Հայերեն   English   Русский  

«Մայրիկ»․ թե ինչպես սկսվեց արևմտահայկական խոհանոցի հաղթարշավը


  
դիտումներ: 2092

Հայկական ռեստորաններ աշխարհում շատ կան, բայց զուտ արևմտահայկական՝ առաջինը «Մայրիկն» է, որը հիմնադրվել է 2003 թվականին Բեյրութում, ապա տարածվել այլ երկրներում։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ից «Մայրիկն» արդեն հայրենիքում է։

Երևանում՝ Ամիրյան 4/6 հասցեում, ռեստորանի բացմանը ժապավենը կտրում է լիբանանահայ հիմնադրի՝ Ալին Քամակյանի մայրը։ Իսկ ռեստորանի գաղափարը գալիս է հորից։

Մայրիկ ռեստորան

«Հայրիկիս երազանքն էր Բեյրութում ճաշարան բացել։ Նա ուզում էր ոչ միայն մեր բարեկամներին, այլև արաբներին ներկայացնել Արևմտյան Հայաստանի ավանդական ճաշատեսակները»,-պատմում է Ալինը։

17 տարեկան էր, երբ հայրը կյանքից հեռանում է՝ դստերը փոխանցելով իր երազանքը։ Տարիներ անց այն դառնում է ավելին, քան հոր երազանքն էր․․․

***

Ոչ ոք չէր հավատում, որ ապահովագրական ոլորտով զբաղվող և Լիբանանի առաջին երեք ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկը հիմնադրած Ալին Քամակյանը կորոշի ռեստորան բացել և խորանալ հայկական խոհանոցի գաղտնիքների մեջ։ «Դու ո˜ւր, սուջուխն ու բաստուրման ո˜ւր»,-ծիծաղում էին ընկերներն ու բարեկամները։ Բայց արի ու տես, որ 2003 թվականին Ալինը Բեյրութում բացում է առաջին բուն հայկական խոհանոցով կամ ինչպես ինքն է ասում՝ միջերկրական հայկական խոհանոցով ռեստորանը՝ կոչելով «Մայրիկ»։

«6 տարի շարունակ խոհանոցում էի, ինքս էի գնում մթերքը, ինքս պատրաստում, կազմում մենյուն, անգամ քնում էի ռեստորանում քնապարկով»,-պատմում է նա։

Մայրիկ ռեստորան

Որքան էլ զարմանալի է, սկզբում հաճախորդները հիմնականում արաբներն էին, եվրոպացիները և դրսի հյուրերը։ Շուտով «Մայրիկը» դառնում է ամենահայտնի ու ամենասիրելի ռեստորաններից մեկը Բեյրութում։

***

Երազանքը հայրիկինն էր, իսկ ինչո՞ւ «Մայրիկ»

«Երկար ժամանակ շեֆ խոհարար էի փնտրում, ու պարզվեց դա լուրջ պրոբլեմ է,-պատմում է նա,-մտածեցի՝ ես մայրիկիցս եմ սովորել եփել, մայրիկս էլ իր մայրիկից է սովորել, ուրեմն պետք է մայրիկներ լինեն մեր խոհանոցում։ Աշխատանքի վերցրեցի հայ մայրերին։ Առաջին ամիսներին 46 մայրեր էին աշխատում մեր խոհանոցում։ Այդպես որոշեցի ռեստորանը կոչել «Մայրիկ»։ Այսինքն, այս անունը ոչ միայն իմ մայրիկի ու մեծ մայրիկի՝ Մանուշակի պատվին է, այլ բոլոր հայ մայրերի, որոնք մեզ են փոխանցել հայկական խոհանոցի գաղտիքները»։

Բացի այդ, Ալինի համար կարևոր էր, որպեսզի Բեյրութի հայ կանայք, որոնք տարիներ ի վեր տանը նստած էին՝

Մայրիկ ռեստորան

կախման մեջ լինելով միայն ամուսնու եկամուտներից, հնարավորություն ունենան տնից դուրս գալու, ինքնուրույն դրամ վաստակելու, սոցիալական կապեր ստեղծելու։ «Եվ իսկապես նրանց կյանքը շատ փոխվեց մեզ։ Ես անգամ մրցանակ ստացա Լիբանանում՝ իբրև կին գործարար, որը հասարակության մեջ փոխել է կանանց նկատմամբ վերաբերմունքը»։

Հայրիկի երազանքն իրականություն էր դարձել, բայց Ալինի երազանքն ընդլայնվել էր, ավելի խորն ու հեռուն գնացող սահմաններ գծել։

Մայրիկ ռեստորան

«Մտածեցի՝ եթե ես կարող եմ հայկական խոհանոցի միջոցով հայկական մշակույթը ծանոթացնել արաբական աշխարհին, ապա ինչո՞ւ չեմ կարող ներկայացնել նաև ամբողջ աշխարհին»։

Այդպիսով սկսվում է «Մայրիկի» հաղթարշավը այլ երկրներում։

2009 թվականին «Մայրիկ» ռեստորան է բացվում նաև Սաուդյան Արաբիայում, այնուհետև Դուբայում, Մալդիվներում։ Այս տարվա վերջին նախատեսվում է «Մայրիկի» բացումը Լոնդոնում։

***

«Մայրիկի» խոհանոցը տարբերվում է նրանով, որ ուտեստները ոչ միայն արևմտահայկական են, այլև ներկայացնում են ուտեստի բնօրինակը՝ առանց այլ խոհանոցների ազդեցության, այնպես, ինչպես պատրաստել են ճաշատեսակը Արևմտյան Հայաստանի տվյալ բնակավայրում։

«Ցեղասպանությունից հետո հայերը, աշխարհի տարբեր երկրներում հաստատվելով, իրենց բուն ճաշերը մի քիչ փոփոխել են։ Ես ուզեցի բուն ճաշատեսակը գտնել ու մատուցել»,-ասում է ռեստորանի հիմնադիրը։

Ուտեստների անաղարտ տարբերակը գտնելու համար Ալինը բելգիացի մշակութաբանի հետ ուղևորվում է Արևմտյան Հայաստան։ Շրջելով հայկական բնակավայրերում՝ նրանք փորձում են գտնել գոնե ծպտյալ հայեր, որոնք կպատմեն հայկական ուտեստների բաղադրատոմսերի մասին։ «Մեկ ամիս երկու խենթ աղջիկ ամբողջ Արևմտյան Հայաստանը ոտքի տակ տվեցինք։ Շատ հետաքրքիր, բայց նաև շատ հուզիչ ապրումներով մի շրջագայություն էր դա։ Չափազանց ծանր էր լինել այն վայրերում, որտեղ ապրել են մեր տատերն ու պապերը և որտեղ նրանք ցեղասպանության են ենթարկվել»։

Շրջագայության ընթացքում 220 բաղադրատոմս է հավաքագրվում, որը դառնում է ծավալուն գիրք։ Բայց այն

Մայրիկ ռեստորան

Գրքով Ալինն ուզել է նաև շնորհակալություն հայտնել հայ մայրերին, որ կարողացել են Ցեղասպանությունից հետո պահպանել ու փոխանցել հայկական խոհանոցի ավանդույթները։ «Մեծ մայրս Մուսալեռցի էր։ 9 տարեկանում մորն ու քույրերին իր աչքի առջև սպանել են, իսկ ինքը ֆրանսիական նավով, մի կերպ փրկվելով, հեռացել է։ Երբ մուսալեռցիներով հավաքվում էին, հիշում էին իրենց հայրենիքն ու իրենց ճաշերը պատրաստում։ Այդպես պահպանվում էր հայկական խոհանոցի մշակույթը»։

Մայրիկ ռեստորան

Գրքից հետո Ալինը 100 մասից բաղկացած ֆիլմաշար է նկարահանում հայկական ճաշատեսակների մասին, որը շուտով հասանելի կլինի ինտերնետային տիրույթում, իսկ արաբական ամենամեծ մոբայլ ընկերության հետ արդեն ստորագրված է պայմանագիր՝ ֆիլմաշարը ներկայացնելու արաբական աշխարհում։

Այսպիսով, Արևմտյան Հայաստանի հարուստ խոհանոցային մշակույթը նաև «Մայրիկի» շնորհիվ է տարածվում երկրից երկիր՝ դառնալով մեր արժեքավոր այցեքարտերից մեկը աշխարհում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: