Հայերեն   English   Русский  

Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին


  
դիտումներ: 513

Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ Փառատոնը կանցկացվի մինչև մարտի 12-ը՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորների ստեղծագործությունները։

Անցած 9 տարիների ընթացքում փառատոնն իրականացրել է 48 համերգ՝ հնչեցնելով 78 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործություն: Փառատոնի շրջանակներում թվայնացվել են հայ կոմպոզիտորների մի շարք արժեքավոր ստեղծագործություններ, և 60 տարվա ընդմիջումից հետո հնարավորություն է ստեղծվել հնչեցնել դրանք:

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: