Հայերեն   English   Русский  

Հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանը դարձավ 90 տարեկան


  
դիտումներ: 508

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։

1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թթ. սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումը։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։

1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։

1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։

1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։

1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։

1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։

1964-2000 թթ. եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։

ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն է և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։

Նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը նույնպես մարմնամարզիկ է՝ օլիմպիական չեմպիոն (1980)

Պարգևներ

  • 1954 ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
  • 1967 ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ
  • 2000 թվականին նրան շնորհվել են «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» և «Լոռվա ասպետ» կոչումները
  • 2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը
  • «Երևանի պատվավոր քաղաքացի»
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: