Հայերեն   English   Русский  

​«Նոր իշխանությունների ճիշտ ժեստերից մեկը կլինի մամուլի միջոցներին հասցված վնասների փոխհատուցումը․ Տիգրան Հարությունյան


  
դիտումներ: 766

Իսահակյան 28 հասցեում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ այսօր հրավիրվել են Պետական գույքի կառավարման կոմիտե՝

քննարկելու լրատվամիջոցների տարածքների հետ կապված խնդիրները։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընդունել են կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու նրա տեղակալները։

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն՝ որպես այդպիսին, չկա։ Ուղղակի ասացին, որ հանդիպումից շատ ինֆորմացիա ստացան, որը պետք է ուսումնասիրեն և շարունակեն քննարկումները։ Նաև ասացին, որ ԶԼՄ-ներին իրենց տարածքներից հանելու խնդիր ի սկզբանե դրված չի եղել, պարզապես ուզում են վերանայել պայմաններն ու չափորոշիչները»,- Անկախ-ի հետ զրույցում ասաց«Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Տիգրան Հարությունյանը։

Հանդիպման ընթացքում կոմիտեի ղեկավարն առաջարկել է, օրինակ, որևս երկու-երեք տարի ԶԼՄ-ները շարունակեն աշխատել նույն պայմաններով, որից հետո կամաց-կամաց վարձավճարները կբարձրանան։

«Ես հարցրեցի՝ արդյունավետությունը Ձեզ համար փո՞ղն է, թե՞ այլ արժեքային համակարգ էլ կա։ Եթե փողն է, ապա այս խոսակցությունն արդեն իմաստ չունի, որովհետև Հայաստանում ԶԼՄ-ները,օրինակ առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ մրցակցության մեջ միշտ կպարտվեն, քանի որ աճուրդի կամ բարձր վարձավճարների պարագայում վերջինները հաստատ ավելի շատ կկարողանան վճարել այդ տարածքերի համար»,- ասում է Հարությունյանը։

«Նոյյան տապան»-ը Իսահակյան 28 հասցեում է 1991 թվականից։ Տիգրան Հարությունյանն ասում է, որ 90-ականների սկզբին հանրապետությունում համընդհանուր սեփականաշնորհման ֆոնին լրատվամիջոցներին թույլ չտվեցին իրենց տարածքները սեփականաշնորհել, մինչդեռ նախկին խորհրդային միության շատ երկրներում մամուլի միջոցներն իրենց տարածքները անհատույց սեփականաշնորհեցին։

«Հայաստանյան լրատվամիջոցները ևս դիմեցին, մեզ խոստացան, որ կանեն, բայց չարեցին։ Այն ժամանակ լուրջ հակամարտություն կար իշխանության և մամուլի միջև։ Խնդիր կար ամեն կերպ ճնշել ազատ մամուլը։ Մենք կռվեցինք, նախազգուշական գործադուլներ արեցինք և հասանք նրան, որ մեզ թողեցին մեր տարածքներում եւ սեփականաշնորհման փոխարեն առաջարկեցին անհատույց օգտագործում»։

Լրատվամիջոցները մնացին իրենց տարածքներում՝ անհատույց օգտագործման իրավունքով, որի պայմանագիրը առաջ 10 տարով էր, իսկ հետո դարձրին հինգ տարով, և ժամետը լրանալուց հետո վերակնքում էին՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Այդ լրատվամիջոցները վճարում են միայն տարածքի սպասարկման համար։ «Նոյյան տապան»-ը, օրինակ, ամսական 170 հազար դրամ է վճարում։

Տիգրան Հարությունյանը հիշում է, որ նախորդ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տարածքների հարցը բարձրացվեց, քանի որ արդեն այդ թեմայի շուրջ խոսակցություններ կային։

«Վարչապետն ասաց, որ տեղյակ չէ, և որ էդպիսի բան ընդհանրապես չպետք է լինի,- հիշում է նա,- ես նույնպես կարծում եմ, որ մամուլի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է, նամանավանդ անկախ մամուլի նկատմամբ և հատկապես նրանց, որոնք իրենց անկախ պահվածքի համար քաղաքական նկատառումներով հալածվել են բոլորնախորդ իշխանությունների կողմից՝ միտումնավոր դուրս շպրտվել շուկայից։ Հիշենք «Ա1 պլյուսի» և «Նոյյան տապանի» եթերազրկումը։ Ավելին, կարծում եմ, որ պետությունը պետք է փոխհատուցի այն վնասները, որ կրել են այդ մամուլի միջոցները։ Նոր իշխանությունների ճիշտ ժեստերից մեկը կլինի պետության անունից ներողություն խնդրելը և մամուլի միջոցներին հասցված վնասների փոխհատուցումը։ Չէ՞ որ ճնշումներն իրականացրել են տարբեր պետական մարմինների ձեռքերով։ Եվ կարեւոր չէ, որ այն ժամանակ պետության ղեկին այլ մարդիկ էին կանգնած։ Պատասխանատուն պետությունն է, և քանի որ նոր իշխանություններն ընտրեցին ոչ թե հեղափոխական փոփոխությունների, այլ իրավահաջորդության ճանապարհը, ապա այդ պարտականությունն այժմ նոր քաղաքական ուժի ուսերին է»։

Տիգրան Հարությունյանը նաև կարծում է, որ տարածքների սեփականաշնորհման հարցը կարելի է լուծել նաեւ այսօր՝ դրանով մասամբ լուծելով մամուլի նկատմամբ պետության կողմից իրականացված անարդարությունը։

«Անկախությունից ի վեր մամուլն աստիճանաբար, քայլ առ քայլ, պայքարի միջոցով նվաճել է իր ազատության աստիճանը։ Եվ եթե առաջ իշխանությունները մամուլին ճնշելու համար բիրտ ուժ էին կիրառում, ապա գոնե վերջին տասնամյակներում իշխանությունները սկսեցին ավելի նուրբ մեթոդներով հետապնդել մամուլին՝ օգտագործելով պետական տարբեր կառույցների լծակները և կոռումպացված դատական համակարգը։ Այս տարածքների հետ կապված հարցը, փաստորեն, մեր նվաճումներից մեկն էր ազատ մամուլ ունենալու ճանապարհին, որովհետև մեր շուկան այնքան փոքր է, որ ազատ մամուլի գոյությունը Հայաստանում շատ դժվարությունների հետ է կապված։ Այսինքն, եթե պետությունը շահագրգռված է ազատ մամուլ ունենալու հարցում, պետք է մամուլին աջակցելու պատրաստակամություն և ծրագիր ունենա։

Հույս ունեմ, որ այս իրավիճակը կշտկվի խորհրդակցելու, բանակցությունների ճանապարհով, այլապես լրացուցիչ նոր լարվածության առիթ կդառնա, իսկ մամուլի հետ խաղալ ուղղակի չի կարելի»,- եզրափակում է Տիգրան Հարությունյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: