Հայերեն   English   Русский  

ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԵՐ ՕԳՏԻՆ.Վազգեն Մանուկյան


​«Հայ զինվոր» թերթը զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ


  
դիտումներ: 3237

-Պարոն Մանուկյան, ո՞ր գործոններն ու պայմաններն են ապահովում երկրի պաշտպանունակության մակարդակը, եւ այժմ դրանք որքանո՞վ են նպաստավոր Հայաստանում:

-Բանակների ուժը գնահատվում է, այսպես ասած, երկու բաղադրիչների արտադրյալով: Առաջին բաղադրիչը ներառում է երկրի նյութական կարողությունները՝ համախառն ներքին արդյունքը, բանակի սպառազինության մակարդակը եւ այլն: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է բնակչության բարոյահոգեբանական նկարագրին. որքանով է ժողովուրդը լավատես իր ապագայի հանդեպ, պետական ծրագրերն ու նպատակները որքանով են սրտամոտ ժողովրդին եւ հարիր նրա աշխարհընկալմանը, հոգեկերտվածքին ու գաղափարներին, որքանով է հասարակությունը պատրաստակամ պաշտպանելու երկրի սահմանները և այլն: Այս երկու բաղադրիչները կարող են տարբեր համամասնությամբ փոխլրացնել միմյանց: Օրինակ՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին գերազանցում էր և՛բնակչության թվով, և՛ համախառն ներքին արդյունքով, և՛ սպառազինությամբ, այսինքն՝ առաջին բաղադրիչը անհամեմատ մեծ էր, բայց մենք կարողացանք հաղթել պատերազմում երկրորդ բաղադրիչի շնորհիվ, որովհետև մեծ էր մեր ժողովրդի՝ իր ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամությունը, Արցախի փրկության համար ամենաթանկ գինը վճարելու ներքին մղումը, հավատը սեփական ուժերի հանդեպ, միասնականությունը…

-Խաղաղության տարիներին ինչպե՞ս փոխվեցին երկրի պաշտպանունակությունը պայմանավորող բաղադրիչները Հայաստանում և Ադրբեջանում:

-Խաղաղության տարիներին Ալիևը և նրա վարչակազմը փորձում էին ամեն գնով իրենց երկրում բարձրացնել երկրորդ բաղադրիչը: Բայց ատելության, վրիժառության քարոզը, հետևողականորեն թշնամու կերպար ձևավորելը, որն իբր խլել է ադրբեջանցիների պատմական հայրենիքը, միջազգայնորեն անընդունելի էր:

-Եթե Արցախում ապրած, Արցախյան հողի վրա կենսագրություն ունեցող ավագ սերունդը իր ծննդավայրը պաշտպանելու մղում ու խթան չգտավ իր մեջ 90-ականների սկզբին, Արցախը չտեսած երիտասարդ սերնդի հոգում ատելության ու վրիժառության քարոզը հայրենասիրության ի՞նչ չափաբաժին պիտի ձևավորեր: Այն էլ այն դեպքում, երբ Ադրբեջանն ընկղմված է կոռուպցիայի մեջ, ու երկրի հարստությունը տնօրինում են մի քանի ընտանիքներ:

-Բնականաբար, անիմաստ էր մեծ արդյունք հուսալը: Ադրբեջանը զուգահեռաբար մեծացնում էր մյուս բաղադրիչները՝ սպառազինության մակարդակը, զարգացնում էր տնտեսությունը…

Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը սպառազինությամբ 20 անգամ գերազանցում էր Հայաստանին: Խաղաղության տարիներին մենք կարողացանք էականորեն նվազեցնել այդ տարբերությունը և ստեղծել անհրաժեշտ հավասարակշռություն: Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչության բարոյահոգեբանական վիճակին, անկեղծ ասած, ես կարծում էի, որ խաղաղության տարիներին մենք էական կորուստ ենք ունեցել այդ դաշտում: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, անօրինականությունները, կենսամակարդակի բևեռացումը, արտագաղթը կոտրում էին մարդկանց հավատը ապագայի հանդեպ, թուլացնում ոգին: Օբյեկտիվ պատճառներն՝ իրենց հերթին, մի կողմից էլ իր սև գործն էր անում երկրի վիճակը հնարավորինս մռայլ գույներով ներկայացնող ներքին քարոզչությունը:

-Եթե երկրի գույները մռայլ են, չի՞ կարելի խոսել այդ մասին:

-Ես նկատի ունեմ չափազանցված բացասական գնահատականները, որոնք համահունչ չէին իրավիճակին: Եվ ես կարծում էի, որ երկրի պաշտպանունակության գնահատման երկրորդ բաղադրիչը՝ ժողովրդի ոգին, էապես թուլացել է: Սակայն ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց: Մենք տեսանք, որ հակառակ ներքին բոլոր խնդիրներին, մեր ժողովրդի, երիտասարդ սերնդի հոգում չի նվազում հայրենիքի սահմանները պաշտպանելու մղումը: Եթե մեր երկիրը հաղթահարի սոցիալական անարդարությունը, մեղմի կոռուպցիան և լուծի այն կենսական, կարևոր խնդիրները, որոնք չլուծվեցին նախկին իշխանությունների օրոք, ապա մեր ժողովրդի հոգեբանական պաշտպանունակությունն է՛լ ավելի կմեծանա: Եվ այս բաղադրիչը կարող է վճռորոշ լինել մեզ համար:

-Պարոն Մանուկյան, կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, կենսամակարդակի բևեռացումը բնորոշ են գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Նախկին հետխորհրդային երկրները կամովին ընտրեցին կապիտալիզմի ուղին, որտեղ անկախ սոցիալական անարդարությունից և կոռուպցիայից, առաջանում է հասարակության շերտավորում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ հարստանան խելացի ու հարուստ հոգեկան աշխարհով մարդիկ: Պարադոքսալ բան պիտի ասեմ. երբեմն խելքի ու զգացական աշխարհի մեծ չափաբաժինը կարող են խանգարել բիզնեսին ու դառնալ խոչընդոտ մեծ հարստություն կուտակելու ճանապարհին: Այսինքն՝ հավասարության ոգով դաստիարակված խորհրդային սերունդը պիտի ունենար անարդարության զգացողություն հասարակության շերտավորումից, և այն պիտի սրվեր, երբ օբյեկտիվ գործընթացներին միանային կոռուպցիան, անօրինականությունը, անիրավահավասարությունը և այլն:

-Այն, ինչ կատարվեց քառօրյա պատերազմի ժամանակ, ենթադրելի՞ էր մի մարդու համար, որը եղել է պաշտպանության նախարար և, վստահ եմ, ուշիուշով հետևել է բանակի զարգացման ընթացքին: Խոսքս հատկապես վերաբերում է բանակի մարտունակությանը, մասնագիտական որակին:

-Երբ զրուցում էի բանակի ղեկավարների հետ, նրանք ասում էին, որ երիտասարդ սերունդն ավելի քաջ է, ավելի պատրաստակամ է պաշտպանելու հայրենիքի սահմանները, քան 90-ականների երիտասարդները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ անօրինակ սխրանքներ էին գործում: Անկեղծ ասած՝ սա ինձ համար անօրինաչափ, ֆենոմենալ երևույթ էր: Ինչ վերաբերում է բանակի մարտունակությանը, ապա, միանշանակ է, որ բանակի զարգացումը եղել է մշտապես ու շարունակական: Սակայն կա, այսպես կոչված, հաղթողի ախտանիշ, որը իր հետ բերում է հանգստություն, թմբիր: Այո, մեր բանակում կար թափթփվածություն, կային կոռուպցիայի տարբեր դրսևորումներ… Ապրիլյան պատերազմը յուրատեսակ ցնցում էր, որն զգաստացրեց մեզ: Եթե չլիներ այդ թափթփվածությունն ու անզգոն վիճակը, մենք ավելի արդյունավետ կդիմակայեինք Ադրբեջանի հարձակմանը և գուցե տարածքային կորուստ չէինք ունենա: Մյուս կողմից՝ Ադրբեջանն անակնկալի եկավ մեր տոկունությունից: Նրա ծրագրերը շատ հեռուն էին գնում և տապալվեցին: Մենք տեսանք, թե որքան խիզախ, անձնվեր ու արհեստավարժ կարող են լինել մեր 18-20 տարեկան տղաները հայրենի հողը պաշտպանելիս: Տեսանք մեր ժողովրդի միասնականությունն ու Արցախը պաշտպանելու պատրաստակամությունը: Արտերկրում մեր դեսպաններն ասում էին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայերի մեծ խմբեր են հավաքվում դեսպանատների մոտ. մարդիկ խնդրում էին ինքնաթիռ տալ՝ Հայաստան հասնելու և ճակատ մեկնելու համար:

-Քառօրյա պատերազմը լրատվամիջոցներում, ինչպես նաև քաղաքագետների գնահատականներում ունեցավ երբեմն տրամագծորեն հակառակ բնութագրումներ:

-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը շատ ուժեղ է: Ադրբեջանն ահռելի կարողություններ էր հավաքել, լավ պատրաստվել էր այդ հարձակմանը, բայց մի քանի օր անց մեծ կորուստներ ունենալով՝ նահանջեց, ու մարտական գործողություններն ավարտվեցին: Իսկ մենք մեր հերթին տեսանք մեր բացերը: Հասկացանք, որ սահմանի առաջին գիծն այնքան ամուր ու անխոցելի չէ, որքան մենք էինք պատկերացնում: Այսինքն՝ մենք տեսանք մեր թերությունները: Ադրբեջանը տեսավ մեր ուժը:

-Ադրբեջանը, այդուամենայնիվ, պնդում է, որ ինքը հաղթել է ապրիլյան պատերազմում:

-Իսկ Դուք կարդացեք ադրբեջանցի քաղաքագետների ու ռազմագետների վերլուծությունները, ընդդիմադիր մամուլը: Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի բանակին ու ժողովրդին չես կարող հաղթել պատերազմով: Նույնիսկ՝ երբ անսպասելի հարված ես հասցնում, և ինքդ լավ նախապատրաստվել ես: Նման մի բան եղավ 1994թ.-ին: Պատերազմն արդեն ավարտվել էր, ադրբեջանցիները փորձեցին վերսկսել այն ու տեղը տեղին ջարդվեցին:

-Պարոն Մանուկյան, մեր ռազմական ղեկավարները միշտ հավաստիացրել են, որ եթե Ադրբեջանը վերսկսի լայնածավալ մարտական գործողությունները, մենք առանց վարանելու պատերազմը կտեղափոխենք հակառակորդի տարածք: Ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ կանգ առանք:

-Մենք հաստատաբար կարող էինք կորցրած տարածքները հետ վերցնել: Նույնիսկ ավելին: Ես այդ ժամանակ Արցախում էի, և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ քննարկեցինք գրավված բարձունքները ազատագրելու գործողության ծրագիրը: Մանրակրկիտ մշակված և հաղթանակ երաշխավորող ծրագիր էր: Բայց երբ պետք էր ընտրություն անել գրավված տարածքը ազատագրելու և նոր զոհերի միջև, ընտրվեց այն, ինչ բոլորս տեսանք: Մենք այդ տարածքները մի օր հետ ենք վերցնելու, ես վստահ եմ:

-Հավանաբար, գործողությունը հետաձգվեց մինչ այն պահը, երբ կկարողանանք նվազագույն կորուստներով ազատագրել կորցրածը:

Պարոն Մանուկյան, Ձեզ բավարարո՞ւմ է այն կերպարը, որը ձևավորեց զինվորական խավը բանակի կենսագրության 27 տարիների ընթացքում:

-Զինվորական խավը ձևավորվեց Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած ֆիդայիներից, խորհրդային կադրային զինվորականներից, զինծառայության անցած քաղաքացիներից, հետագայում՝ Հայաստանի և արտերկրի ռազմական օջախներում կրթություն ստացած սպաներից: Եվ այս շերտերի միացումն ու հավաքական նկարագրի ձևավորումը շատ բարդ ընթացք էր, բայց մենք կարողացանք հասնել դրական արդյունքի, և այսօր հայ հասարակությունը բավականին լավ է տրամադրված բանակի ու զինվորականության հանդեպ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել մի խնդրի մասին: Բանակում կատարված անօրինականությունները պետք չէ թաքցնել, բայց որոշ դեպքերում այդքան մեծ հրապարակայնությունն, ըստ իս, կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ: Ասածս այն է, որ պետք է բանակի խնդիրներին գերագույն զգուշությամբ մոտենալ:

-Պարոն Մանուկյան, որքանո՞վ է հնարավոր Արցախի ներգրավումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում՝ որպես բանակցային կողմ, և այն ի՞նչ կտա մեզ:

-Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի Արցախի ներգրավումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում՝ որպես բանակցային կողմ, խափանելու համար: Արցախի մասնակցությունը, ինչ խոսք, միջազգային ընկալման տեսանկյունից մեզ համար նպաստավոր հանգամանք է, բայց չի կարող խնդրի լուծման բանալին համարվել:

-Բանակցային գործընթացը արդյոք դրական ուղիո՞վ է զարգացել մեզ համար այս տարիներին:

-Ո՛չ: Բանակցությունները շատ վաղուց փակուղու մեջ են: Եվ ես անկեղծ կլինեմ՝ փակուղուց դուրս գալու ճանապարհ չեմ տեսնում՝ առանց որևէ կողմի պարտության:

-Այդ դեպքում՝ ո՞րն է մեր անելիքը:

-Ղարաբաղյան հարցը կլուծվի այն պետության օգտին, որը կզարգանա ավելի արագ և ուժերի հարաբերակցությունը մեծապես կփոխի իր օգտին:

-Ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը:

-Իր անկախությունը զենքով նվաճած ու 25 տարի պաշտպանած երկիրը չի կարող բանակցային սեղանի շուրջ կորցնել այդ անկախությունը: Այս առումով՝ ժամանակը աշխատում է մեր օգտին:

-Ադրբեջանի նյութական ռեսուրսները թո՞ւյլ են տալիս տնտեսությունը զարգացնել ավելի մեծ տեմպերով:

-Խաղաղության 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի տնտեսության զարգացումը էապես չի ազդում բնակչության կենսամակարդակի վրա, ու երկրի հարստությունը բաժանում են մի քանի ընտանիքներ: Ինչ վերաբերում է բանակի սպառազինությանը, մենք մինչ օրս պահպանել ենք անհրաժեշտ հավասարակշռությունը: Միանշանակ է, որ մենք ունենք ավելի մարտունակ բանակ, քան Ադրբեջանը՝ ի հեճուկս Ադրբեջանի նյութական ռեսուրսների, նավթի, եղբայր երկրի աջակցության և այլն…. Այս ամենը հասկանալով՝ Ալիևը կարող է խնդիրը պատերազմի ճանապարհով լուծելու նոր փորձ անել:

-Մոտ ապագայում պատերազմի վտանգ կա՞:

-Ապրիլյան պատերազմում մեր բանակի կործանիչ հակահարվածը տևական ժամանակով հետաձգեց նոր, ավելի լայնածավալ պատերազմի վտանգը: Ադրբեջանը հասկացավ, որ ուժերի այսօրվա հարաբերակցությունը հաղթանակ չի խոստանում իրեն և լի է անկանխատեսելի վտանգներով:

-Պարոն Մանուկյան, ինչո՞վ է զբաղվում ՀՀ Հանրային խորհուրդը, ի՞նչ գործառույթներ, ի՞նչ դերակատարում ունի, և ինչո՞ւ նրա գործունեությունը, այսպես ասած, հրապարակային չէ:

-Հանրային խորհուրդը կամուրջ է իշխանությունների և հասարակության միջև: Հասարակության խնդիրները մոտեցնում է իշխանությանը և փորձում է գտնել դրանք լուծելու ուղիներ: Եվ պարտադիր չէ, որ իր կատարած աշխատանքի մասին պոպուլիստական ելույթներ ունենա: Տեսեք, երբ ընդդիմադիրները խոսում են երկրում առկա խնդիրների մասին, անկախ դրանց օբյեկտիվությունից, իշխանությունները հակված են դրանք համարելու ուռճացված: Իշխանավորները մտածում են, որ ընդդիմադիրները ժողովրդի շրջանում իշխանություններին վարկաբեկելու ու սեփական հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն:

Ի տարբերություն ընդդիմության, Հանրային խորհուրդը իշխանության գալու նպատակ չունի: Այնտեղ հավաքված են տարբեր ոլորտների մասնագետներ և իշխանություններին խաբելու կամ իրավիճակը մռայլ գույներով ներկայացնելու ոչ մի պատճառ չունեն, ըստ այդմ՝ ավելի արժանահավատ են: Ու իշխանությունները հակված են լսելու Հանրային խորհրդի ձայնը:

-Պարոն Մանուկյան, քանի որ մեր այս զրույցը համընկավ Ձեր ծննդյան տարեդարձի հետ, պիտի խնդրեմ, որ պատասխանեք մի քանի անձնական հարցերի և պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:

-Հորական պապս արևմտահայ էր՝ Մոքսից, եղեռնի ժամանակ կորցրել էր ամբողջ ընտանիքը և նրա հինգ որդիներից ողջ էր մնացել միայն հայրս: Հայրս և մայրս մաթեմատիկոսներ էին… Ես ընտանիքիս միակ արու զավակն էի, երեք քրոջ միակ եղբայրը: Պապս երազել էր, որ հայրս շատ որդիներ ունենա, որոնց կկոչի իր չորս զոհված զավակների անունով: Եվ կարծես ամբողջ սերն ու սպասելիքները կենտրոնացրել էին ինձ վրա: Ես ընտանիքում յուրահատուկ դիրք ունեի: Ես և իմ քույրերը երջանիկ մանկություն ենք ունեցել: Առհասարակ, ես երջանիկ մարդ եմ, լավ ընտանիք ունեմ, թոռներ…

-Ինչպիսի՞ն եք Դուք ընտանիքում: Ձեր հանրային կերպարը՝ անհույզ, պրագմատիկ, համահո՞ւնչ է Ձեր իրական նկարագրին ու խառնվածքին:

-Կտխրեմ, եթե իմանամ, որ ես չոր մարդու համարում ունեմ հասարակության մեջ: Ընդհակառակը, ես շատ զգացմունքային եմ, ու ինձ հաճախ են մեղադրել դրա համար:

-Մարդը, որ ղեկավարել է բանակ, կուսակցություն, Հանրային խորհուրդ…կարողանո՞ւմ է տանը ազատվել ղեկավարի կերպարից:

-Ընդհակառակը, երբ երկար տարիներ ղեկավար պաշտոն ես զբաղեցնում, հոգնում ես այդ կերպարից: Ես տանը բավականին փափուկ մարդ եմ:

-Եթե Դուք ազատ ժամանակ ունենայիք՝ բոլորովին զերծ հոգսերից, պարտականություններից ու մտածմունքներից, ինչպե՞ս կտնօրինեիք այն:

-Կընթերցեի: Կնոջս հետ կգնայի հանգստանալու բնության մի գեղեցիկ անկյունում:

-Ձեզ չեմ պատկերացնում լիասիրտ, աղմկոտ քեֆ անելիս:

-Ինչո՞ւ: Ես լավ թամադա եմ, գեղեցիկ կենացներ եմ ասում:

-Ո՞րն է տղամարդու երջանկության բանաձեւը:

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ երջանիկ է, եթե կարողանում է մինչև իր կյանքի վերջին օրն աշխատել:

-Պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Եվ շնորհակալություն շահեկան զրույցի համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ






Մեկնաբանություններ - 2

Կարեն     15.02.2019 Կեցցե Հայ ժողովրդի գլուխգործոց Վազգեն Մանուկյանը:Ծնունդտ Շնորհավոր:

Կարեն     15.02.2019 Կեցցե Հայ ժողովրդի գլուխգործոց Վազգեն Մանուկյանը:Ծնունդտ Շնորհավոր:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: