Հայերեն   English   Русский  

​26.09.1996թ. և 01.03.2008թ., նմանություններ ու տարբերություններ.Մարատ Բաղդասարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 515

1996թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ժողովրդի համբերության բաժակը լցված էր, սակայն գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առավել ևս հանգիստ էր ու իր հաղթանակն ապահովված էր համարում։

Դրա համար նա լիարժեք հիմքեր ուներ։ Մեկ տարի առաջ` 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողությամբ ներդրվել ու փորձարկվել էր ընտրակեղծիքների մեքենան և ոչինչ չէր խանգարում նրան նույն սցենարով հաղթել նաև այս անգամ։

Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Անսպասելիորեն բոլոր հիմնական քաղաքական կուսակցություններն ու ուժերը համախմբվեցին նախագահի թեկնածու, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի շուրջը և միասնական ժողովրդական ճակատ ստեղծեցին։ Այս անակնկալից կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանը ելք չուներ, մանավանդ, որ մինչև քվեարկության օրը շատ կարճ ժամանակ էր մնացել։

Բոլորս վստահորեն հավատում էինք մեր հաղթանակին` տեսնելով ժողովրդի բացարձակ վստահությունը միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ու իր թիմի նկատմամբ։ Մնացել էր քվեարկությամբ, ընդամենը օրենքով սահմանված կարգով, փաստաթղթային ձևով ամրագրել ժողովրդի հաղթանակը։ Սակայն տեղի ունեցավ այն, ինչին ոչ ոք չէր սպասում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նենգափոխելով Վազգեն Մանուկյանի բացարձակ հաղթանակը` հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի մասին։ Ժողովրդի ցասումն անսահման էր։ Հետագայում Վազգեն Սարգսյանը պետք է հայտարարեր, որ իրենք ոչ մի դեպքում, եթե նուննիսկ Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկեր ընտրողների 100%-ը, իրենք իշխանությունը չէին տա նրան։

Այնուհետև տեղի ունեցան սեպտեմբերի 26-ի դեպքերը, որի ժամանակ առաջին անգամ ժողովրդի վրա ջրցան մեքենաներ ու այլ հատուկ միջոցներ կիրառվեցին։ Ընտրյալ նախագահ Վազգեն Մանուկյանը կանգնած էր ճամփաբաժանում` կամ շարունակում էր պայքարը` համոզված լինելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը և Վանո Սիրադեղյանը Հայաստանն արյան ծովի կվերածվեն կամ պետք է ժողովրդին տուն ուղարկեր ու հեռանար։

Վազգեն Մանուկյանը լինելով մեծ հայրենասեր` ընտրեց հեռանալու ճանապարհը։ Հետագայում Վանո Սիրադեղյանը պետք է հայտարարեր, որ պետք էր առնվազն մի 800 մարդ սպանած լինեին։ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատին երկու տարի անհրաժեշտ եղավ հասկանալու, որ գործ ունեն առնվազն ռուսադրբեջանական լրտեսի հետ ու հենց իրենք էլ 1998թ. նրան հեռացրեցին իշխանությունից։

Սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակի` Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակը։ Ընտրակեղծիքներով իշխանության եկած մարդը շարունակելով երկրի թալանն ու ավերը, Հայաստանում ստեղծեց հեղափոխական իրավիճակ։ Տարիների քաղաքական նիրհից դուրս գալով, այդ իրավիճակից փորձեց ճարպկորեն օգտվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

2008թ. նախագահական ընտրություններն անցան դաժան պայքարում` ուղեկցվելով երկուստեք ընտրախախտումներով ու կեղծիքներով։ Տեղի ունեցան ընտրություններ, որոնց ընտրություններ անվանելն առնվազն ամոթ է։ Կրկնվեց նույն սցենարը։ Այս անգամ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց փողոց հանեց ու հասկանալով, որ սովորական բողոքի ակցիաները ոչինչ չեն կարող փոխել, զուգահեռաբար գնաց պետական հեղաշրջման ճանապարհով։ Երկու հակամարտող կողմերն էլ անզիջում էին ու այս անգամ արյունահեղությունից հնարավոր չեղավ խուսափել։

Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյան հայրենասերը չէր, որ խնայեր ժողովրդին։ Նա տենչում էր արյան, որի շնորհիվ հույս ուներ իշխանության գալ։ Արդյունքում ունեցանք մարտի 1-ի ողբերգությունը` իր 10 անմեղ զոհերով ու բազմաթիվ վիրավորներով։ Բարեբախտաբար Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իշխանությունը զավթել։

Հակառակ դեպքում այսօր չէինք ունենա ազատ Արցախ, գուցե և կգրվեր հայոց պատմության վերջին էջը։ Հայաստանը թևակոխեց դարձյալ ընտրակեղծիքներով իշխանության եկած Սերժ Սարգսյանի կառավարման սոսկալի տասնամյակը, որը բարեբախտաբար ավարտվեց ժողովրդական անարյուն հեղափոխությամբ։ Մեր ընտրյալ իշխանությունները պետք է զգուշանան Լևոն Տեր-Պետրոսյանից, որը վերջերս կրկին կենդանության նշաններ է ցույց տալիս ու կրկին փորձում է Արցախը գցել գայլի երախը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: