Հայերեն   English   Русский  

ՍՈՒՄԳԱՅԻԹ.31 տարի անց


  
դիտումներ: 578

31 տարի առաջ փետրվարյան այս օրերին, իսկ ավելի ստույգ` 26-ից 28-ը, մարդկային կերպարանքը կորցրած թուրք խառնամբոխը դաժանաբար սպանում էր Սումգայիթի հայությանը:

Արդեն 31 տարի է, ինչ այդ մասին գրում, խոսում ենք, բայց թեման չի սպառվում, ինչպես չի սպառվում նաև եղեռնի թեման: Արդեն մեկ դար է, ինչ բարձրաձայնում ենք մեր ցավի մասին ու դեռ մի դար էլ կխոսենքՍակայն այսօր այդ խնդրին այլտեսանկյունից եմ ուզում նայել:

Սումգայիթում միտինգները սկսվել էին 1988-ի փետրվարի 26-ից, որոնց ընթացքում որոշակի կոչեր էին հնչում հայության դեմ. «Պատժել հայերին Ղարաբաղի հարցի համար», «Մահ հայերին»: Զավեշտալին այն էր, որ հայերին անգամ այն բանում էին մեղադրում, որ իրենց քաղաքում ազերիներից շատ ավելի լավ են ապրում, լավ բնակարաններում, և հիմնականում զբաղվում են մտավոր աշխատանքով: Դե արի ու մի ասա` խելք ու միտք ունեի՞ք, որ ստեղծեիք: Այդ մասին հետո պիտի խոստովաներ, մորմոքար նրանց «հայր» Ալիևը. «Մեր ուղեղները գնացին, ոսկե ատամներով կանաչի վաճառողները եկան»:

Եկել է պահը, որ թրքի թրքության մասին շիտակ խոսք ասվի: Փետրվարի 27-ի երեկոյան սադրիչ ելույթներն արդեն կյանքի կոչվեցին: Միտինգի կոչերից, միտինգի ժամանակ անվճար բաժանված ոգելից խմիչքներից գլուխը տաքացրած, արյունը գլխին տված խառնամբոխը գործի անցավ: Թեև այնքան էլ հակված չեմ կարծելու, որ պատճառը միայն խմիչքն ու կոչերն էին, այդ ամենը նախապես ծրագրված ջարդեր էին: Ասեմ ինչու:

Պարզվում է, որ թուրք լինելուց զատ, նաև կացնասեր ժողովուրդ են: Ու դա գալիս է ոչ թե ժանիքն արյունոտ Սաֆարովի ժամանակից, այլև սումգայիթյան կոտորածներից: Գուցե նաև ավելի վաղուցվանից: Ինչ մեղքս թաքցնեմ, վաղեմության մասին անտեղյակ եմ: Բայց այդ օրերին Ադրբեջանի խողովակաշինական գործարանում կացիններ ու դանակներ արտադրելու դեպքեր են գրանցվել, որոնք էլ օգտագործվել են արյունահեղության ժամանակ: Սա, իհարկե, Գյուլնազ տատի հեքիաթի ժանրից չէ, այլ այդ մասին ժամանակին գրել է «Սումգայիթի կոմունիստ» թերթն իր մայիսյան համարներից մեկում:

Իսկ հաջորդ օրը զգալով, որ իրենց ձեռքը բռնող չկա, կացիններով, մետաղալարերով, մուրճերով զինված ամբոխը կրկին փողոց դուրս եկավ: Սպանում էին բոլորին` չխնայելով ո՛չ ծերերին, ո՛չ էլ երեխաներին:

40-ական թվականներին ցրցամ տրված քաղաքն իր այդյունաբերության զարգացմամբ բնակչության մեծ հոսք ապահովեց: Եվ երբ 1950 թ. արդեն Ադրբեջանի երրորդ քաղաքի կարգավիճակ ստացավ, քաղաքի զարգացման այդ աննախադեպ ընթացքին նպաստեցին նաև Ղարաբաղից տեղափոխված հայերը: Այդ նրանց ջանքերով էր, որ քաղաքը քաղաք դարձավ: Դա Ադրբեջանի իշխանությունների հերթական խորամանկ քայլն էր,Ղարաբաղը թեկուզ այս ճանապարհով հայաթափելու վերջին հույսն ու հնարավորությունը: Եվ դա, կարելի է ասել, նրանց հաջողվեց, քանզի Ադրբեջանի կառավարությունը հետզհետե մարզը փակուղի էր տանում: Զրկել էր բյուջեից, Ղարաբաղի համար խնայում էր ամեն ինչ: Մեղադրելու չէ, որ ղարաբաղցին աշխատանք ու ապրուստ արդեն դրսերում, այդ թվում նաև Սումգայիթում էր փնտրում:

Երկար, շատ երկար եմ ուսումնասիրել սումգայիթյան ջարդերի 34-զոհերի կենսագրությունները (թեև պաշտոնապես ընդունված այս թիվը խիստ կասկածելի է) ու բացահայտել եմ մի բան. բոլորն էլ մի ծննդավայր ունեն` Լեռնային Ղարաբաղ:

Օրինակ` 1930 թ. ծնված էմմա Գրիգորյանը ծնունդով Շահումյանի Հայ Պարիս գյուղից էր, որին դաժանաբար կտտանքների են ենթարկել, այնուհետև սպանել: Կամ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից ամուսիններ Նիկոլայ Դանիելյանն ու Սեդա Դանիելյանը: Երկուսն էլ արնախումնների զոհն են դառնում, իսկ ծանր վիրավոր որդին փրկվում է:

Առավել դաժան ճակատագիր է բաժին հասնում ծնունդով Հադրութի շրջանի Ջիլան գյուղից Սումգայիթ տեղափոխված Մելքումյան ամուսիններին: Սողոմոնին և Լարիսային իրենց երեք զավակների հետ դաժանաբար սպանում ու փողոց են նետում, որտեղ դիակներով «զվարճանալու» հերթն արդեն դեռահասներինն էր:

Չգիտես ինչ անուն տաս Իգոր Մելքոնյանի ընտանիքին բաժին հասած ողբերգությանը, ընտանիք, որը նույնպես Հադրութի շրջանի Ջիլան գյուղից էր Սումգայիթ եկել: Իգորին, ծնողներին, քրոջն ու եղբորը դաժանաբար սպանել, այնուհետև այրել են գազանության հետքերը թաքցնելու նպատակով:

250 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքը, որի18 հազար բնակիչը հայեր էին, երկու օրում սպանդանոցի վերածվեց: Միայն փետրվարի 29-ին բանակային զորքը մտավ Սումգայիթ, այն էլ առանց զենք գործադրելու հրամանի, երբ բանը բանից անցել էր: Իսկ Գորբաչովը կոկորդ էր պատռում, որ ընդամենը 3 ժամով ուշացան:

Պակաս զավեշտալի չէ նաև այն, որ այս ցեղասպանության հետաքննությունը շատ կարճ կյանք ունեցավ. 10 օրվա ընթացքում դատախազը հապճեպ գործը փակեց և մեկ շաբաթից մեղադրական եզրակացությունն արդեն Ադրբեջանի գերագույն դատարան ներկայացրեց: Իսկ այդ խայտառակ դատավարության վերջնարդյունքում սումգայիթյան սպանդն իրականացնողների վիթխարի բանակից «մեղմ» պատիժներ ստացավ 100-ից էլ պակաս հանցագործ: Հիմնականում` դեռահասներ և երիտասարդներ: Դա էլ արեցին միջազգային կառույցների աչքերը փակելու համար, իսկ իրական «շնագայլերը» պաշտոններ զբաղեցրին Ադրբեջանի վերին էշելոններում:

Մի՞թե արցախյան խնդրի կարգավորման հարցով մտահոգ միջազգային կառույցները չեն գիտակցում, որ թուրքը եղել ու այսօր էլ մնում է արյան ծարավ ժողովուրդ, այն էլ հայի, անգամ պատրաստ է իր մտավորականի ականջը կտրել, որովհետև նա հային չի ատում…Դե, եկ ու այդ «Ժողովրդի» հետ լեզու գտիր, որի կորիզը սումգայիթցի դեռահասներն են…

Դարասկզբին ու դարավերջին մեզ բաժին հասած ցեղասպանություններն անբուժելի վերք են, հոգու տառապանք, ու պիտի այնքան մորմոքանք, մինչև որ աշխարհի մեծերն ու արցախի խնդրով մտահոգ միջնորդները խելքի գան… Այլ ճանապարհ չունենք…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: