Հայերեն   English   Русский  

Ստաս Նազարյան. «Փորձում եմ միշտ լավատես լինել և հույսս չկորցնել»


  
դիտումներ: 800

Վերջերս Ծաղկաձորում կայացավ լեռնադահուկային սպորտի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին նաև պարալիմպիկ մարզիկները:

2-րդ պարալեռնադահուկային միջազգային առաջնությունում հաղթող ճանաչվեց Ստաս Նազարյանը:

Հայ մարզիկը հարուստ մարզական պատմություն ունի. 5 անգամ մասնակցել է ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերի: Ստասը լիովին պատրաստ էր նաև հանդես գալու Կանադայում անցկացվող դահուկավազքի աշխարհի առաջնությանը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մեկնելու հնարավորություն չունեցավ:
Անկախի հետ զրույցում բազմափորձ մարզիկը խոսում է ծաղկաձորյան առաջնության, վերջերս Աշոցքում բացված դահուկային գոտու կարևորության, պարալիմպիկ սպորտում գոյություն ունեցող հիմնական խնդիրների, դժվարություններից չընկճվելու, չհիասթափվելու, այլ ընդհակառակը, ուժեղ կամք դրսևորելու և առաջ շարժվելու մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ. Ծաղկաձորում կայացած 2-րդ պարալեռնադահուկային առաջնությունում հաղթող ճանաչվեցիք:

-Շնորհակալ եմ: Շուրջ մեկ տարի է կանոնավոր մարզումներ եմ անցկացնում, ամռանն էլ անվաչմուշկների վրա եմ մարզվել: Երբ ձյուն եկավ, հնարավորություն ստացա ձյան վրա պարապմունքներն անցկացնել:

Մրցումները Հայաստանում անցկացվեցին 2-րդ անգամ: Բարձր մակարդակով կազմակերպված, միջազգային կարգավիճակ ունեցող առաջնություն էր: Մրցումներից առաջ հնարավորություն ստացանք մի քանի օր մարզումներ անցկացնել Ծաղկաձորում: Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային, ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանին, հատկապես գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին` մեզ ամեն կերպ աջակցելու համար: Նկատելի է, որ նրանք սրտացավ վերաբերմունք ունեն և մշտապես ցանկանում են օգտակար լինել:

Ստաս Նազարյան

- Դուք պատրաստվում էիք մասնակցել դահուկավազքի աշխարհի առաջնոթյանը, սակայն հանգամանքների բերումով մրցավայր մեկնել չստացվեց: Ինչու՞

-Ինչպես նշեցի, լավ մարզավիճակում եմ գտնվում: Մի քանի անգամ մարզումներ եմ անցկացրել նաև Աշոցքի նորաբաց դահուկային կենտրոնում: Այս մարզաբազան շատ կարևոր է Հայաստանում դահուկավազքի զարգացման համար: Վերջապես ունեցանք լավ կենտրոն, որտեղ կարելի է մարզվել և արդյունքներ ցույց տալ:
Աշխարհի առջանությունում կարող էի հաջող ելույթ ունենալ, քանի որ լավ նախապատրաստական մարզումային շրջան էի անցել: Ցավոք, չկարողացա մասնակցել: Պատճառը ֆինանսական էր.միջոցներ չգտնվեցին:

Ես դիմեցի պետական ատյաններին ֆինանսավորման խնդրով, սակայն այդպես էլ պատասխան չստացա: Նամակ եմ հանձնել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Պատասխանեցին, որ ցանկանում եմ օգտակար լինել և եթե ինչ-որ ոորշում կայացնեն, ապա ինձ հետ կապ կհաստատեն:

-Ցավալի է, որ մարզիկները ստիպված են նման խնդիրների հետ առնչվել, միջոցներ հայթայթելու մասին մտածել, ինչը կարող է ազդել ելույթների վրա և հիասթափություն պատճառել:

-Ես չեմ հուսահատվում և միշտ փորձում եմ մարզավիճակս պահպանել:
Ցավալի է սակայն, որ Հայաստանում տարբերություն կա պարալիմպիկ և ոչ պարալիմպիկ մարզիկների միջև, այնինչ պետք է հավասարություն լինի: Հարկավոր է ֆինանսավորումն ավելացնել: Մեզ տարեկան հատկացնում են ընդամենը 3 միլիոն դրամ:

Ես հաջողություններս գրանցել եմ «Փյունիկ» հաշմանդամների միության և Պարալիմպիկ ազգային կոմիտեի շնորհիվ: Վերջին տարիներին ողջ գործընթացը կազմակերոպում եմ իմ անձնական միջոցներով` մարզումներ, սննդակարգ, ճանապարհածախս և այլն: Կարծում եմ, որ նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի և աջակցի: Պարալիմպիկ և ոչ պարալիմպիկ մարզիկները նույն գործողությունն են կատարում: Մենք մեր երկիրն ենք ներկայացնում, հայոց եռագույնն ենք բարձրացնում միջազգային ասպարեզում: Արտերկրում պարալիմպիկ ու օլիմպիկ մարզաձևերը գտնվում են հավասար մակարդակներում, նույնիսկ պարալիմպիկ մարզաձևերին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, սակայն Հայաստանում պատկերն ամբոջովին հակառակ է:

-Սպորտում հանդես գալու երկար տարիների փորձ ունեք: Հեշտ ճանապարհը չեք անցել, մի շարք դժվարություններ եք հաղթահարել` օրինակ ծառայելով շատերին և ցույց տալով, որ ցանկության դեպքում հնարավոր է գործել և հաղթել: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

-Լավատեսություն, եթե իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, անմիջապես կհիասթափվեր: Առաջին դեպքը չէ, որ ամիսներ շարունակ քրտնաջան մարզվում եմ ու վերջին պահին իմանում եմ, որ չեմ մասնակցելու մրցումներին: Ես, սակայն, չեմ հիասթափվում, փորձում եմ միշտ լավատես լինել, հույսս չկորցնել: Ինձ տրամադրում եմ, որ հետագայում ավելի լավ է լինելու, քան տվյալ պահին:

Լավատեսությունը շատ կարևոր է: Կյանքում ամեն պահի մարդ կարող է հիասթափվել: Նույնիսկ մարզումների ժամանակ են դժվարություններ ու խնդիրներ առաջանում: Հարկավոր է ուժեղ լինել և կարողանալ հաղթահարել ամեն բան, հետ չմնալ մարզումներից ու առաջ շարժվել:

Սպորտն իմ կյանքում մեծ դեր ու նշանակություն ունի: Սպորտն առողջություն է, իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նաև բարդույթները հաղթահարելու լավագույն միջոց: Թեև ունեմ ֆիզիկական հաշմանդամություն, սակայն ինձ երբևէ հաշմանդամ չեմ համարել:

Հաշմանդամություն ունենալով` 1997-1999թթ. կամավոր ծառայել եմ Ազգային բանակում: Զինվորական գրքույկս ինձ հանձնել է Վազգեն Սարգսյանը:

5 անգամ պարալիմպիկ խաղերի եմ մասնակցել, ինչը մեծ հաղթանակ եմ համարում, քանի որ շատ քչերը կարող են նման արդյունքի հասնել:

Մարզումներից դուրս զբաղվում եմ այն հարցերով, որոնք ստիպված եմ ինքս լուծել ու հաղթահարել: Ունեմ մեծ կամքի ուժ և փորձում եմ չհիասթափվել: Հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ փորձում ենք միահամուռ ուժերով հասնել մեր նպատակների իրագործմանը և մեր գործով օրինակ ծառայել:

Տարվա մեջ ամենաշատը մարզվում ենք 3 ամիս, իսկ արտերկրում մարզիկները մարզվում եմ ամբողջ տարի: Անպայման ցանկանում եմ նշել, որ անգամ այս պարագայում մենք ավելի լավ արդյունքներ ենք ցույց տալիս: Եթե մենք երկարատև մարզումներ անցկացնեինք և կողմնակի հարցերի մասին ստիպված չլինեինք մտածել, հաջողություններն ավելի շատ կլինեին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: