Հայերեն   English   Русский  

Նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 314

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը դժվարանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցելությունը տարածաշրջանային անվանել, քանի որ համանախագահները չեն այցելել Ստեփանակերտ:

Ամփոփելով միջնորդների այցը, քաղաքական գործիչը նկատում է.

«Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կամ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել ևս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային զլմների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ոզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: