Հայերեն   English   Русский  

Ժողովրդի վարչապետի շարժիչ ուժը՝ քինախնդրություն և մեղավորության կանխավարկած․ Վահան Իշխանյան


Ներկայացնում ենք Մարտի 1-ի դեպքերի մասին politik.am-ի հարցազրույցը գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի հետ


  
դիտումներ: 653

Այսօր մարտի 1-ն է։ Արդեն 11 տարի է անցել ողբերգալի այդ դեպքերից։ Այսօր էլ շատ հարցերի պատասխաններ հանրությունը չի ստացել։

-Ձեր կարծիքով ինչպե՞ս է վարվում «Մարտի 1»-ի գործը։

— Եթե «Մարտի 1»-ի գործը 10 հոգու սպանության հանգամանքների բացահայտումն է, ապա «Մարտի 1»֊ի գործ չի վարվում։ Կասեք՝ բա ի՞նչ է լինում։ 20-ամյա վաղեմութուն ունեցող քենն է լուծվում։

-Ինչու՞ 20 տարի, և ոչ 10 տարի, չէ՞ որ, եթե ասում են՝ Նիկոլ Փաշինյանը վենդետա է իրականցնում, նկատի ունեն 2008֊ի մարտի 1-ի արդյունքում նրա կալանավորումը։

-Հասկանալու համար, թե ինչ է այն, որը այժմ կոչվում է «Մարտի 1-ի քրեական գործ», անհրաժեշտ է գտնել նրա արմատները։ Իսկ արմատները ավելի խորն են, 2008-ից էլ 10 տարի այն կողմ, 1998-ի մարտի 3-ում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ և նրա հետ էլ իշխանությունից հեռացրին ՀՀՇ կուսակցությունը։ Իշխանություն կորցնելու պահից ՀՀՇ շրջանակները քեն են սրում նրանց դեմ, ովքեր իրենց զրկեցին իշխանությունից: Իսկ նրանք երեքն էին՝ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Դե, ինչպես հայտնի է, մեկուկես տարի անց Ազգային ժողովում Վազգեն Սարգսյանին սպանեցին Հունանյան եղբայրները, և սա լավ առիթ էր մեղքը մյուս երկուսի վրա գցելով՝ քենը սնելու։ Բացի այդ, Վազգեն Սարգսյանը Հայաստանում հզոր շրջապատ ուներ, և նրա դեմ չէին կարողանալու բացահատ գործել։ Ուրեմն՝ թիրախ էին դառնալու մյուս երկուսը, սակայն ինչպե՞ս հասարակությանը լարեն նրանց դեմ: Ուրեմն, աշխատեցրին լոկալ քաղքենիական այլամերժությունը, որ ուղղված է լինում եկածների դեմ, մասնավորապես, օգտագործեցին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Արցախից լինելը։

Այսինքն՝ Հայաստանի ու Ղարաբաղի միավորման գաղափարով իշխանության եկած ուժերը սկսեցին թշնամացնել մարդկանց նրանց դեմ, ովքեր Ղարաբաղից են եկել։ Քաղքենին, որ ստեղծել է «գեղացի-քաղաքացի» հակադրությունը, հեշտ է կլլում նաև այս մեկը, որ գրեթե նույն բանն է։ Հասարակության գաղափարախոսական դատարկությունն էլ հեշտ լցվեց այսպիսի բաներով։ Խնդրեմ՝ մի օրինակ՝ 2008֊ին միտինգում Տեր֊Պետրոսյանը հայտարարում էր. «Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»։ Ծանոթ «պրյոմ» չի՞, երբ ինչ-որ դժվարությունների համար ամբոխի կատաղությունը ուղղում են որևէ ժողովրդի կամ ժողովրդի որևէ հատվածի դեմ՝ տեսեք, թե ովքեր են ձեզնից լավ ապրողները, դուք նրանց պատճառով եք վատ ապրում, հարձակվեք, քրքրեք։ Այդ ատելության տարածումը շարունակվում է այժմ էլ, ՀԱԿ֊ի և ՔՊ֊ամերձ շրջանակներով, տեսեք, թե մամուլում, սոցանցերում Քոչարյանին ինչ են անվանում՝ «գյալմառոբ»։ #գյալմառոբ հաշտեգ էլ են սարքել։ Ի՞նչ է նշանակում գյալմա՝ օտար, դրսի: Խնդրեմ՝ սըրչ տվեք, կբերի այս հայհոյանքով լիքը նյութեր, ահա մեկը՝ «ԳՅԱԼՄԱՌՈԲ.- նշանակում է մի ռոբիկ եկվոր, որ գալիս, ուժի զոռով նստում է տանտերերի վզերին»»:

Այսինքն՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտում. ղարաբաղցին եկվորն է, հայաստանցին՝ տանտերը։ Իսկ ո՞վ է այս գրառումը արել, Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Իսկ ատելության տարբեր քարոզների նկատմամբ զգայուն «իրավապաշտպանները» չեն էլ նկատում։ Գոնե լրագրողներն ու գիտնականները հարգեին էթիկան, որ մարդկանց չբաժանեին «տանտերերի, բնիկների» և «եկվորների»։

Սերժ Սարգսյանը ինչ-որ չափով մեղմեց իր նկատմամբ քինախնդրությունը. Հանրապետական կուսակցության միջոցով հայաստանյան լայն շրջապատ ստեղծեց, ապա Ղարաբաղից ինչ-որ չափով իրեն տարանջատեց՝ ասելով, թե Տեղ գյուղում է ծնվել, ապա բարեկամական հարաբերություններ ստեղծեց ՀՀՇ֊ական շրջանակների ինչ-որ մասի հետ:

Պարզվել է, որ նա Տեր֊Պետրոսանի հետ երբեմն թեյ է խմել։ Գլխավոր թիրախը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, մանավանդ, նա էր Տեր֊Պետրոսյանից հետո նախագահ դարձել, իսկ նրա դեմ ոխը շատ ավելի սրվեց, երբ Տեր֊Պետրոսյանի այն կանխատեսումը, թե ղարաբաղյան հակամարտության իր ծրագիրը չիրականանալու դեպքում երկրի վիճակը վատ է լինելու, չիրականացավ։ Հակառակը, իշխանափոխությունից հետո Հայաստանը և՛ արտաքին քաղաքականության, և՛ ներքին կյանքում լուրջ հաջողությունների հասավ, տնտեսությունը աճեց, աղքատությունը կրճատվեց, արտագաղթը կանգնեց, բանակցությունների մեջ ընդունվեց Արցախի ինքնորոշման իրավունքը, ցեղասպանությունը ճանաչեցին բազմաթիվ երկրներ, և երկրի դիրքերը այնքան ամրացան, որ գլխավոր հակառակորդներից մեկի՝ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն էլ նամակ էր հղում երկրի նախագահին՝ ակնկալելով ինչ-որ հարաբերություններ։

Իրենց ոխը լուծելու առիթ դարձան 2008֊ի նախագահական ընտրությունները: Հսկայական ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով՝ հնարավորինս ամբոխին գրգռեցին գործող իշխանության դեմ և մարտի 1֊ին վճռական ճակատամարտը տվեցին, արդյունքում եղան 10 զոհերը և հարյուրավոր վիրավորները։

Հիմա եկել է քենը լուծելու ժամանակը։ «Մարտի 1-ի» գործը քրեական չէ, քաղաքական է, որի բովանդակությունը մեկն է՝ քինախնդրությունը։

Մի բան եմ ուզում շեշետել՝ սա իրոք վենդետա չէ։ Վենդետան, վրեժը շատ մշակույթներում բարոյապես արդարացվում է՝ որպես արդարութան վերականգնում, սա քեն է, որը մարդկային մանր զգացումներից է առաջանում՝ նախանձ, հիշաչարություն և այլն։

— Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք կապ ունի 1998 թվի իշխանափոխության հետ։

— Չունի։ Բայց նա հասարակության այն անդամներից մեկն է, որի վրա ՀՀՇ-ն արդյունավետ աշխատեցրեց ատելության քարոզը։ Հերիք չէ՝ իշխանությունից զրկվել էին, նաև բացահայտվել էին ՀՀՇ֊ական շրջանակների ստեղծած բանդան ու ոճիրները, 2000֊ականներին 7 քաղաքական սպանությունների գործերով դատավարութուններ էին գնում։ Ուրեմն՝ ինչպե՞ս պատասխանել՝ մարդասպանը դու ես, թալանչին դու ես, մարտի 1֊ի արյունահեղութունն էլ գումարեցին և բամբասանքերով ու զրպարտություններով կերտեցին Քոչարյանի արյունարբու կերպարը։ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես գործիչ, ձևավորվել է այդ շրջանակների մեջ, ուր ատելության դոզայի ավելի մեծ չափաբաժին էր ստանում, այնքան մեծ, որ երկրի անվտանգութան պատասխանատվության, հասարակական համերաշխության հակաթույնը չի ազդում։

Այդ դոզան էլ դեր խաղաց, որ նա մղվեց ստանձնել մարտի 1֊ին ամբոխի հրամանատարությունը, բայց ճակատամարտում պարտվեց, և կանխատրամադրվածությանը գումարվեց նաև իր անձնական քենը։ Եվ ահա, 20 տարվա աշխատանքը իր պտուղները տվեց՝ Քոչարյանը բանտում է։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դավոսյան հանդիպման նախօրեին Հանրային հեռուստաըկերությամբ ցուցադրվեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը: Հաջորդ օրը վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց իր և Ալիևի հանդիպման մասին: Շատերը սա պատահականություն չհամարեցին՝ ասելով, որ տեղի է ունեցել ՀՀՇ-ի ռեվանշ, այլ կերպ՝ ԼՏՊ-ն իշխանության է եկել Փաշինյանի տեսքով: Արդյո՞ք Դուք սա պատահականություն եք համարում, թե՞ կարող ենք դիտարկել որպես պլանավորված քայլ:

— Չեմ կարծում, թե Դավոսի հետ կապ ուներ այդ հոլովակի ցուցադրութունը։ Ոչ, ուղղակի հասարակության աչքի առաջ փլվում է «Մարտի 1»-ի գործը, մարդիկ էդքան հիմար չեն, որ հեշտ խաբվեն, նրանց ականջները 10 տարի լցնում էին, թե մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտել, իսկ հիմա առանց բացահայտելու ավարտում են գործը՝ էն մեղադրանքով, որ պաշտպանության նապարարը հրաման է ստորագրել բանակը զորանոցային վիճակի բերելու մասին, և որ մարտի 1֊ին արտակարգ դրություն է մտցվել։ Այսինքն՝ հանցանքը այն է, որ չեն թողել՝ գեներալ Մանվելը իր ստորադասնրով ցուցարար դառնա, և որ կանխել են ամբոխային գրոհով իշխանությունը զավթելու փորձը։ Ուրեմն՝ պրոպագանդայի դոզա էր պետք, և այդ կեղծիքը եթեր գցեցին՝ տեսեք ֆիլմն էլ է ասում, թե ով է հանցագործը։

— Նշել էիք, որ ֆիլմը ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի շահերն արտահայտող քարոզչություն է, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ էր Հանրային հեռուստաընկերության եթերով ֆիլմի ցուցադրումը հենց այդ ժամանակ՝ հաշվի առնելով այն կարծիքները, որ ֆիլմի ցուցադրումը կարող էր իշխանության միջամտությամբ լինել: Սա օբեկտի՞վ մոտեցում է հեռուստատեսության կողմից։

— Մարտի 1֊ը Փաշինյանի կպչուն միտքն է այն աստիճան, որ ավերելով գնում է ՀԱՊԿ֊ում Հայաստանի դիրքերը, դատական համակարգը, բանակի բարձր հրամանատարական կազմին է նեղում, Արցախի հասարակութան մեջ անհանգստություն գցում, նաև այդ քարոզչական հոլովակը ցուցադրելով Հանրային հեռուստատեսության չեզոքությանն ու անաչառությանը հարված հասցրեց։ Նախորդ իշխանութունները ինչքան էլ հանրայինը իրենց շահերին ծառայեցնեին, մի սահման կար, որ չէին անցնում՝ ակնհայտ կեղծիք չէին հաղորդում, Փաշինյանը այդ սահմանն էլ հատեց։ Մինչև ո՞ւր կարող են տանել Փաշինյանին իր կպչուն մտքերը։ Պատասխան չունեմ։ Ասում են՝ նա ոչ մի թելադրանքի չի ենթարկվում, ինքնաբավ է։ Ոչ, նա ենթարկվում է իր քինախնդրության թելադրանքին, և այնքան ինքնաբավ չէ հասկանալու համար, որ համ էլ 1998֊ի քենն է լուծում, որի հետ ինքը կապ չունի։

— Օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետը հայտարարեց՝ «Մարտի 1»-ը բացահայտված է: Սակայն, ինչպես Դուք էիք նշել, ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ ֆիլմը 10 զոհերի մեղավորների մասին չի նշում: Ի՞նչ եք կարծում՝ նման հայտարարությունները հիմք չե՞ն ստեղծում անմեղության կանխավարկածի խախտման համար:

-Պարզվեց, որ իրենց համար բացահատված ամենևին էլ չի նշանակում սպանութունների բացահայտումը։ Իսկ անմեղության կանխավարկածը ամբոխավարությանն ու պոպուլիզմին խանգարող սկզբունքներից մեկն է, իսկ քանի որ Փաշինյանի գործիքը ամբոխավարությունն է, ապա կառավարման մյուս օղակներն էլ՝ ՀՔԾ, ԱԱԾ֊ն, նաև իր շուրջը ձևավորված հասարակական խմբերը ներգրավում է այդ սկզբունքի խախտման մեջ։ Եթե տնտեսական հեղափոխությունը չի ստացվում, ապա ո՞ւմ մեղադրի, ինքն իրեն մեղադրել չի կարող, ուրեմն, անընդհատ մեղավորներ է փնտրելու, ուրեմն, պիտի խախտի անմեղության կանխավարկածը։ Շրջանառության մեջ դրեց մեղավորության կանխավարկածը: Իսկ ո՞րն է դա, մեղավոր կարող են լինել բոլորը՝ բացի իրենից։

— Քոչարյանը մեղադրվեց ոչ միայն սահմանադրական կարգը տապալելու, այլև կաշառք ստանալու մեջ, մեղադրանք առաջադրվեց նաև նրա որդու նկատմամբ, ո՞րը կլինի հաջորդ քայլը։

-Տեսե՞լ եք՝ որևէ գործարար կաշառի մեկին, ով, հայտնի է, որ մի քանի օրից նախագահ չի լինելու։ Սիլվա Համբարձումյանը ասում է, թե 2008֊ի մարտին կաշառել է Քոչարյանին, իսկ նրա բանկային փոխանցումից 2 թե 3 շաբաթ առաջ արդեն նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Այս պատմության մեջ մի բան միայն կարող է ճիշտ լինել, որ Սիլվա Համբարձումյանը փոխանցում է արել Մայրապետյանին։ Թե ինչո՞ւ, գուցե պարզվի։ Բայց տարիներ անց, երբ Համբարձումանին հարցնեն՝ թե ինչու՞ եք սուտ մատնություն արել, նա էլի կասի, որ չխանգարեն իր գործարքին, և այս անգամ դա ճիշտ կլինի։ Պարզ առևտուր է եղել։ Փորփրել են, թե 2008֊ի մարտի 1-ի կողմերը ով ինչ փոխանցում է արել, և մեղավորության կանխավարկածով գործ սարքել։ Ասենք, եթե 2006֊ին եղած լիներ խոշոր փոխանցում, նրանց չէր հետաքրքրելու, քանի որ այդ ժամանակ մարտի 1֊ը չէր։

Ամբոխի սերը նրանց էնպես է տարել, որ հեչ հաշիվ չեն տալիս, թե ինչ անհեթեթ գործ են սարքում, մի գործի մեջ խցկում մարտի 1-ի արյունահեղությունն ու Համբարձումյանի՝ «արաբների հետ գործարքը»։ Գործում է էն պատճառահետևանքային կապը՝ եթե Քոչարյանի հետ հեռավոր առնչություն ունեցող մեկը 2008-ին փոխանցումով մեծ գումար է ստացել, ուրեմն, մարտի 1-ի հետ կապված է։ Մնացածը, թե ինչում է հանցանքը, պարտավոր են ձևակերպել ՀՔԾ-ԱԱԾ֊ները։ Նույնն էլ՝ նրա որդու գործը: Ասում էին՝ թալանել է երկիրը, մենք էլ հավատում էինք, էնքան քչփորեցին նրա ընտանիքի հաշվիները, վերջը «գտածը» հյուրանցի բիզնեսն էր, ՀՔԾ֊ն ինչ-որ հաշվապահական խախտումների մասին հայտարարություն է արել, որից բան չի հասկացվում, դրա մասին դատողություններ կարող են անել իրավաբանները։ Բայց պարզ է՝ ոչ թե փողերի լվացում են փնտրում, այլ աշխատացնում են մեղավորության կանխավարկածը։ Քոչարյանի դեմ քենն այնքան ուժեղ է, որ այն չի վերանա, եթե նույնիսկ նրա որդիները փոխանցումներ անեն վարչապետի կնոջ ֆոնդերին։

-Ռուսական մամուլը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը առաջին անգամ Քոչարյանին անվանեց քաղբանտարկյալ: ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն էլ իր հայտարարության մեջ ասել էր՝ Մարտի 1-ի քննությունը ընթանում է մարդու իրավունքների խախտմամբ՝ միաժամանակ հորդորելով զերծ մնալ քաղաքական դիսկուրսից: Ամենայն հավականանությանբ, Քոչարյանի գործը չի ավարտվի հայկական դատական համակարգով, ըստ Ձեզ՝ այս կարծիքները հաշվի առնելով ի՞նչ լուծում կտան Եվրոպական դատարանում: Ի վերջո՝ ե՞րբ կլինի այս ամենի տրամաբանական ավարտը:

-Արդեն հուլիսի 27֊ին, երբ կալանվորեցին Քոչարյանին, պարզ էր, որ նա քաղբանտարկյալ է։ Բայց և՛ գործի մանրամասները հայտնի չէին, և՛ հեղափոխությունը այնքան թարմ էր, և միջազգային հարթակներում գնահատականներ, կարծեմ, չեղան։ Ինչպե՞ս կավարտվի այս գործը, չգիտեմ, բայց ասեմ, որ սա միայն Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանանի հարցը չէ, սա հակամարտության պատմություն է, որ ձգվում է մինչև 1990-1991 թվերը, երբ ՀՀՇ֊ն գրավեց իշխանությունը և բառիս բուն իմաստով թալանեց երկիրը, և հազարավոր մարդկանց աղքատության մատնեցին։ Ով նրանց խոչընդոտում էր, վերացնում էին։ Իսկ իշխանությունը պահելու համար ընտրակեղծիքների համակարգը ստեղծեցին։ Նրանց, ճիշտ է, իշխանությունից հեռացրին ղարաբաղյան խնդրի հետ կապված, բայց պատճառը միայն դա չէր, այլ պատճառ էլ կար՝ Տեր-Պետրոսյանը շատ կուզեր հրաժարվել արցախյան կարգավորման տարբերակից, միայն թե մնար նախագահ։ Սակայն, պարզ էր, որ այդ նախագահով երկրի ապագան խավար էր։

Իշխանափոխությունից հետո, ճիշտ է, անարդարությունները չվերացան, տնտեսական փոխությունները շատերին չհասան, դժգոհություններն էլ շատ էին, բայց երբ 2007֊ 2008֊ին Տեր֊Պետրոսյանը կրկին իշխանության էր նետվում, դա ստիպեց հետադարձ հայացքով գնահատել այն բոլոր ձեռքբերումները, որ եղել էին նրան տապալելու շնորհիվ։ Մարտի 1֊ի սպանդն էլ նրանց դեմքն է, որ ոչ մի բանի առաջ պատասխանատվություն չունեն՝ բացի իրենց եսասիրությունից։ Բոլոր նրանք, ովքեր ապրել են ՀՀՇ֊ական իշխանության դաժան ու անարդար տարիները, ապա 1998֊ի իշխանափոխությունից հետո շունչ քաշել, իսկ հետո էլ՝ 2008֊ին մտավախություն ունեցել, որ նրանք վերադառնալու են, արժեր, որ թոթափեին տարիների պրոպագանդիստական աղբը և քաղաքացիական դիրքորոշում հայտնեին 28-ամյա պատմության ու նաև «Մարտի 1»֊ի գործի վերաբերյալ։

Զրուցեց Աննա Հովհաննիսյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: