Հայերեն   English   Русский  

Եթե ինձ հարցնեք, թե որոնք էին հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա պատմության ամենափառահեղ, ամենահերոսական, ամենապանծալի էջերը, ես կասեմ՝ 1918-ի Սարդարապատն ու 1988-91-ի Ղարաբաղյան շարժումը


Արարատ Միրզոյան,ՖԲ-գրառում


  
դիտումներ: 3698

Անցյալ տարի այս օրը այս բառերով եմ շնորհավորել Ղարաբաղյան Շարժման 30֊ամյակը։ Երջանիկ եմ, որ հիմա կարող ենք ասել՝ հպարտության առիթներն ավելացել են, և պետականության կայացման կիսատ գործը շարունակվում է.

"Եթե ինձ հարցնեք, թե որոնք էին հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա պատմության ամենափառահեղ, ամենահերոսական, ամենապանծալի էջերը, ես կասեմ՝ 1918-ի Սարդարապատն ու 1988-91-ի Ղարաբաղյան շարժումը և դրան հաջորդած ազատամարտը։

Դրանցից առաջինի արդյունքում հայ ժողովուրդը, հյուծված ուդաշնակիցների կողմից լքված, վերանվաճեց իր ապրելու իրավունքը, կանգնեցրեց ցեղասպանությունը և ստեղծեց անկախ պետություն, որը թեև անհաղթահարելի խնդիրների առջև կանգնեց և կարճ ապրեց, բայց ապահովեց պետության կարգավիճակը նոր բազմազգ պետության մեջ և մեզ շունչ քաշելու ու կազդուրվելու ժամանակ տվեց։

Երկրորդի դեպքում, արժանանալով աշխարհի զարմանքին ու լուռ համակրանքին, հայ ժողովուրդը ոտքի ելավ, վերականգնեց անկախ պետականությունը, հաղթեց պատերազմում և ազատագրեց Արցախը։

«Ղարաբաղյան» անունը ստացած Հայոց Համազգային Շարժումը սաղմնավորվեց իբրև առավելապես բնապահպանական շարժում, ապա արագորեն դարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջահակիրը, աստիճանաբար դրեց հասարակական-քաղաքական բարեփոխումների և ժողովրդավարության պահանջներ և ի վերջո վերածվեց անկախականության: Այն, ըստ էության ազգային-ժողովրդավարական հեղափոխություն էր։ Հենց այդ Շարժումն էր, որ դարձավ այն արժեքային-գաղափարական հենքը, այն համազգային համաձայնությունը, որի վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։

Ցավոք, Շարժման գործը կիսատ մնաց․ մենք ա՛յն չսարքեցինք, ինչ երազում էինք 1988-91-ին։ Բայց հենց այդ Շարժումից եմ ես սերում որպես քաղաքացի և որպես քաղաքական մարդ և հենց այդ գործն է, որ ես պարտավորություն եմ զգում շարունակել որպես քաղաքացի և քաղաքական մարդ։

Շնորհավոր Շարժման տարեդարձը, կեցցե Հայոց Համազգային Շարժումը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ազատ Արցախը, կեցցե այն օրը, երբ մենք իրականություն կդարձնենք մեր երազանքների Հայաստանը":






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.04.2019 ahavasik mi qegjavor u sdahos anj m ? anbayman marehuana a korjajel ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: