Հայերեն   English   Русский  

​Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացքում աշխուժություն է նկատվում. Բահար Մուրադովա


  
դիտումներ: 193

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, այսօր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան Միլլի մեջլիսի (խորհրդարան) լիագումար նիստում ելույթ ունենալիս ասել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացքում անցած տարվա վերջից, ինչպես նաև ընթացիկ տարում որոշակի աշխուժություն է նկատվում:

Մուրադովան նշել է, որ թե՛ միջազգային կազմակերպությունների ու Մինսկի խմբի համանախագահ երկրների, թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հայտարարություններում կան կետեր, որոնք որոշակի հույս և հիմք են տալիս ենթադրելու, որ հարցը շարժվել է մեռյալ կետից: Միաժամանակ այդ կետերը հիմք են տալիս մտածելու, որ հարկ է ավելացնել Ադրբեջանի ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհին, հատկապես արտաքին որոշ շրջանակների՝ Ադրբեջանի ջանքերը միայնգամայն ուրիշ ուղղությամբ ավելացնելու փորձերի համատեքստում:

Փոխխոսնակի խոսքով՝ երբեք կասկած չի եղել, որ Ադրբեջանի պետությունը միշտ գտնվել է իր քաղաքացիների կողքին, դա երկրի ղեկավարության հետևողական, նպատակաուղղված քաղաքականությունն է:

«Եվ նույնիսկ հակառակը պնդողները տեսնում են այդ ակնհայտ փաստը: Սակայն որոշ արտաքին ուժերի խնդիրը օրակարգի փոփոխությունն է մեր առջև դրված կարևորագույն նպատակից մեզ շեղելու նպատակով»,- ասել է Մուրադովան:

Փոխխոսնակը կոչ է արել իր բոլոր գործընկերներին առաջ մղել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում, երկկողմ և բազմակողմ հիմքի վրա, ինչն այսօր գլխավոր նպատակն է Ադրբեջանի համար՝ իր հարաճուն տնտեսությամբ և ռազմական հզորությամբ:

Փոխխոսնակը կարծում է, որ ոչ մի դեպքում երկիրը չպետք է տրվի որոշ արտաքին ուժերի՝ իրենց այդ կարևորագույն ուղղությունից շեղելու փորձերին:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի աճող հզորությունը ստիպում է այդ շրջանակներին տարբեր սադրիչ հարցեր բարձրացնել»,- ավելացրել է Մուրադովան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: