Հայերեն   English   Русский  

Արտակարգ դեպք Երևանում, պոլիկլինիկայում հերթի կանգնած կինը մահացել է. լուսանկար


  
դիտումներ: 285

Կնոջ ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները շտապօգնություն են կանչել։

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։

Ականատեսները Sputnik Արմենիային պատմեցին, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։

Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Поликлиника No 15

© SPUTNIK / PROVIDED BY MARIAM GHAZARYAN

Պոլիկլինիկայի տարածքում մահացած կինը

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։

«Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասաց Հարությունյանը։

Պոլիկլինիկայի տնօրենը հաստատեց նաև, որ իրենք շտապօգնություն են զանգահարել։ Մեր հարցին, թե արդյոք պոլիկլինիկան չունի՞ անհրաժեշտ միջոցները նման դեպքերում հիվանդին օգնություն ցույց տալու համար, Հակոբ Հարությունյանը պատասխանեց. «Պոլիկլինիկան էլ ունի։ Մենք շտապօգնություն ենք կանչել վերակենդանացման համար։ Ինչ որ պետք է, մե՛նք էլ ենք արել, իրե՛նք էլ, բայց չենք հասցրել»։

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: