Հայերեն   English   Русский  

​Հակոբ Նազարյան․ վերադարձ Հայաստան՝ շինարարության նորագույն տեխնոլոգիաներով


  
դիտումներ: 8116

Հակոբ Նազարյանն առաջիններից էր, որ արձագանքեց Հայաստանում թավշյա հեղափոխության կոչին ու ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով նաև բիզնեսը,

որը հիմնադրվել է Մոսկվայում, տարածվել Շվեյցարիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, և որը հայաստանյան շինարարության ոլորտում իսկական հեղափոխություն կարող է մտցնել։

1990-ականների սկզբին Հակոբի ընտանիքը տեղափոխվել էր Հոլանդիա։ «Այդ ժամանակ ես 9-10 տարեկան էի։ Այնտեղ մեծացա, կրթություն ստացա, ընկերներ ձեռք բերեցի և այլն։ 27 տարեկանում հանդիպեցի ապագա կնոջս։ Ամուսնացանք, 2010 թվականից ապրում էինք Մոսկվայում։ Հայաստանում ապրիլ-մայիսյան իրադարձություններից ոգևորված՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։

Նախ ուզում էինք Հայաստան ներմուծել մեր նոր տեխնոլոգիաները շինարարության ոլորտում, բացի այդ ուզում էինք, որ մեր երեխաները Հայաստանում մեծանան։ Մեծս 8 տարեկան է, փոքրը՝ 6։ Եթե այդ տարիքում երեխաների մեջ չմտցնես հայ լինելը, հայ գրականությունը, հայկական մշակույթը, հետագայում շատ դժվար է դա անել։ Ճիշտ է, Մոսկվայում մենք տանը հայերեն էինք խոսում, բայց կյանքն այնտեղ այնքան ինտենսիվ է, որ գործից հետո ուղղակի չես հասցնում երեխաներիդ հետ լրացուցիչ զբաղվել»։

Ընկերությունը, որի համահիմնադիրն է Հակոբ Նազարյանը, զբաղվում է շինարարական նոր տեխնոլոգիաներով՝ երեք ուղղություններում։

cobiax

Առաջինը ուղղությունը cobiax-ն է: Պլաստմասե կլոր կառուցվածքների օգտագործման շնորհիվ շինարարության մեջ զգալի չափով նվազում է բետոնի կիրառումը, ինչն ավելի դյուրին ու նվազ ծախսատար է դարձնում շինարարությունը, բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը մինչև 9 բալ։

«Հնում հայերը, երբ եկեղեցի են կառուցել, գմբեթի մեջ տեղադրել են դատարկ կարասներ, որ երկրաշարժի ժամանակ դիմանա։ Սա, փաստորեն, այդ նույն տեխնոլոգիան է, չնայած cobiax-ը շվեյցարական տեխնոլոգիա է, որը մենք գնել ենք և լոկալիզացրել։ Այս տեխնոլոգիայով ոչ միայն բետոնն է խնայվում, այլև «արմատուրան»։

Ընկերությունը Ռուսաստանում այս տեխնոլոգիայով գործունեություն է ծավալում արդեն 5 տարի։ Այդ ընթացքում Մոսկվայում շուրջ 250 հազ․ քմ տարածք են կառուցել։ Այսօր արդեն գործունեություն են ծավալում ոչ միայն Ռուսաստանում, այլև Շվեյցարիայում, Գերմանիայում և Հոլանդիայում։ Մոտ ապագայում տեխնոլոգիան կարտահանվի նաև Սաուդյան Արաբիա և Քաթար, բանակցություններ են վարում ԱՄՆ ներմուծելու ուղղությամբ։

Երկրորդ ուղղությունը, որն ուզում են Հայաստանում կիրառել, մոդուլային շինարարությունն է։ «Դա այն է, երբ շենքը առանձին-առանձին պատրաստվում է փակ արտադրամասի տարածքում, որից հետո տարվում և տվյալ մասում հավաքվում է։ Այդ տեխնոլոգիայով, օրինակ, մենք Վորոնեժում կառուցել ենք 3-աստղանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցը»։

Սա նույնպես մի շարք առավելություններ ունի և ժամանակակից շինարարության ոլորտում աշխարհում վաղուց է կիրառվում։

Երրորդ ուղղությունը, որով աշխատում է ընկերությունը, մետաղական պրոֆիլների արտադրությունն է։ Առաջարկվող մետաղական պրոֆիլները ավանդականից էապես տարբերվում են թե՛ որակով և թե՛ ծախսերի մատչելիության առումով։ «Այս մետաղն արդեն վերամշակման կարիք չունի, բարձրակարգ ցինկից է և 50 տարվա երաշխիք ունի։ Սա սուպեր առաջարկ է։ Մենք, կոպիտ ասած, առաջարկում ենք նոր «Մերսեդես բենց» օգտագործած «Տոյոտա-կորոլլա»-ի փոխարեն, բայց նույն գնով»։

Հակոբ Նազարյանը այս 7 ամիսների ընթացքում, ուսումնասիրելով հայաստանյան շինարարական շուկան, հասկացել է, որ շինարարական ոլորտը շատ հետ է մնացել ժամանակակից միտումներից և նորագույն տեխնոլոգիաներից․ «Հասկացանք, որ մեզ համար դժվար է լինելու։ Մարդիկ վախենում են նորարարություններից և ոնց կառուցել են դարեր առաջ, այդպես էլ շարունակում են այսօր։ Բայց հետաքրքրություն մեր նկատմամբ արդեն կա։ Գալիս են, հետաքրքրվում մեր տեխնոլոգիաներով, իսկ դա ինչ-որ բան նշանակում է»։

Կոնտեյներ-տուն

Ընկերությունը մի հետաքրքիր գործունեություն էլ ունի, որը կարող է արդյունավետ լինել հատկապես փոքր բիզնեսի և գյուղատնտեսության բնագավառում։

«Ծովային կոնտեյներներից պատրաստում ենք «Coffee shop»-եր կամ այլ նպատակների համար օգտագործվող տնակներ, որը հնարավոր է նաև ինքնուրույն տեղաշարժել։

Մենք ամբողջովին՝ ներսով, դրսով, վերանոգորում ենք, կահավորում և հանձնում։ Կարելի է նաև կտուրին դնել արևային պանելներ, որ միշտ անվճար էներգիա ապահովվի։ Սա շատ հարմար է, օրինակ, մեղվապահների համար, մեծ հեկտարներով տարածքներում բերքի մշակման համար։ Պատրաստի վիճակում՝ վերանորոգված, կահավորված, մոտավորապես 9-10 հազար դոլար կարժենա»։

***

Հակոբ Նազարյան

Ամփոփելով Հայաստան տեղափոխվելու որոշումը՝ Հակոբն ասում է․ «Չենք զղջում։ Իհարկե, այնպես չէ, որ չենք հասկանում, թե ինչ խնդիրներ կան մեր առաջ, այդ առումով իրատես ենք։ Նաև պետք է ասեմ, որ Եվրոպան ապրելու համար շատ կոմֆորտ էր։ Այնտեղ, եթե դու մայթով քայլում ես, վստահ կարող ես լինել, որ փոսը չես ընկնի, այստեղ վստահ չես (ծիծաղում է), շատ հարցերում Հայաստանը դեռ հետ է, բայց ինչքան էլ Եվրոպան լավը լինի, ինչքան էլ սուպեր-պուպեր լինի, մեկ է՝ քոնը չի, դու քո տեղում չես։

Այժմ Հայաստանը փորձում է ընկնել իր ռելսերի մեջ։ Առայժմ չի ընկել, բայց մենք այնքան խիզախություն ենք ունեցել, որ չենք սպասել՝ տեսնենք ինչ է լինում, նոր տեղափոխվենք։

Մենք եկել ենք, մեր տեխնոլոգիաներն ենք բերել, մեր «Նոու-հաուներ»-ն ենք բերել, որ մեր երկիրը զարգացնենք։ Իսկ եթե ամեն մարդ նստի-սպասի, ոչ մի բան չի փոխվի։ Եվրոպայում ապրող իմ ընկերները հեղափոխության օրերին շատ ոգևորված էին, հիմա հարցնում եմ՝ բա ե՞րբ եք գալու, ե՞րբ գամ ձեզ դիմավորեմ, դրական պատասխան չկա։ Դժվար է, հասկանում եմ, մեզ համար էլ հեշտ չէր, բայց մենք եկանք․․․»։


Անի Գասպարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: