Հայերեն   English   Русский  

Էլեկտրոնային գիրք՝ ներդրում ապագայի մեջ...


  
դիտումներ: 2571

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, մեր երկրում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Թեմայի շրջանակներում զրուցել ենք «Յավրուհրատ» հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանի հետ՝ անդրադառնալով էլեկտրոնային գրքերի դերին ու պահանջարկին:

- Պարոն Յավրումյան, հայ հասարակությունն այսօր ի՞նչ վերաբերմունք ունի գրքի հանդեպ՝ լինի տպագիր, թե՞ էլեկտրոնային:

-Տարածված կարծրատիպ կա, որ հասարակությունը չի սիրում ընթերցել կամ քիչ է ընթերցում։ Համաձայն չեմ: Կարևոր է շեշտել՝ ինչ ենք հասկանում ընթերցել ասելով: Եթե խոսքը համացանցում լրատվական հոսքերի մասին է, իհարկե, շատ են ընթերցում։ Երբ գալիս ենք գրքին, պատկերը փոխվում է: Բայց և չի կարելի ժխտել հասարակության դրական վերաբերմունքը գրքի հանդեպ: Դրա մասին են խոսում ավելացող գրախանութները, նոր հրատարակությունները, գրքերի շնորհանդեսները:

- Ի՞նչ առավելություններ ու բացասական կողմեր ունի էլեկտրոնային գիրքը:

-Էլեկտրոնային գիրքն, ըստ էության, տեխնիկական նորարարություն է: Դա մեզ հայտնի գուտենբերգյան դասական գիրքն է, որը տպագրվում է ոչ թե «սովորական», այլ էլեկտրոնային թղթի վրա՝ հատուկ սարքերի և ընթերցիչների համար: Այն սովորական էլեկտրոնային նիշք է՝ հնարավորինս մոտեցված տպագիր գրքի ձևաչափին: Այս առումով առավելությունները տպագիր գրքի համեմատ պայմանավորված են հենց տեխնիկական նորարարությամբ: Օրինակ` էլեկտրոնային հրատարակություններում լիովին այլ է ծանոթագրման համակարգը: Եթե ձեր էլեկտրոնային սարքավորումը միացված է համացանցին, ցանկացած բառի բացատրություն կարելի է գտնել համացանցում, հետևաբար, առաջնային է դառնում արդեն հայերենով համացանցային բովանդակության հարուստ լինելու հանգամանքը, ոչ թե բառերը հատ-հատ ծանոթագրելը։ Կամ սարքավորման մեջ կարելի է պահել բառարաններ, որը հարմար է շատ, եթե գիրքը օտար լեզվով եք կարդում։ Սա իր հերթին էլեկտրոնային բառարանագրության զարգացման նոր հեռանկարներ է բացում։ Էլեկտրոնային գրքի դեպքում կարելի է կարդալ նաև այն տառատեսակով ու տառաչափով, որն ինքներդ եք նախընտրում։ Սա էլ հնարավորություն է տառաստեղծների համար։ Եվ այսպես շարունակ։

Մի՞թե առավելություն չէ, որ կարելի է մի սարքում մի ամբողջ գրադարան պահել և այն քեզ հետ ամբողջ աշխարհում պտտել, էլ չեմ ասում, որ քո էլեկտրոնային գրքերը քո իսկ համակարգչից հասանելի են ողջ աշխարհին: Կրճատվում է նաև գրքի հրատարակության ժամկետը. այն կարելի է դուրս բերել շուկա շատ ավելի արագ: Անհետանում է տպագիր գրքի էջի մասին պատկերացումը. էլեկտրոնային գրքերում էջեր չկան: Եվ քանի որ գրքի ծավալը ֆիզիկապես տեսանելի չէ, հեղինակի ողջ գրական ժառանգությունը կարելի է հրատարակել մեկ գրքում: Էլեկտրոնային գիրքն ու էլեկտրոնային հրատարակչությունը գրքի ու դրան առնչվող շուկաները վերաձևելու հնարավորություն է, որը պիտի փորձել օգտագործել:

Ինչ վերաբերում է բացասականին. ընթերցողներին առաջին հերթին անհանգստացնում է էկրանից կարդալու հանգամանքը։ Ասեմ, որ էլեկտրոնային գրքերի ընթերցիչներում՝ BookReader-ներում, այս խնդիրը լուծված է. դրանք էլեկտրոնային թանաքով են, էկրանը չի թարթում, տեսողության վրա ոչ մի բացասական ազդեցություն չկա։

Հետազոտություններ կան, որ տպագիր գիրքը տրամադրում է ավելի երկար ու ավելի խորը ընթերցանության, քան էլեկտրոնայինը, քանի որ համացանցում մենք սովոր ենք շատ արագ կարդալ ու անցնել: Բայց և կան հետազոտություններ, որոնք հերքում են այս պնդումը: Պարզապես էլեկտրոնային գրքի շուկան մասնագիտանում է հիմնականում գեղարվեստական գրականության ուղղությամբ, որը, իրոք, արագ ընթերցանություն է։ Ի դեպ, դպրոցական տարիներից հետո ես գեղարվեստական գրականություն վերադարձա շնորհիվ էլեկտրոնային գրքերի։ Տպագիր գրեթե չեմ կարդում: Եթե անգամ որևէ գիրք եմ նվեր ստանում, աշխատում եմ վերահրատարակել այն էլեկտրոնայինի և այդպես ընթերցել: Ամեն դեպքում, տպագիր կամ էլեկտրոնային ընթերցելը անհատական նախընտրության հարց է: Անգամ հայաստանյան իրականության մեջ կա էլեկտրոնային այս կամ այն գրքի պահանջարկը. առաջարկը, ցավոք, մեծ չէ։

-«Յավրուհրատ». երբվանի՞ց են սկսվել հրատարակչության աշխատանքները, ու՞մ նախաձեռնությամբ, ի՞նչ ճանապարհ եք անցել:

-«Յավրուհրատը», ըստ էության, անհատական նախաձեռնություն է՝ ես ինքս եմ (ժպտում է): Ժամանակ առ ժամանակ, իհարկե, օգնում են շատերը` ինձ ծանոթ կամ ոչ այնքան ծանոթ շրջապատից։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել, ընդլայնել էլեկտրոնային ընթերցանության մշակույթը, որը հասցրել է փոխել շատ երկրների գրաշուկաներ, իսկ Հայաստանի կողքով պարզապես անցել է:

«Յավրուհրատը» սկսվեց 2012-ին, երբ գնեցի իմ առաջին քինդլը: Ու պարզվեց, որ դրանով ոչ մի հայերեն գիրք չեմ կարողանա կարդալ. դրանք պարզապես չկային կամ մի քանիսն էին, հետևաբար սարքավորումն իր արժեքը, իմաստը կորցնում էր: Որոշեցի ինքս հրատարակել էլեկտրոնային գրքեր: Այս տարիների ընթացքում հրատարակվել է հարյուրից ավելի էլեկտրոնային գիրք: Ես էլեկտրոնայինի եմ վերածում բոլոր այն գրքերը, որոնք ինքս կուզենայի կարդալ: Սա միգուցե փոքր-ինչ «եսասիրական» հնչի, բայց նաև կողմնորոշիչ է այն առումով, որ եթե ես ուզում եմ կարդալ այս կամ այն գիրքը էլեկտրոնային տարբերակով, մեծ է հավանականությունը, որ մյուսները՝ տարիքային նույն խմբից կամ հետաքրքրությունների նույն շրջանակից, ևս կցանկանան այն ընթերցել: Հետևաբար քանի դեռ շարունակում եմ կարդալ, «Յավրուհրատը» գործելու է։

Հետաքրքիր է, որ ժամանակակից հայ հեղինակները, վերջին տարիներին հատկապես, դիտարկում են նաև գիրքն ի սկզբանե էլեկտրոնային հրատարակելու տարբերակը. այն այլևս խորթ չի հնչում։ Կամ էլ զուգահեռ՝ էլեկտրոնային ու տպագիր։ Փորձ կա, երբ տպագիրը էլեկտրոնայինից տարիներ անց հրատարակվեց։ Սա ձեռքբերում է։ Բացի այդ՝ հեղինակները համոզվում են, որ էլեկտրոնայինը կարող է նոր շունչ հաղորդել նաև իրենց նախկին գործերին, օգնել գտնելու ընթերցողների բոլորովին նոր բանակ։

-Էլեկտրոնային գրքերն ընթերցանության վճարովի՞, թե՞ անվճար տարբերակներ են:

-Երկու տարբերակն էլ հնարավոր է: Պարզապես հայաստանյան իրականության մեջ վճարովի համակարգ ունենալը տեխնիկապես շատ ավելի բարդ է: Գլոբալ էլեկտրոնային գրախանութներից Հայաստանում, ցավոք, մեկ-երկուսն են աշխատում. սա նույնպես սահամանափակում է վաճառքների հնարավորությունը։

Էլեկտրոնային գրքերը նվազագույնը քսան տոկոսով էժան են (ձևավորված մոտեցումն է այդպիսին), քան դրանց տպագիր տարբերակները: Վաճառքի «փիլիսոփայությունն» էլ է յուրահատուկ. եթե տպագիր գիրքը գնում եք և այն ֆիզիկապես ձերն է արդեն, էլեկտրոնայինի դեպքում դուք իրականում գնում եք գիրքն ընթերցելու հնարավորությունը. ֆիզիկապես այն ոչ թե ձեզ, այլ միջնորդ գրախանութին կամ հրատարակչին է պատկանում, թեկուզ և այն ձեր հեռախոսում կամ համակարգչում կամ էլեկտրոնային ընթերցիչում է։

-Էլեկտրոնային գիրք հասկացությունն ընթերցողի տարիքային ի՞նչ նախնական շեմ է ենթադրում:

-Տարիքային ինչ որ սահմանափակում չկա։ Պարզապես էլեկտրոնային գիրքը, որպես տեխնիկական նորարարություն, երևի թե ասոցացվում է ավելի երիտասարդ կամ միջին տարիքի ընթերցողի հետ: Խնդիրն այս դեպքում ոչ այնքան տարիքն է, որքան ընթերցիչի՝ BookReader-ի առկայությունը: Եթե դուք արդեն գնել եք այն, ապա նվազագույնը էլեկտրոնային տարբերակով ընթերցելու հնարավորություն ունեք:

-Ինչպիսի՞ն է էլեկտրոնային գրահրատարակչության վիճակը Հայաստանում: Այն մեր ընդհանուր հրատարակչության քանի՞ տոկոսն է կազմում:

-Որպես այդպիսին՝ հայկական էլեկտրոնային գրահրատարակչական շուկա գոյություն չունի: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ էլեկտրոնային հրատարակությունները տպագիր հրատարակությունների զրո ամբողջ ինչ-որ տասնորդական տոկոսն են կազմում: Կան զուտ առանձին նախաձեռնություններ, որոնցից մեկը հենց «Յավրուհրատն» է: Հայաստանյան ավանդական, խոշոր հրատարակիչները փորձեցին մտնել այս շուկա, սակայն արագ հրաժարվեցին այդ մտքից: Երեք ամիս առաջ մի նախաձեռնություն սկսեցինք «Dasaran» կրթական ծրագրի հետ՝ էլեկտրոնային գրադարան դպրոցականների համար։ Սա նաև ներդրում է ապագայի մեջ՝ փորձել երեխաների շրջանում փոքր տարիքից հետաքրքրություն սերմանել դեպի էլեկտրոնային ընթերցանությունը:

Մյուս կողմից՝ էլեկտրոնային գրքերը գերիշխող չեն դառնա մեր իրականության մեջ, գոնե տեսանելի ապագայում, բայց կկարողանան գրաշուկայում ավելի լայն հատված զբաղեցնել: Օրինակ՝ ամերիկյան շուկայում վաճառվող գրքերի երեսուն տոկոսից ավելին այսօր էլեկտրոնային է, Եվրոպայում այդ թիվը տատանվում է 7-15 տոկոսի սահմաններում, ռուսական շուկայում բարձր է հինգ տոկոսից:

Նշեմ նաև, որ այսօր վիճակագրական գործիքներ կան, որոնք թույլ են տալիս տեսնել, թե գիրքը քանի՞սը կարդացին, ո՞ր երկրում, քանի՞ էջ և այլն, այդ թվում նաև հայերեն էլեկտրոնային գրքերը: Գրասերների Goodreads հարթակում, օրինակ՝ կարելի է տեսնել նաև ընթերցողների արձագանքը. ով կարդաց, երբ, հավանեց, թե ոչ և այլն:

-Հայաստանում ունե՞նք գիրք նվիրելու ձևավորված մշակույթ, և արդյոք մարդիկ միմյանց նվիրու՞մ են էլեկտրոնային գրքեր:

-Գիրքը նվերի «ամենահեշտ» տարբերակն է, երբ չգիտես ինչ նվիրել, նվիրում ես գիրք, ինչն, իհարկե, շատ լավ է, բայց խոսում է այն մասին, որ գիրք նվիրելու մշակույթը թույլ է։ Էլեկտրոնային գրքեր նվիրելու տարբերակ նույնպես կա, այն շատ նման է ձեր ունեցած նիշքը ինչ-որ մեկին ընթերցել թույլ տալուն կամ էլեկտրոնային փոստով ուղարկելուն։

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Կարդալ ժամանակակից հայ գրականություն և էլեկտրոնային։

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: