Հայերեն   English   Русский  

Արցախում զբոսաշրջային կենտրոն կստեղծվի. Լեռնիկ Հովհաննիսյան


  
դիտումներ: 279

2018 թվականին Արցախ է այցելել 28 հազար 588 զբոսաշրջիկ, որը 23 տոկոսով ավել է, քան 2017 թ.-ի համապատասխան ցուցանիշը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2019 թվականի հունվար ամսվա տվյալներով մոտ 710 զբոսաշրջիկ է այցելելԱրցախ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 676-ի համեմատ:

«2018 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հիմնականում մարքեթինգային քաղաքականության իրականացմանն էր ուղղված: Մայրաքաղաքում և Շուշիում գործող չորս տեղեկատվական կենտրոնները շարունակել են անվճար սպասարկել Արցախ այցելած զբոսաշրջիկներին` վերջիններիս հավաստի և անվճար տեղեկություններ տրամադրելով: Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտի և Շուշիի տեղեկատվական կենտրոններ են այցելել ավելի քան 800 զբոսաշրջիկներ 52 երկրներից: Տարվա ընթացքում` հաշվառվելեն ևս 18 նորաբաց հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ներկայումս Արցախի տարածքում գործում է 64 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1532 մահճակալով»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:

Լեռնիկ Հովհաննիսյան

Նախարարի խոսքով՝ 2019 թվականին շարունակելու են ընդլայնել Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման աշխարհագրությունը:

«2019 թվականին կգործարկվի artsakh.travel և karabakh.travel դոմեյններով վերաբրենդավորված զբոսաշրջային պաշտոնական կայքը: Մարքեթինգային ծրագրերի իրականացման շրջանակներում կկազմակերպվի թվային մարքեթինգային արշավ՝ մեծ թվով օգտատերերի ընդգրկմամբ: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումը հնարավորություն է ստեղծել միացնելու Արցախի և Հայաստանի զբոսաշրջային երթուղիները Արցախի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում Երևան-Գորիս-Ստեփանակերտ-Մարտակերտ-Վարդենիս օղակաձև զբոսաշրջային երթուղու զարգացման համար: Մեթոդական և ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Հադրութի շրջանի Տող գյուղում «Արցախյան գինու» վեցերորդ փառատոնի, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ փառատոնների ու միջոցառումների կազմակերպմանը: Կստեղծվի Զբոսաշրջիկների աջակցության կենտրոնը՝ Արցախ այցելած զբոսաշրջիկներին համապարփակ տեղեկատվություն և օժանդակություն ցուցաբերելու նպատակով»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: