Հայերեն   English   Русский  

​«Բաքուն առաջընթաց է ակնկալում 2019 թվականին Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման առումով». Ադրբեջանի ՆԳՆ


  
դիտումներ: 305

Ինչպես երեկ հաղորդեց ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը The Korea Times-ին տված հարցազրույցում: Ստորև բերում ենք գործակալության տեղեկատվությունն ամբողջությամբ:

«Իմ երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ բազմիցս ասվել է ամենաբարձր մակարդակով բոլոր հարթակներում: Կոնֆլիկտը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ինչ վերաբերում է կարգավորման իրավական հիմքերին, ապա անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ հիմքը բաղկացած է հիմնականում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. ընդունած չորս բանաձևերից, մի մարմնի, որը պատասխանատու է խաղաղության և անվտանգության ապահովման համար ողջ աշխարհում, ուրիշ միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ԵԱՀԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, ՆԱՏՕ-ի, Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ բանաձևերից և որոշումներից, ինչպես նաև համատեղ փաստաթղթերից՝ ընդունված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Մամեդյարովը նշել է, որ ցավոք բանակցությունները, որոնք վարվել են տարիներ շարունակ, որևէ արդյունք չեն տվել:

«Սակայն վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցները, ինչպես նաև չորս հանդիպումները իմ հայ գործընկերոջ հետ որոշակի հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: Մամուլի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում, որ հրապարակվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին՝ 2019 թ. հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպման արդյունքների հիման վրա, երախտագիտություն է հայտնվում այն բանի համար, որ կողմերը շարունակում են ջանքեր գործադրել այն մթնոլորտի պահպանման համար, որը նպաստում է արդյունքների միտված գործուն բանակցություններին: Փաստաթղթում հայտարարվել է երկու կողմերի համաձայնության մասին բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ որոշակի միջոցների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Հայտարարությունում նաև նշվում է, որ կողմերը քննարկել են հետևյալ քայլերը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հնարավոր գագաթնաժողովի ուղղությամբ, որպեսզի զորեղ խթան հաղորդեն բանակցությունների դինամիկային»,- ասել է նա:

Մամեդյարովը ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս հանուն բանակցությունների շոշափելի արդյունքների, ոչ թե բանակցությունների հանուն բանակցությունների, և դա երկրի սկզբունքային դիրքորոշումն է:

«Ընդհանուր առմամբ կուզենայի նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է կոնֆլիկտի կարգավորման քաղաքական կամք դրսևորի և բարիդրացիության փիլիսոփայությանը համապատասխան՝ գործի հանուն տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման: Մենք հույս ունենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կունենանք Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման և երկու երկրների հարաբերությունների նորմալացման առումով: Կոնֆլիկտի կարգավորման առաջընթացը, ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար պայմանների ստեղծումը հնարավորություններ են բացում, նախ և առաջ, հենց Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասել է ՆԳ ղեկավարը:

Նա նշել է, որ Ադրբեջանն այնպես, ինչպես անվտանգություն է ապահովում իր քաղաքացիների համար, որոնք տարբեր էթնիկական խմբեր են ներկայացնում, համապատասխան իր իր միջազգային պարտավորություններին, պատրաստ է նույնն անել Լեռնային Ղարաբաղում իր հայկական ծագումով քաղաքացիների նկատմամբ և նրանց բարձր մակարդակով ինքնակառավարման իրավունք տալ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ իր հողը, և այդ հարցը կրկին ընդգծվել է համայնքի վերջերս հրապարակած հայտարարությունում: Որոշ ժամանակ առաջ շփումներ են եղել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական և հայկական համայնքների միջև, սակայն, ցավոք սրտի, Հայաստանի նախորդ ղեկավարության ջանքերի հետևանքով այդ շփումները ընդհատվել են: Գիտե՞ք ինչ, հնարավոր չէ վերցնել հողը և դրա հետ տեղափոխվել ուրիշ վայր: Հասկանալի է՝ կոնֆլիկտի կարագավորումից հետո այդ երկու համայնքները պետք է միասին ապրեն: Ահա ինչու կարևոր է ծավալել և վերականգնել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի և հայ համայնքների շփումները»,- ասել է Մամեդյարովը:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     12.02.2019 «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» քանի հոգի են՞:
Ով՞ կերաշխավորի որ տասնյակ հազարավոր սոված եվ ծարավ ազերիներ, Ազրբեջանի տարբեր ծայրերից, ներառյալ Թուրքիայում վարժեցված կացնասպաններ, չեն միանա այդ ամբոխին եվ չեն փոխի Արցախի եվ Հայաստանի դեմոգրաֆիան:

Մամեդյարովը թող նախ եվ առաջ, որպես բարի կամքի դրսեվորում Բաքվի, Սումգայիթի , Տավուշի մարդասպաններին եվ ի թիվս այլոց Բուդապեշտի կացնասպանին հանձնի Հայաստանի արդարադատության մարմիններին, այնուհետեվ կխոսենք:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: