Հայերեն   English   Русский  

ԵԱՏՄ-ում նախատեսում են կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը ստորագրել 2019թ.


  
դիտումներ: 1107

Եվրասիական տնտեսական միության կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2019 թվականին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը: Նշվում է, որ կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակային ապահովության ոլորտում ստեղծված իրավիճակը: Բացի այդ՝ ԵՏՀ նախարարը նշել է այն առավելությունները, որոնք կստանան աշխատողները համաձայնագրի ընդունումից հետո:

Այս պահին ԵԱՏՄ անդամ երկրներում գործում են կենսաթոշակային տարբեր համակարգեր: Տարբերվում են դրանց մոդելները, կենսաթոշակի իրավունքի պայմանները (կենսաթոշակային տարիք, ստաժ, անձնական կենսաթոշակային գործակից): Բացի այդ, Միության անդամ ոչ բոլոր երկրներում են ձևավորում ԵԱՏՄ տարածքում աշխատողների կենսաթոշակային իրավունքներ, ինչի արդյունքում քաղաքացիները, ովքեր աշխատել են Միության այլ երկրներում, կորցնում են իրենց կենսաթոշակի մի մասը:

«Համաձայնագրի վրա աշխատանք է տարվում մի քանի տարի: 2018թ. դեկտեմբերին ավարտվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցումը: Մոտակա ժամանակահատվածում պլանավորվում է այն ուղարկել Միության անդամ երկրներ՝ ներպետական ընթացակարգերի անցկացման համար, որոնք անհրաժեշտ են ստորագրման համար: Մենք հույս ունենք, որ 2019 թվականին փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Տիմուր Ժակսիլիկովը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ աշխատողների կենսաթոշակային ապահովությունը իրականացվելու է հավասար պայմաններում՝ անկախ նրանից, թե նրանք ԵԱՏՄ անդամ որ երկրում են աշխատել: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր պետություն անձին կենսաթոշակ կվճարի իր տարածքում աշխատելու ընթացքում վաստակած աշխատանքային ստաժի դիմաց:

Ժակսիլիկովը նաև նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է ԵԱՏՄ-ում քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: