Հայերեն   English   Русский  

​ Լիբանանում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը


  
դիտումներ: 1584

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացավ «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ, պաշտոնյաներ, գիտնականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հրավիրված էին բանախոսներ Հայաստանից, Լիբանանից և Թուրքիայից: Ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:


Առաջին օրվա բանախոսն էր Լիբանանի համալսարանի գրականության, հումանիտար և սոցիալական գիտությունների դոկտորական դպրոցի պրոֆեսոր Մասուդ Դահերը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, հոգեբանական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի ավագ խորհրդատու Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման խնդրին:

Գիտաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակներ դոկտոր Զավեն Մսըրլյանը և դոկտոր Սալեհ Զահրեդդինը: ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունները 1991-2014 թթ.-ին, ելույթով հանդես եկավ նաև լրագրող Թաթուլ Հոկոբյանը: Եզրափակիչ ելույթներում Ստամբուլի Բիլքի համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզն անդրադարձավ 1923-2014 թթ. փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի Հանրապետության որդեգրած կեցվածքին, իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ժամանակակից Թուրքիայում հայերի կարգավիճակին ու իսլամացված հայերի խնդրին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: