարտավորեցնում է, և՛ ոգևորում. ասում են` եթե տարին լավ ես սկսում, հաջողությունները շարունակական են լինում: Կրկնակի ուրախ եմ, քանի որ պատվով հանդես եկա և հաղթեցի իմ քաշային կարգի ուժեղագույններից մեկին` Ասիայի առաջատարին, որին կհանդիպեմ աշխարհի առաջնությանը, և մենամարտը վճռորոշ կլինի մեդալի համար պայքարում:
Այժմ Օլիմպավանում մասնակցում եմ ուսումնամարզական հավաքի, որը նախապատրաստական բնույթ է կրում Եվրոպայի առաջնությունից առաջ:

Հովհաննես Բաչկով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: