Հայերեն   English   Русский  

​Ինչո՞ւ էր Վազգեն Մանուկյանը զանգել Լուիզ Սիմոնին


  
դիտումներ: 1131

Անկախ-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը կիսվել է անվանի բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի հետ կապված իր հուշերով։

«1990 թվականին, երբ նոր էինք եկել իշխանության, առաջին այցելուներից մեկը Սփյուռքից, որին ես` որպես վարչապետ, ընդունեցի, Լուիզ Սիմոնն էր։ Նա միանգամից գործնական առաջարկ արեց՝ Հայաստանում կառուցել մեկանգամյա օգտագործման ներարկիչների գործարան։ Որպեսզի հասկանալի լինի առաջարկի կարևորությունը, ասեմ, որ այն ժամանակ նոր էր սպիդը տարածվել, ամբողջ աշխարհում քննարկվում էր այդ ներարկիչների հարցը, Խորհրդային միությունը շատ հետ էր այդ առումով, իսկ դա չափազանց կարևոր խնդիր էր, քանի որ հին ներարկիչները նպաստում էին հիվանդության և տարբեր այլ վարակների տարածմանը։ Նա ասաց, որ պատրաստ է իր վրա վերցնել գործարանի կառուցման ամբողջ ծախսերը և Հայաստանն ապահովել այդ ներարկիչներով և անցավ գործի»։

Մանուկյանը հիշում է, որ հետագա հանդիպումների ժամանակ Լուիզ Սիոմոնը բարձրացնում էր նաև Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնադրելու հարցը․ «Հենց նրա ջանքերով համալսարանը հիմնադրվեց։ Շատ էր պնդում, որ այդ շենքը տրամադրենք, որին, ճիշտն ասած, ես այնքան էլ կողմ չէի, բայց նա կարողացավ հասնել իր նպատակին»։

Վազգեն Մանուկյանը Լուիզ Սիմոնի հետ կապված մի զվարճալի դեպք էլ է հիշում․ «Մենք առաջին պայմանագիրը կնքեցինք ամերիկյան այն ժամանակվա ամենախոշոր կոմունիկացիոն ընկերության՝ ATT-ի հետ, որպեսզի Հայաստանի համար ապահովենք միջազգային կապ։ Մինչ այդ արտերկրի հետ պետք է կապվեիր Մոսկվայի միջոցով, հեռախոսավարուհին պետքէ միացներ և այլն։ Այդ ընկերության հետ մենք կարողացանք շատ էժան գնով պայմանագիր կնքել, և ընկերության ղեկավարությունն ինձ բացատրում էր, որ իրենց համար Հայաստանը հրաշալի հնարավորություն է մտնելու Խորհրդային միության երկրների ապագա շուկա, մյուս կողմից էլ Խորհրդային միությունում ամենաշահավետը Հայաստանում դա հիմնելն էր, որովհետև սփյուռքահայություն կար և դա եկամտբեր կլիներ։ Հետագայում, երբ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասություններ առաջացան, և ես որոշեցի իշխանությունից դուրս գալ, հետաձգում էի հրաժարականս, որպեսզի այդ հեռախոսակապը լինի, համոզվեմ, որ ամեն ինչ նորմալ է, նոր գնամ։ Եվ մի օր կապի նախարարը՝ Ռոբերտ Ավոյանը, եկավ, հեռախոսը տեղադրեց իմ մոտ, ասաց՝ պարոն Մանուկյան, կապն արդեն կա, կարող եք կոդը հավաքել և զանգել արտասահման։ Այն ժամանակ դա իսկապես զարմանալի բան էր։ Բլոկնոտս բացեցի, մտածեցի՝ ո՞ւմ զանգեմ, Լուիզ Սիմոնի հեռախոսահամարն աչքովս ընկավ, զանգեցի նրան Նյու Յորք։ Լուիզ Սիմոնին թվաց, թե զանգել եմ, որպեսզի իրեն ներքաշեմ իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի հակասությունների մեջ։ Ասաց՝ պարոն Մանուկյան, բայց ախր ես Հայաստանի համար եմ անում, անձերի խնդիր չկան և այլն և այլն։ Ասացի՝ Լուիզ ջան, հանգստացի՛ր, ես ուղղակի զանգել եմ ստուգելու՝ այս հեռախոսն աշխատո՞ւմ է, թե ոչ»,-ծիծաղում է Մանուկյանը։

Տարիներ անց, երբ Վազգեն Մանուկյանն արդեն իշխանության մեջ չէր, Լուիզ Սիմոնին հանդիպում է Նյու Յորքում․ «Տիկնոջս հետ էի, նա մեզ հրավիրեց Բրոդվեյ թատրոն, հետո դուրս եկանք, նստեցինք մի տեղ սրճելու, շատ դժգոհ էր, որ Հայաստանում վիճակն այնպիսին չէ, ինչպիսին սպասում էր։ Ինձ հարցրեց՝ ո՞նց եմ կարծում, ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանում անշահախնդիր իշխանություն ձևավորվի։ Ասացի՝ եթե վերևում մի տասը հոգի երկրին նվիրված, ազնիվ մարդիկ լինեն, ամբողջ համակարգը նորմալ կաշխատի։ Ասաց՝ Վազգեն, այդ հարցում դու իդեալիստ ես, տասը ազնիվ մարդ ամբողջ աշխարհում իշխանության մեջ չես գտնի, էլ ուր մնաց Հայաստանում․․․»։

Անդրադառնալով Լուիզ Սիմոնի բարեգործական գործունեությանը՝ Մանուկյանն ասում է․ «Նա շատ էր կապված հատկապես եկեղեցուն, և իր աշխատանքը եկեղեցու և Սփյուռքի հետ ես չէ, որ պիտի գնահատեմ։ Բայց դա շատ մեծ աշխատանք էր, և այդ ամենն իհարկե ի շնորհիվ նաև իր պայծառ հայրիկի, որը իր ուժերով կարողացավ դառնալ աշխարհի խոշորագույն մարդկանցից մեկը և իր ունեցվածքով ծառայել հայ ժողովրդին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: