Հայերեն   English   Русский  

Լիբիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ. Թուրքիան աջակցում է երկրի ծայրահեղական խմբավորումներին


  
դիտումներ: 184

Լիբիայի զինված ուժերի ղեկավարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Պատճառը Թուրքիայի կողմից Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներին ուղարկված զինտեխնիկայի հերթական խմբաքանակի առգրավվումն է:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նախօրեին Լիբիայի Ալ-Հումուս նավահանգստում առգրավվել է թուրքական արտադրության զինվորական մեքենաներ, այդ թվում՝ զրահապատ:

Նավահանգստի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կանխվել է մի քանի տասնյակ զինվորական մեքենաների՝ ապօրինի ճանապարհով երկրիր մտցնելու փորձ: Ըստ հայտարարության՝ մեքենաներից 9-ը եղել են զրահապատ և հագեցած են եղել ականներից ու հրթիռներից պաշտպանող համակարգերով: Լիբիացի պատասխանատուները հայտնել են նաև, որ մեքենաներն ուղարկվել են թուրքական նավահանգիստներից մեկից:

Լիբիայի ազգային բանակի մամուլի խոսնակ գեներալ Ահմեթ ալ-Միսմարին հայտարարել է, որ այդ մեքենաները ուղարկվում էին երկրի տարածքում գործող անօրինական զինված խմբավորումներին:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին էլ Լիբիայի նավահանգիստներից մեկում առգրավվել էր Թուրքիայից այդ երկիր ուղարկված զենքի ևս մեկ խմբաքանակ: Թուրքիայից երկրի Միսրաթա նավահանգիստ ուղարկված մանկական խաղալիքների ու կահույքի մեջ թաքցված 556 փաթեթներում 20.000 ատրճանակ էր հայտնաբերվել: Լիբիայի իշխանությունների տեղեկություններով զենքերը պետք է փոխանցվեին երկրի ներսում գործող ահաբեկիչներին:

Թեմայի վերաբերյալ «Sputnik» գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի մամուլի քարտուղար Ֆաթիհ ալ-Մարյամին հայտարարել էր, որ Թուրքիան նմանատիպ քայլերով ցանկանում է խաթարել կայունությունը Լիբիայում: Ալ-Մարյամին ավելացրել էր, որ առաջիկայում խորհրդարանը համապատասխան քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների մասով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: