Հայերեն   English   Русский  

​ Անցումային արդարադատությունը՝ սոցիալական համերաշխության հաստատմա՞ն թե՞ քաղաքական հաշվեհարդարի գործիք


  
դիտումներ: 1566

Առաջին անգամ անցումային արդարադատության մեխանիզմների հնարավոր կիրառման մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ համապետական հանրահավաքի ժամանակ:

Եկեք նախ և առաջ հասկանանք՝ ինչ է անցումային արդարադատությունը:

Միավորված ազգերի կազմակերպությունը «Անցումային արդարադատություն» հասկացությանը տվել է հետեւյալ սահմանումը՝ դա գործընթացների եւ մեխանիզմների մի ամբողջ համալիր է, որը կապված է հասարակության՝ անցյալում օրենքի լայնածավալ խախտումների ծանր ժառանգությունը հաղթահարելու, հաշվետվողականություն, արդարություն եւ հաշտություն ապահովելու փորձերի հետ:

Անցումային արդարադատությունը հիմնված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի չորս հիմնական դրույթների վրա.

ա) պետության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերի եւ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների դեպքերի, այդ թվում` սեռական բռնության դեպքերի հետաքննության պարտավորություն, այդպիսի խախտումների համար պատասխանատու անձանց հետապնդելու եւ պատժելու համար

բ) նախորդ վայրագությունների վերաբերյալ ճշմարտությունը իմանալու իրավունքը

գ) փոխհատուցում ստանալու իրավունքը մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով արձանագրված զոհերի դեպքում

դ) պետության պարտականությունը՝ ապագայում նման հանցագործությունների կրկնությունը կանխելու նպատակով՝տարբեր միջոցառումների ընդունման միջոցով:

Այս մեխանիզմներից շատերը ստեղծվում են կոնկրետ մանդատի եւ որոշակի ժամանակահատվածի հիման վրա:Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ ժամանակավոր եւ մշտական մեխանիզմները կարող են գոյություն ունենալ, եթե խնդիրն այն է, որ գործի անցնեն անցյալում տեղի ունեցած վայրագությունների եւ նորերի կանխարգելմամբ: Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն եւ հաշտություն հաստատել, ինչպես նաեւ վերականգնել սոցիալական վստահությունը:

Ինչպես տեսնում ենք, այստեղ հիմնական շեշտը դրված է այն բանի վրա, որ անցումային արդարադատության մեխանիզմները կիրառվեն այն ուղղությամբ, որ հետագայում նմանատիպ խախտումները բացառվեն, բայց սա՝ տեսության մեջ: Եկեք տեսնենք, թե Հայաստանում ինչի համար է իրականում կիրառվելու անցումային արդարադատությունը:

Մեզանում անցումային արդարադատության մեխանիզմները կիրառվելու են քաղաքական հաշվեհարդար տեսնելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու և սեփականության վերաբաշխում իրականացնելու համար:

Երբ իշխանական խմբակցության պատգամավորը հայտարարում է, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի 70%-ը պետք է վերադարձնեն, իսկ վարչապետն էլ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանում գործելու է մեղավորության կանխավարկածը, և մարդը պետք է ապացուցի, որ արդար ճանապարհով է ձեռք բերել գույքը, պարզ է դառնում, որ «անցումային արդարադատություն» ասվածի կիրառման իրական նպատակը սեփականության բռի և կոպիտ վերաբաշխումն է:

Այստեղ առաջ է գալիս ևս մեկ կարևոր խնդիր՝ սեփականության վերաբաշխումը հանգեցնելու է հայաստանյանտնտեսության կազմաքանդմանը, ինչն իր հերթին հղի է լուրջ վտանգներով ռազմաճակատում, քանզի թուլացած տնտեսությունը, ատելությամբ լի, թշնամացած և կիսված հասարակությունն ունակ չէ ունենալ մարտունակ բանակ:

Ակնհայտորեն երևում է, որ իշխանության ամենավերին օղակներում չեն գիտակցում, որ անցումային արդարադատությունն իր մեջ ավելի մեծ սպառնալիքներ է պարունակում, քան Ալիևի հոխորտանքները և ադրբեջանական տանկերը:

Սակայն ցավով պետք է արձանագրել, որ որոշումն արդեն կայացված է, և Հայաստանն անցնելու է անցումային արդարադատության ցնցումների փուլով: Սակայն այս մեխանիզմը կիրառողները նախ և առաջ պետք է հասկանան, որ իրենց իսկ համար սա հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանզի պատմությունը լավ է ճանաչում անցումային արդարադատություն իրականացնողներին, և նրանց բոլորի վերջը հայտնի է (Պինոչետ, Տրոցկի, Դանտոն, Ռոբեսպիեր):

Եվս մեկ կարևոր դիտարկում՝ եթե Հայաստանում, այնուամենայնիվ, կիրառվի անցումային արդարադատությունը, ապա կարելի է երկար ժամանակով մոռանալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունը, արդարությունը, մրցակցային տնտեսությունը և ամենակարևորը՝ արդար ընտրությունները: Որովհետև հասկանալի է, որ երկրի ղեկավարը, թշնամանալով հանրության գրեթե բոլոր շերտերի հետ, սեփականություն վերաբաշխելով կկառչի իր աթոռից, որպեսզի հետագայում ինքն էլ չարժանանա նրանց բախտին, ում ժամանակին, օգտվելով իր քաղաքական, բայց, այնուամենայնիվ, ժամանակավոր պաշտոնից, հալածել էր:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: