Հայերեն   English   Русский  

​ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ.«Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե


  
դիտումներ: 6731

1. Մեր շարժումը ձևավորվեց, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը արտահայտեց Հայաստանին վերամիավորվելու իր արդար և բնական ցանկությունը, որը վավերացվեց ԼՂԻՄ Մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշմամբ: Եվ քանի դեռ Ղարաբաղը շարունակում է իր արդար պայքարը, մենք իրավունք չունենք նրան մենակ թողնել:

2. Շարժման նպատակն է՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրությամբ, հասնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության օրինական պահանջի բավարարմանը:

3. Կենտրոնական ու տեղական մամուլի, լրատվական գործակալությունների ու հեռուստատեսության խեղաթյուրված ինֆորմացիան, իշխանությունների հանցավոր անճարակությունը կամա թե ակամա բորբոքեցին ամբոխի վայրենի կրքերը, որոնք հանգեցրին Սումգայիթի ջարդին: Բոլոր մեղավորները պետք է արժանի պատիժ կրեն օրենքի առաջ: Բայց նույնիսկ այդ սարսափելի դեպքերը չկարողացան շեղել մեր ժողովրդին իր ընտրած ճանապարհից, չհանգեցրին ազգամիջյան ընդհարումների Հայաստանում: Դա մեկ անգամ ևս ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ շարժումը ոչ թե ազգամիջյան ընդհարում կամ թշնամություն է, այլ արդար, դեմոկրատական, սահմանադրական շարժում, որն իր պայքարում օգտագործում է ողջ քաղաքակիրթ աշխարհի ընդունած ձևերն ու միջոցները:

4. Շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ: Բայց հանրահայտ է, որ խաղաղությունը և համերաշխությունը կայուն են լինում միայն այն դեպքում, երբ չեն ոտնահարվում ժողովրդի ազգային շահերը:

5. Համաշխարհային պատմական փորձը ցույց է տալիս, որ որևէ ժողովուրդ կամ պետություն չի կարող ունենալ հովանավոր ժողովուրդներ կամ պետություններ, այլ կարող է ունենալ դաշնակիցներ, որոնց դաշինքը պայմանավորվում է ընդհանուր շահերով և այդ շահերը պաշտպանելու յուրաքանչյուրի ընդունակությամբ: Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:

6. Շարժումը կրոնական երանգ չունի, և մենք գտնում ենք, որ ճիշտ չէ այն տեսակետը, թե կա հայ ժողվորդին սպառնացող որևէ կրոնական շարժում: Խաչակրաց արշավանքները վաղուց ավարտվել են: Այժմ ժողովուրդների փոխհարաբերություններում ազգային և պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական ընդհանրություններն ու հակասությունները:

7. Շարժումը մերժում է շարունակ քարոզվող այն սխալ և կեղծ «դիվանագիտությունը»,որն օգտագործում է համաժողովրդական քծնանքը և հավատարմության անտեղի հավաստումները: Համաշխարհային պատմության մեջ դեռ ոչ մի հարց չի լուծվել նման ճանապարհով: Մեր միակ հենարանը մեր ժողովրդի հավաքական ուժն է:

8. Եթե ոմանց թվում է, թե մեր ժողովրդի արդար շարժումը կարելի է կասեցնել սումգայիթներով, ապա նրանք չարաչար սխալվում են:

«Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե

1988թ., մարտի 19





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: