Հայերեն   English   Русский  

​Հասարակությունը կին առաջնորդին ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, քան տղամարդուն․ Անուշ Բեղլոյան


  
դիտումներ: 1865

Օրենսդիր գործունեության առանձնահատկությունների մասին է «Անկախը» զրուցել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ։

-Տիկին Բեղլոյան, Դուք մասնագիտությամբ ֆիզիկոս,գործարար կառավարման, հաղորդակցության մասնագետ եք։ Հիմա նաև պատգամավոր եք և օրենսդիր գործունեությամբ եք զբաղվում։ Կպատմե՞ք, թե ինչպես որոշեցիք առաջադրվել։ Նախկինում քաղաքականություն մտնելու նպատակ ունեցե՞լ եք։

-Երբեք չեմ ունեցել նպատակ զբաղվել քաղաքականությամբ։ Սակայն կյանքի որոշ փուլում գալիս է այնպիսի պահ, որ ոչ թե մտածում ես, թե ինչ կարող է անել քո երկիրը քեզ համար, այլ ինչ դու կարող ես անել քո երկրի համար։ Ունեմ քսան տարուց ավելի փորձ տարբեր բնագավառներում։ Թվում է, թե ինքնահաստատման, ինքնակայացման, ինքս ինձ ինչ-որ բան ապացուցելու բոլոր փուլերն արդենանցած են, և եկել է այն ժամանակը, երբ քեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում,և կանգնում ու մտածում ես, թե ինչ անել։ Դրանից հետո մարդիկ կամ գնում են Գոա, ապրում են օրը տասը դոլարով և լողալով ու ոչինչ չանելով, կամ սկսում են նոր գործունեություն։ Այնպես ստացվեց, որ հեղափոխությունը սկսվեց այդ ժամանակ, և պարզ դարձավ, որ մեր երկրի առջև կանգնած են այնպիսի մարտահրավերներ, որտեղ ես որոշ մասով կարող եմ օգտակար լինել։ Մինչև օգոստոս-սեպտեմբեր ես բացարձակապես նույնիսկ չէի մտածում, որ կլինեմ քաղաքականության մեջ։ Այո, ես միշտ եղել եմ շատ ակտիվ սոցիալական ցանցերում, միշտ հետևել եմ ներքին, արտաքին քաղաքականության հարցերին, բայց երբևիցե ինքս փորձ չեմ արել լինել ակտիվ քաղաքական գործիչ։ Հասկացա, որ այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առջև,փոքր մասով գտնվում են նաև իմ մասնագիտական ոլորտում։ Եվ որպես պրոֆեսիոնալ որոշում կայացրեցի, որ պետք է իմ հանգիստ կյանքը, մասամբ՝ ազատությունը զոհաբերեմ և ծառայեմ իմ երկրին։

-Ինչպիսի՞ն եք տեսում Ձեր պատգամավորական գործունեությունը։

- Ընդգրկվել եմ արտաքին կապերի հանձնաժողովում, այս պահին մասնագիտանում եմ և Ռուսաստանի, և ԵՄ հարցերում։ Լավ գիտելիքներ և կապեր ունեմ, կաշխատեմ միջխորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ՝ ի օգուտ մեր երկրի հեղինակության բարձրացման։ Որպես ԱԺ պատգամավոր կաշխատեմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակներում։ Նաև որպես հաղորդակցության մասնագետ առաջին օրվանից աշխատում եմ յուրաքաչյուր բնագավառի տեղեկատվական կուլտուրայի կայացման վրա, բովանդակության ձևավորման, բովանդակության ճիշտ մատուցման, այս պահին մտածում են նաև որոշ նախաձեռնություններ ունենալ։ Իհարկե, արտաքին կապերի հանձնաժողովում դժվար է օրենսդրական նախաձեռնություններ ունենալ, չնայած լինում են։ Ես ավելի շատ պատկերացնում եմ իմ դերը ազգային ժողով-հանրություն, ազգային ժողով-արտաքին լսարաններ արդյունավետ հետադարձ կապի ստեղծման և խմբակցության և հասարակության միջև ճիշտ հետադարձ կապի ստեղծման ոլորտում։

-Ասացիք, որ որոշակի գաղափարներ ունեք։ Հետաքրքիր է՝ ազգային ժողով գալուց մտքում օրենսդրական որևէ նախաձեռնության գաղափար ունեցե՞լ եք։

-Քանի որ ես բավականին բազմակողմանի գործունեություն եմ վարել, 4-5 մասնագիտություն եմ փոխել և յուրաքանչյուրում հասել եմ որոշակի բարձր դիրքի, իմ մտքերն ու հնարավորությունները բավականին լայն են․ ես և կրթական, և սոցիալական, և տեխնոլոգիաների ոլորտում բավականին մեծ փորձ ունեմ, և այո, ունեցել եմ և ունեմ մի շարք մտքեր, թե ինչպես բարելավել, օպտիմալացնել և դարձնել ավելի արդյունավետ այդ ոլորտները։ Բայց հիմա ես չեմ ուզում շատ լայնանալ, ես տեսնում եմ, որ բացը այն բնագավառում է, որով ես հիմա զբաղվում եմ՝ արտաքին հարաբերություններ, տեղեկատվություն, հաղորդակցություն, բանակցություններ։

-Այսինքն ներկա փուլում ձեր կողմից դեռևս օրենսդրական նախաձեռնությունների կարիք չկա՞։

-Ոչ։ Այս պահին չէ։ Բայց շատ ուշադիր հետևում եմ իմ գործընկերների նախաձեռնություններին։

-Քաղաքականություն եք մտել, որը բոլորովին նոր ճանապարհ և կարելի է ասել մասնագիտություն է։Ձեզ հիմա որքանո՞վ եք կայացած քաղաքական գործիչ համարում։

-Ես կայացած պրոֆեսիոնալ եմ, որը պատրաստ է լինել քաղաքական գործիչ։ Ամեն վայրկյան, ամեն օր սովորում եմ։ Կնախընտրեի, որ իմ մասին այդպես խոսեին իմ ընտրողները և հանրությունը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա ինքս ինձ համարել մինչև վերջ կայացած գործիչ կամ մասնագետ։Այն պահին, որ տեսնեմ հանրության մոտ իմ մտքերը, գործերը արժանանում են այդպիսի գնահատականի, կհամարեմ, որ իմ աշխատանքը, ինքնազարգացումն արդյունք են տվել։

-Որպես պատգամավոր ստիպված եք նաև ձեր մասնագիտության ոլորտին չառնչվող, խիստ քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշում ունենալ։ Այդպիսի հարցերից Արցախի հիմնախնդիրն է։ Դուք էլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եք։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

-Իմ դիրքորոշումն որպես պատգամավոր այնպիսին է, ինչ միշտ եղել է։ Երկար տարիներ իմ դիրքորոշումը եղել է այն, ինչ այսօր հռչակում է նաև արտաքին գործերի նախարարությունը, որը նաև հիմնաքարն է մեր արտաքին քաղաքականության։ Դա Արցախի վերադարձն է բանակցային սեղան, ինչը շատ կարևոր է։ Եվ կարծում եմ, որ այդ պարագայում մենք կստանանք բանակցային բոլորովին նոր իրավիճակ։ Եվ երկրորդը՝ իհարկե, այլ իրավրճակ որևէ կերպ անընդունելի է ինձ համար, ինչպես նաև երկրի ղեկավարության համար, փոխզիջումներ հանուն խաղաղության, զիջումներ հանուն խաղաղության կոնցեպտը, որը մերժվել է հիմա։ Կարծում եմ, որ բանակցությունները պետք է լինեն հավասար։ Այնպես չէ, որ այս մոտեցումը ձեռք եմ բերել հիմա։ Բավականին երկար տարիներ ուսումնասիրել եմ Ղարաբաղի հարցը և միշտ եղել եմ այդ համոզմունքին։ Շատ վատ եմ վերաբերվել նախկինում առաջարկվող փաստաթղթերին, որոնք բանակցային սեղանին էին դրված։

-Այսինքն որպես պատգամավոր պատկերացնո՞ւմ եք որևէ իրավիճակ, երբ կարող եք կողմ արտահայտվել տարածքների զիջում ենթադրող որևէ բանաձևի։

-Ես որպես պատգամավոր իրավասու չեմ մեկնաբանել բանակցային գործընթացը։ Հարցը այնքան բարդ և բազմակողմանի է․․․Եթե հիմա ունենայինք Արցախի կառավարությունը որպես բանակցային կողմ, մենք մոտավորապես կհասկանայինք կողմերի դիրքորոշումները և ավելի պատրաստ կլինեինք ինչ-որ կանխատեսում անելու, թե ինչ մոդելով կարող են ընթանալ բանակցությունները։ Ես ձեզ հավատացնում եմ՝ միջազգային դիվանագիտության մեջ գոյություն ունեն օրինակներ, որտեղ նման հարցերը և վեճերը լուծվել են շատ անսպասելի ձևով, և բոլորովին այլ հարթության մեջ։

Շատ հավանական է, որ բանակցային սեղան Ղարաբաղի վերադարձից հետո լինեն բոլորովին այլ մոդելներ։

Հայաստանը հաղթել է պատերազմում, և Ղարաբաղի ժողովուրդն ապրում է պետականության բոլոր հատկանիշներն ունեցող հանրապետությունում, ունի սահմանադրություն, ունի կառավարություն, ընտրություններ, բոլոր այն ինստիտուտները, որոնք գոյություն ունեն պետության մեջ։ Եվ ամենակարևոր փաստաթուղթը որ ունենք, Ղարաբաղի սահմանադրությունն է։ Այնտեղ հստակ նշված են այն տարածքները, որը Ղարաբաղը համարում է իր տարածքներ։

Որպես ԱԺ պատգամավոր ես չեմ պատկերացնում այնպիսի վիճակ, երբ ես կամ Հայաստանը քվեարկի ինչ-որ փաստաթղթի համար, որի համաձայնությունը չի տվել Արցախի ժողովուրդը և ընտրված իշխանությունը։

-Իսկ լավ օրենսդրի, պատգամավորի ձեր բանաձևը ո՞րն է։

-Լավ պատգամավորն այն մարդն է, որը սիրում է իր երկիրը, որը հաշվետու է իր ընտրողներին, որը հանրային շահը դասում է վեր իր նեղ անձնային շահից, որը կարող է հրաժարվել իրեն դուրեկան ինչ-որ մի բանից հանուն ընդհանուրի և երկրի շահի և իրեն դիտարկում է որպես խորհրդարանի մեկ մաս և աշխատում է այնպես, որ իր աշխատանքը օգուտ բերի ամբողջ խորհրդարանական համակարգին։

-Պատգամավոր դառնալուց հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։

-Երկուստեք է փոխվել։ Առաջինն այն է, որ ավելի մեծ ջանքեր եմ գործադրում ուշադրություն հատկացնելու իմ ընտանիքին ու ընկերներին, որովհետև չէի ուզենա, որ իմ պատգամավոր դառնալը որևէ կերպ անդրադառնար մեր հարաբերությունների վրա։ Լրացուցիչ ջանքեր է դա պահանջում, որովհետև աշխատանքն իրոք շատ է։ Այդ տեսակետից մի քիչ ավելի շատ եմ սկսել գնահատել իմ ընկերական, մարդկային կապերը, ընտանիքիս հետ հարաբերությունները։ Իսկ աշխատանքային տեսանկյունից շատ ինտենսիվ է այդ ներածական փուլը։ Աշխատում եմ հնարավորինս արագ մտնել աշխատանքի մեջ, ավելի արդյունավետ դարձնել։ Դա իհարկե բավականին մեծ ճնշում է, բայց ինձ դուր է գալիս, որովհետև մարտահրավերներ սիրում եմ։Ես միշտ աշխատել եմ օրական 10-12 ժամ։ Այդ տեսակետից տարբերություն չկա։

-Մինչև պատգամավոր դառնալը ակտիվ քաղաքացի էիք, սոցցանցերում քննադատում էիք վատն էլ, իշխանություններին էլ։ Հիմա, երբ պատգամավոր եք և իշխանական ուժի ներկայացուցիչ, մանդատը ձեզ կաշկանդելո՞ւ է։

-Չի փոխվում համարյա ոչինչ, բացի այն փաստից, որ ես քաջ գիտակցում եմ, որ քաղաքացի Անուշ Բեղլոյանն ուներ շատ ավելի քիչ պատասխանատվություն իր բառերի համար, քան թե պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Եվ եթե գրում ես, միշտ պետք է հասկանաս, որ գրում է ոչ թե միայն Անուշը, այլ նաև ԱԺ պատգամավոր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այնպես որ կաշխատեմ, որպեսզի իմ ցանկացած կարծիք չվնասի կամ թյուրիմացության մեջ չգցի իմ ընթերցողներին։

-Իսկ քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Շատ հանգիստ։ Եթե տեսնում եմ, որ քննադատությունն արդար է, ամեն ինչ կանեմ որ շտկեմ այն բանը, որը քննադատության է արժանացել, լինի դա անձնական, թե աշխատանքային քննադատություն։ Եթե զգում եմ, որ քննադատությունն ուղղորդված է, ուղղակի անտեսում եմ։ Բայց երբեք չեմ վիճում այդ մարդու հետ և միշտ շնորհակալ եմ։

Չկա այնպիսի մարդ, որը բոլորին դուր է գալիս, որի կարծիքի հետ բոլորը համամիտ են։ Քանի որ որպես պատգամավոր ավելի ես տեսանելի, ավելի շատ կարծիք կհայտնեն, ավելի շատ քննադատություն կլինի։ Դա այն գինն է, որը ես և բոլորս վճարում ենք, որ նստում ենք այս շենքում։

-Քանի որ տեսանելիությունից խոսեցիք, կին պատգամավորներն ավելի տեսանելի են։ Ի՞նչ է նշանակում լինել կին պատգամավոր։ Որևէ առումով ճնշում զգո՞ւմ եք։

-Չէ, մեր խմբակցությունում բացարձակապես ճնշում չկա, շատ բարյացակամ և կոնստրուկտիվ են մեր հարաբերությունները ներսում և ես չեմ զգում այդ տարբերությունը։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ գործունեությանը, կին լինելը բացարձակապես չի խոչընդոտում իմ խոսքի ազատությանը և այն ազդեցությանը, որ ես կամ մեր խմբակցության ցանկացած կին կարող է ունենալ։ Բայց հանրային դաշտում իհարկե այդպիսի կոմֆորտ զգացողություն չկա, որովհետև ցավով տեսնում եմ, ամբողջ աշխարհում է այդպես, միայն Հայաստանում չէ, որ կանայք շատ ավելի հազվադեպ են հասնում ղեկավար պաշտոնների, շատ ավելի մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի դառնան տնօրեններ կամ պատգամավորներ, այսինքն հասարակությունը կին առաջնորդին ավելի բարձր պահանջներ է ներկայացնում, քան տղամարդուն, և նաև դժբախտաբար, կանանց վերաբերյալ երբեմն թույլ են տալիս այնպիսի քննադատություններ և արտահայտություններ, որոնք երբեք թույլ չեն տա տղամարդու վերաբերյալ։

Քանի որ աննախադեպ քանակությամբ կին պատգամավորներ կան այս խորհրդարանում, կարծում եմ, մենք բոլորս պետք է հնարավորինս մեր հանրային գործունեությամբ ոգևորենք երիտասարդներին, ուսանողներին, դպրոցականներին, որ հասկանան՝ այո, դա հնարավոր է։ Շատ է պետք աշխատել, մի տարում չի փոխվի այդ իրավիճակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: