Հայերեն   English   Русский  

Արտագաղթի ցուցանիշներն ըստ սոցիոլոգների


  
դիտումներ: 7018

Փետրվարի 21-ին Բլից ինֆո մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները 2018 թվականի Հայաստանի մշտական բնակչության վերաբերյալ։

Ըստ Ադիբեկյանի՝ ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2014 թվականին։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով արտագաղթը ունի երեք հիմնական պատճառ՝ աշխատանքի որոնում, այլ երկրում մշտական բնակության հաստատում և հանգիստ։

Հայաստանից մեկնածների գերակշռող մասը հանգրվանում է ՌԴ-ում՝ մոտ 56%, Եվրոպական երկրներին բաժին է ընկնում 5%-ը, ԱՄՆ-ին ու Կանադային՝ 9.5%, իսկ 19.5% բաժին է ընկնում այլ երկրների։

«Հարցումների արդյունքում պարզվել է, որ պոտենցիալ գնացողների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Կոտայքի մարզը՝ 61.5%, իսկ ամենացածր ցուցանիշն ունի Գեղարքունիքի մարզը՝ 23.3%, սակայն արդեն գնալ պատրաստվողների դեպքում ցուցանիշները փոխվում են, առաջին տեղում է Վայոց Ձորը՝ 14.8%, իսկ վերջինը Գեղարքունիքն է՝1.4%»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիալական հարցումներ են անցկացվել նաև ուսանողների շրջանում և հարցմանը մասնակցածների 3/4-ը իրենց ապագան տեսնում են արտերկրում։ Սոցիոլոգն այս փաստը բացատրում է երեք հիմնական գործոնով՝ աշխատատեղերի պակաս, աշխատավարձերի չափ և արտերկրում գտնվող ընտանիքների հետ միավորում։

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների Հայաստանում ծնվածների 25%-ն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս և այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում չորրորդ տեղում է։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, եթե կառավարության տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչվի, ապա հնարավոր է կրճատվի արտագաղթողների թիվը։

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: