Հայերեն   English   Русский  

Կառավարությունը զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման համար տրամադրել է 5 մլրդ դրամ


  
դիտումներ: 548

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է զինվորականների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ կառավարության իրականացրած լուրջ փոփոխությունների մասին:

Մասնավորապես լուծվել է զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին ասաց կառավարության ծրագրի ներկայացմանը Ազգային ժողովի ամբիոնից` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին: Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց` արդյոք վարչապետը մտավախություն չունի՞, որ կառավարության ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում կնույնականացվի նախորդ կառավարության ծրագրի հետ: Պատգամավորի կարծիքով`ծրագրում ներկայացված են անորոշ դրույթներ: «Ծրագրում կոնկրետ չի նշվում, շեշտադրումներ չկան մանկավարժների, բժիշկների, ուսուցիչների և զինվորական ծառայություն անցնող անձանց կենսամակարդակի չափելի, տեսանելի լուծումների մասին»,- ասաց Պետրոսյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` իրենց ողջ տնտեսական քաղաքականության նպատակը աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է: «Մեր նախորդ կառավարության ծրագրում ևս զինվորական ծառայության մեջ գտնվողների կենսամակարդակի մասին ոչինչ չկա, բայց ես կարծում եմ, որ այս տասը ամսում զիվորականների մասով մենք շատ լուրջ փոփոխություններ են բերել: Մասնավորապես, զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման համար, որը տասնյակ տարիներ «մեռյալ կետի» վրա էր, մենք շատ լուրջ քայլ ենք արել: Կառավարության միջոցներից 5 մլրդ դրամ ենք տրամադրել, որ այդ խնդիրը լուծվի»,- ներկայացրեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ լրջորեն վերակառուցել են նաև զինվորականների սպառողական վարկերը: Նա նկատեց` եթե զինվորականը մեկ ամսվա համար պետք է, օրինակ, 25 000 դրամ վարկ վճարեր, ապա վերակառուցման արդյունքում 15 000 դրամ է վճարելու:

Վարչապետը շեշտեց, որ կառավարության դերը խթանելու մեջ է: Կառավարությունն իր դերը տեսնում է, որ աջակցի, խթանի, որ մարդիկ տնտեսական ակտիվություն ցուցաբերեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: