Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին՝ 90-ամյակի առթիվ


  
դիտումներ: 146

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Ազարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»։

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում:

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։

1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն՝ օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։

1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։

1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ օղակներից։ 1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, ինչից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: