Հայերեն   English   Русский  

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն թարգմանվում է անգլերեն և ռուսերեն


  
դիտումներ: 400

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող Մանկապատանեկան գրքի 15-րդ երևանյան ցուցահանդես-վաճառքի շրջանակում ընթերցասերներին ներկայացվեց «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, կազմողն է Նազելի Կարապետյանը:

Շնորհանդեսի ընթացքում Նազելի Կարապետյանն առանձնահատուկ շեշտեց, որ գրքում ներկայացված հեքիաթներն ազգային են, տիեզերական ու միշտ արդիական: «Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:

Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:

Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց, որ Նազելի Կարապետյանը հսկայական գործ է կատարել:

«Հայ ժողովրդական հեքիաթներ բոլորս էլ կարդացել ենք փոքր տարիքում: Այստեղ կան հեքիաթներ, որոնք էլի հրատարակվել են, մշակվել են նախկինում, բայց հիմնականում նոր հեքիաթներ են ներառված: Առանձնահատուկ շեշտեմ, որ բոլոր հեքիաթների համար ստեղծվել են նկարազարդումներ»,-շնորհանդեսի ընթացքում նշեց նա: Մկրտիչ Կարապետյանը հավելեց, որ գիրքը թարգմանվում է նաև հայերեն ու անգլերեն:

Ժողովածուներում ընդգրկված հեքիաթների մի մասը սիրված է լայն հասարակության կողմից: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր, թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը:

Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:

Ի դեպ, միջոցառումն անցավ ինտերակտիվ ձևաչափում: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին պարային ու թատերական համարներ, ինչպես նաև ընթերցվեցին հեքիաթներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: